anush hovhannisyan

Գնում են

2:30 էր: Շտապում էի տանից դուրս գալ, քանի որ պայմանավորվել էի հարցազրույցի համար: Դուրս եկա կանգառ, որպեսզի երթուղայինով շուտ հասնեմ Արմավիրի մյուս ծայրը: Իսկ երթուղայինը ուշանում էր, կամ միգուցե դա իմ շտապողականության արդյունքն էր: Վերջապես եկավ, բարձրացա, զբաղեցրի իմ ամենասիրած տեղը` ամենավերջում պատուհանի մոտ, դրեցի ականջակալներս ու հարմար տեղավորվեցի, բայց երաժշտության ձայնը շատ կամաց էր, որպեսզի լսեի մարդկանց խոսակցությունը. միգուցե մի հետաքրքիր պատմություն ծնվեր: Դե, դա էլ ապագա լրագրողի հետաքրքրասիրության արդյունքն է:

Վարորդը ինչ-որ մեկի հետ էր վիճում, գոռգոռում էր այնպես, որ երաժշտության ձայնը բացարձակ խոչընդոտ չհանդիսացավ լսելու համար:

Հանկարծ ընթացքը դանդաղեց, ու մեքենան կանգ առավ ավտոկայանում: Պետք էր ինչ-որ մեկին սպասել, իսկ ես արդեն ուշանում էի: Բարկացած պատուհանից դուրս էի նայում, երբ աչքս ընկավ քիչ հեռվում խմբված մարդկանց: Երկու ավտոբուս էին կանգնած, մարդիկ շրջապատել էին այն, հետո սկսեցին գրկախառնվել, մի քանիսը անգամ լաց եղան, չհասկացա՝ ինչ էր կատարվում: Այսքան ժամանակ ապրում եմ այս քաղաքում ու չգիտեի, թե ինչ վայր էր դա, ու ինչու էին մարդիկ հրաժեշտ տալիս իրար: Բարձրախոսը թույլ չտվեց, որ հարցս մնար անպատասխան.

-Դեպի Ռուսաստանի Դաշնություն գնացող ուղևորներին խնդրում ենք տեղավորվել…

Այ, հիմա ամեն ինչ պարզ էր: ԱՐՏԱԳԱՂԹ: Ամեն անգամ, երբ այդտեղով անցել եմ, միշտ նկատել եմ մարդկանց բազմություն, բայց կարևորություն չեմ տվել: Մտածել եմ. Դե, ավտոկայանն է, մարդիկ գյուղերից են գալիս կամ գնում: Եվ ահա, հիմա ինձ համար ամեն ինչ պարզ էր:

Վարորդը գործի դրեց շարժիչը, ու մենք հեռացանք, կարծես կիսատ թողնելով այդտեղ գտնվողների պատմությունները: Գնացինք, առանց հեռվից հրաժեշտ տալու մեր կողքին ապրող մարդկանց, մեր համաքաղաքացիներին, ովքեր քաղաքի շունչն էին, բայց թողնելով այն գնում են շատ հեռու՝ չիմանալով, թե ուր և ինչի հետևից:

Քաղաքս քիչ-քիչ դատարկվում է, փողոցները սակավամարդ են դարձել, շատացել են շենքերը, որոնց վրա «Տրվում է վարձով կամ վաճառվում է» ցուցանակներ են փակցրած:

Երթուղայինում լռություն տիրեց: Վարորդն էլ չէր գոռգոռում: Կարծես վախենում էր, որ իր գոռգոռոցից նեղացած, մի քանիսն էլ ճամպրուկները կհավաքեն… Ուզում էի հանել ականջակալներս ու ասել՝ ես չեմ գնա, կմնամ ու կապացուցեմ, որ ինչքան էլ մեր քաղաքը խամրի ու թվաքանակով քչանա, մի օր մեր շնորհիվ հաստատ կփայլի ու կլցվի մարդկանցով: Չասացի…