argam movsisyan

Գնան ու էլ ետ չգան այդ օրերը…

Իմ ընտանիքի հինգ անդամներից երեքը՝ հայրս, մայրս և տատս, այսօրվա պես են հիշում 1988 թվականի դեկտեմբերի 7-ի չարաբաստիկ ու ահասարսուռ եղելությունը: Ապրում էին Վանաձորում: Նրանք դառնությամբ են պատմում այդ օրերի դեպքերը: Տատս ամենայն մանրամասնություններով է այն ներկայացնում ու բավարարում իմ հետաքրքրասիրությունը:

-Առավոտվա հանդարտ ժամերից էր: Կյանքում չէիր պատկերացնի, որ երկրաշարժը մարդկանց խաղաղ կյանքը կփչացներ: Լա՜վ եմ, է, հիշում. ժամը ուղիղ 11:45 էր: Ոտքերիս տակ սկսեց էնքան ուժեղ դղրդալ, որ քիչ էր մնում ընկնեի: Տանը երեքով էինք. ես ու հորաքույրներդ:  Իմ միակ խնդիրը նրանց արագ տնից հեռացնելն էր: Հանկարծ ահավոր ուժեղ շրմփոց եկավ: Հյուրասենյակում լատվիական կոմոդ ունեինք՝ մեծ ու ծանր: Ընկավ, ու ամեն ինչ փշուր-փշուր եղավ: Ես սարսափած էի: Արագ դուրս վազեցինք: Բակում արդեն լիքը ժողովուրդ էր հավաքվել՝ մեծ, փոքր, կին, երեխա: Լացի ու տագնապի ձայն էր չորս կողմը: Հարևանուհուս ամուսինը տանը քնած էր, իսկ ինքը չէր կարողանում արթնացնել : Շուրջը  քաոս էր: Ու հետո էլ չեմ հիշում՝ երբ ավարտվեց, ու երբ ամեն ինչ հանդարտվեց:

Ավելի տարբեր են հորս ու մորս պատմածները: Նրանք դեռ դպրոցական էին այդ տարիներին: Հայրս պատմում է.

-Յոթներորդ դասարան էինք: Հիշում եմ, որ կենսաբանության դասաժամ էր: Այդ ժամանակ դեռ շատ բան չգիտեինք երկրաշարժի մասին ու չէինք պատկերացնում, որ դա էդքան աղետալի կլինի: Դե, պաշտպանվելու մասին էլ չեմ ասում. Ի՜նչ ապաստարան, ի՜նչ բան… Մեր իմացածը մենակ սեղանի տակ մտնելն էր: Այն էլ՝ էդ նեղ պահին մենք միայն խուճապի մատնվեցինք: Մինչև մենք՝ երեխեքս, գլխի կընկնեինք, թե ինչ էր կատարվում, մի քանի վայրկյանում մեզ դուրս հանեցին:  Ահագին վնասվեց դպրոցի շենքն էդ մի քանի րոպեներին: Մինչև հիմա աչքիս առաջ են ողբալի էն դրվագները, երբ 10 տարեկան եղբայրը ամբողջ բակով քրոջն էր ման գալիս ու չէր գտնում: Դրանք դժոխային պահեր էին ողջ ժողովրդի համար:

Մայր պատմում է, որ պապիկս այդ ընթացքում գյուղում մենակ ապրելիս է եղել, ու որ նրանք ավելի շատ անհանգստացած էին պապիկի համար.

-Պարզվեց, որ գյուղում նրանց օգնություն էին ցուցաբերել սննդով ու հագուստով: Այդտեղ համարյա տուն չէր մնացել. ամեն տեղ ավերակներ էին: Սուր ցավով եմ հիշում մի դեպք, որ մինչև հիմա աչքերիս առջևից չի հեռանում: Գյուղացի ծերունի էր: Կորցրել էր թե՛ տունը, թե՛ ընտանիքի հինգ անդամներին: Նա կողք կողքի շարած՝ երգում ու պարում էր նրանց դիակների շուրջ: Խելագարվել էր…Այդ տեսարաններից հետո դժվար է պատկերացնել այդ մարդկանց վիճակն ու դրությունը: Հիշում եմ նաև, որ երկրաշարժին հաջորդող ամիսներին գյուղերում շատ կտեսնեիր կռնատ ու անոտ մարդկանց:

Վշտով ու դառնությամբ են նրանք հիշում քսանինը տարի առաջ կատարված այդ մղձավանջը, որն ավերեց Հայաստանի հյուսիսը: Տատս ամեն անգամ պատմածի վերջում ավելացնում է.

-Գնան ու էլ երբեք ետ չգան այդ օրերը, տղա ջան…