Հալվա

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Մտքովս անցավ, որ այսօր հալվա պիտի ուտեմ…

Տատիկին շատ համոզելուց հետո՝ նա անցավ գործի… Դե, տարիքն իրենն ասում է, էլի. հալվայի բույրից իրեն լավ չի զգում, բայց քանի որ ես իր շատ սիրելի թոռնուհին եմ, չի կարողանում խնդրանքս մերժել:

…Պատրաստելու ընթացքում տատիկիս հարցեր էի տալիս. նա պատմում էր, որ հալվան հայկական ավանդական ուտեստ է, և հատկապես այն ժամանակ են պատրաստել, երբ ինչ-որ ուրախ տոնակատարություն է եղել կամ ուղղակի հենց այնպես:

Տատիկը պատմում է, որ հալվան սարքում էին հասանիքի ժամանակ: Երբ աղջիկը հարս էր գնում, իր հետ մի շարք ուտեստներ էր տանում, որոնց մեջ էր նաև հալվան, որը քաղցրացնում էր հարսին և փեսային: Նաև աղջկա հարսանիքի ժամանակ շատ հալվա են պատրաստում, ափսեների մեջ զարդարում և պարացնելով նվիրում են տղայի հարազատներին… Տյառնընդառաջի ժամանակ սկեսուրը և, ինչու ոչ, նաև զոքանչը պատրաստում էին հալվա և քաղցրացնում բոլոր հյուրերին: Հետո գարնան Զատիկին՝ նորահարսների դարձի ժամանակն է: Մի քանի օր աղջիկը ծնողների տանը մնալուց հետո՝ սկեսուրը քաղցրավենիքներ՝ հալվա, գաթա պատրաստելով, գնում է հարսին բերելու տուն:

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

-Իսկ հիմի, բալա ջա՛ն, ով բաշարում ա՝ սարքում ա հալվա ու պահում ա էդ ավանդույթները, ով չի բաշարում՝ չի անում:

Ինչպես տատիկն է ասում. «Ես հայկական ավանդական ուտեստները պահպանում եմ, և ինչի չէ, ով ուզում ա՝ սովորացնում եմ: Չնայած ջահելները էն ժամանակվա ուտեստները չեն ուտի… Բայց Աստված տա՝ չմեռնեմ, սաղ մնամ, եղբորդ հարսանիքի սինու մեջ պարտադիր դնելու եմ հալվա, որ ուտեն՝ բերանները քաղցրացնեն, որ մորդ շատ սիրեն»:

Հիմա անցնենք պատրաստմանը: Սկզբում տատիկը հալեցրեց յուղը, հետո ավելացրեց ալյուրը, հետո սկսեց մեկնաբանել, թե ինչ է անում.

-Լա՜վ խառնում եմ, բովում ալյուրը, մինչև կարմրի: Բալե՛ս, նախօրոք սարքում եմ մեխակով, դարչինով համեմված շիրեն, իսկ երբ կարմրում ա ալյուրը, շիրեն կամաց լցնում եմ բոված ալյուրի վրա, խառնում և լցնում ափսեների մեջ…

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Ա՛յ, այս մասն է ինձ դուր գալիս, որ տատիկը իր կոշտացած ձեռքերով մի կտոր լավաշի կամ գդալի օգնությամբ տմբտմբացնում և ամրացնում է ամանի մեջ հալվան, հետո վրան կոնֆետներ շարում, իսկ հետո… Չես կարող համի գայթակղությանը դիմանալ… Իսկ տատիկն ասում է. «Ով շատ է ուզում ձևը տեսնի, թող գա՝ սարքեմ, տեսնի, ուտի, կշտանա»։