Բելգիա. «18-ը 18-ին». օր հինգերորդ

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Արևոտ, անուշ եղանակ, ոչ մի ամպ չկար երկնքում. իսկական զբոսնելու օր էր։ Այդ ձևով էր Բելգիան ճանապարհում մեզ վերջին օրը։ Սովորական դարձած անձրևից ու ցրտից հետո՝ արդեն տարօրինակ էին թվում տաք արևն ու պայծառ երկինքը։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Բայց զբոսնելու փոխարեն՝ մենք բոլորով վազում էինք։ Ամեն մեկը վազում էր իր գործերով։ Շատ խառն էինք։
Վերջին օրվա համար մենք հսկայական միջոցառում էինք պատրաստել, ուր ներկա էին գտնվելու Բելգիայի վարչապետը, տարբեր երկրների դեսպաններ և անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ։ Նրանք հաստատ չէին սպասում, որ մեր միջոցառումը կլիներ այդքան հետաքրքիր ու բովանդակալից։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Բաժանված էինք տարբեր խմբերի՝ ըստ մեր նախընտրության ու կարողությունների. թատրոն, կինո, պար, խոհանոց, ձևավորում, ընդունելություն, ձեռքի աշխատանք, լրագրություն։

Թատրոնի խումբը մի ամբողջ ներկայացում էր բեմադրել կռվի ու այդ ընթացքում զինվորների կյանքի մասին։ Վերջին հատվածում բոլոր դերասանները (մեր ծրագրի մասնակիցները) միաժամանակ սկսեցին կարդալ իրենց մայրենի լեզվով գրած նամակներ՝ զինվորին ուղղված։ Շատ տպավորիչ պահ էր։ Պարը ուղղակի պար էր։ Արտառոց որևէ բան չնկատեցի։ Կինոյի հարցը մի քիչ ավելի բարդ էր։ Նկարած դրվագների մի մասը կորցրին, հետո ինչ-որ ձևով վերականգնեցին։ Ու ամեն ինչ նկարելուց հետո միայն սկսեցին մտածել սցենարի մասին։ Բանաստեղծության պես մի բան էին գրել, որ համապատասխանի նկարածին։ Հետաքրքիր էր ստացվել, բոլորը հավանեցին։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Ձեռքի աշխատանքի թիմը բաժանվել էր զույգերի, ու ամեն զույգ մի նկար պատրաստեց, որը կխորհրդանշեր խաղաղությունը։ Երկու ազգերի ներկայացուցիչների մտքերի խառնուրդից ծնված գործերը հետո ցուցահանդեսի դրվեցին դրսում։ Դնողն էլ հենց մենք էինք՝ ձևավորողների թիմը։ Երկու հոգով էինք այդ թիմում, ես ու արգենտինացի մի աղջիկ։ Բոլորի օգնությամբ՝ ժամանակին հասցրինք ամեն ինչ, սիրուն ձևավորեցինք ու այդպես սիրուն էլ դիմավորեցինք հյուրերին։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Սուրենը մամուլի խմբում էր: Իրենց հանձնարարված էր ծրագրի ընթացքում ստեղծել ամսագիր, որը փակման արարողության ժամանակ կպատմեր հյուրերին մեր ծրագրի, արշավների, դասընթացների մասին: Նաև իրենց էր վստահված մեդիադաշտը (Facebook, Instagram, Twitter): Սուրոն զբաղվում էի Instagram-ի էջով: Հետո թիմի անդամներով որոշեցին մեկ այլ ամսագիր ստեղծել մասնակիցների համար և այնտեղ զետեղել հետաքրքրաշարժ, ծիծաղելի իրադրությունները, իսկ վերջում մասնակիցների դիմանկարներով ստեղծեցինք մեր ամսագրի տարբերանշանը:

Ճոխ միջոցառումից, բուռն ծափահարություններից հետո եկավ դեսպանների ու այլ ներկայացուցիչների հետ ծանոթանալու ժամանակը։ Ես ու Սուրոն կատակում էինք, որ հայերը փող չունեն, այդ պատճառով ոչ ոք չկա Հայաստանի դեսպանատնից։ Իսկ մնացած մասնակից երկրներից բոլորը եկել էին։ Տխուր էր մի քիչ, բայց մենք «տակ չմնացինք», աջ ու ձախ խոսում էինք բոլորի հետ։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Իսկ արդեն երեկոյան ու գիշերը լրիվ ուրիշ պատմություն էր, որի մանրամասները բաց կթողեմ երևի (եթե հասկանում եք՝ ինչ նկատի ունեմ):

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Վերջին օրն էր, որ բոլորով միասին էինք։ Ահագին արցունքներ թափվեցին, շատ-շատ գրկախառնություններ տեսանք։ Ընդհանուր առմամբ՝ շատ լավ փորձ էր և՛ մշակութային տեսանկյունից, և՛ պատմական։ Մնում ենք «20 in 20» ծրագրին սպասելու ու նորից հանդիպելու հույսով։

Իսկ իրար հետ մենք կհանդիպենք: