Lilia Apresyan

Երբ Հայաստանն ուղիղ գիծ էր

Տարիներ առաջ, երբ փոքր էի, ամեն անգամ պատերազմի մասին լսելիս հետաքրքրությանս չափ ու սահման չկար: Միշտ միջամտում էի մեծերի խոսակցությանը, ամեն կերպ ուզում էի հասկանալ պատերազմի էությունը: Գիտեի, թե պատերազմն էն ա, որ հայերն ու թուրքերը կանգնում են դեմ դիմաց ու սկսում իրար կրակել: Երբ ինչ-որ մի առիթով հավաքվում էինք բարեկամներով, պարտադիր միշտ խոսակցություն էր բացվում Արցախյան ազատամարտի մասին: Ու էդ պատմությունները ինձ շա՜տ էին հետաքրքրում: Հետաքրքիր էր հատկապես «նկուղային» կյանքն ու մոմի լույսի տակ մի կերպ յոլա գնալը:

Իսկ Հայաստանն ինձ համար մի ուղիղ գիծ էր, որի ամենածայրում մեր գյուղն էր, իսկ մեզանից հետո սկսվում էր մի ուրիշ գիծ, էդ էլ Ադրբեջանն էր: Գիտեի, թե մեր գյուղից հետո էլ Հայաստան չկա:

Անցան տարիներ: Հայաստանի ուղիղ գիծ լինելու պատկերացումներս վերացան, պատերազմ վարելու ձևը՝ նույնպես: Սահմանն օրեցօր լարվում էր, զոհված զինծառայողների անունները՝ ավելանում: Իսկ երբ արդեն խոսք էր գնում սպառնացող պատերազմի մասին, ամեն կերպ ժխտում էի (կամ էլ ինձ հույս էի տալիս), որ չի կարող պատերազմ սկսվել:

Էսպես անցնում էին օրերը: Հայաստանի, հայ ժողովրդի ու, ընդհանրապես ամեն ինչի մասին պատկերացումներս փոխվում էին, բացի պատերազմ սկսվելու հավանականությունից: Ուղեղիս ծալքերում ոչ մի կերպ չէր տեղավորվում էդ փաստը, մինչև… Մինչև եկավ ապրիլը:

Ամսի երկուսն էր, սովորականի նման դպրոցում էինք ու պատրաստվում էինք Գրիգոր Խանջյանին նվիրված «Հայից հայը» խորագրով միջոցառմանը: Փաստորեն, մինչ մենք տարված էինք փորձերով, արդեն սկսվել էր իմ ուղեղի ծալքերում ոչ մի ձև չտեղավորվող պատերազմը: Պատերազմը…

Սովորականից շուտ գնացինք տուն: Սկզբից ոչ մի արտասովոր բան չկար: Մտածում էի. «Դե, միշտ էլ սենց ա էլի եղել, շատ որ՝ էս անգամ մի քիչ մեծածավալ ա»:

Արդեն երկու օրից համակարգիչն ու հեռուստացույցը դարձել էին իմ ամեն րոպեի վկաները՝ ինչ-որ նոր ինֆորմացիա կորզելու համար:

Ամեն վայրկյան մտքով դիրքերում էի, Տղերքի կողքին: Նրանց հետ կռիվ էի տալիս թուրքի դեմ, նրանց հետ ընկնում էի, նրանց նման իմ սիրտն էլ էր խոցվում թշնամու գնդակներից: Միակ տարբերությունն այն էր, որ սրանք զուտ իմ պատկեացումներն էին, իսկ Տղերքը կանգնած էին սահմանին, հող էին պաշտպանում, էդ հողը ներկում արյունով, ընկնում էդ հողի համար…
Անցան օրեր, ամիսներ, մի տարի… Պատերազմի վտանգը երևի անցել է, չգիտեմ:

Ես արդեն էլ չեմ ժխտում, որ պատերազմը միշտ մեզ հետ է, մեր կողքին և մի օր կարող է քնած հրաբուխի նման հանկարծ ժայթքել, ինչպես ապրիլին էր, մի տարի առաջ…