Դարբին Արտակը

Ճամբարի երկրորդ օրն էր, չնայած-որ բոլորին թվում էր, թե մի ողջ կյանք այստեղ ենք: Վարպետության դասից հետո գնացինք մոտակա՝ Արզական գյուղ, ֆոտոներ անելու և, այսպես ասած, «հետախուզության»: Մեր առաջադրանքն էր` գտնել հնարավոր ամեն ինչ ու ամեն մարդու, ում կամ ինչի մասին կարելի էր վավերագրական ֆիլմ նկարել: 

Հասանք տեղ մոտ 20 հոգով, չնայած նախատեսված էր 12 հոգի: Դե, հիմա հայ ենք, մի քանիսը այսպես ասած, «բագաժնիկում», մի քանիսը իրար գիրկ, «ուլում-զուլումով» հասանք տեղ: Բաժանվեցինք երկու թիմի ու գնացինք հետախուզության:

Մի քիչ մեր «գիդի» օգնությամբ շրջելուց հետո… Մինչ ասելը ասեմ, որ մեր «գիդը» մոտ տասից-տասներկու տարեկան տեղացի տղա էր: Ըհըն, շրջեցինք ու… Էվրիկա: Ի՞նչ գտնենք, որ լավ լինի: Մի ընտանիք, որում դարբնությունը սերնդեսերունդ փոխանցվող գործ, կամ ինչպես տոհմի ներկայիս՝ հինգերորդ ներկայացուցիչ դարբին Արտակն ասաց, սիրելի հոբին էր: Ուրեմն, էդ մարդը, ժողովուրդ, քսանից ավելի տարի փոխտնօրեն է աշխատել Աղվերանի հյուրանոցներից մեկում ու կտրուկ անցել է դարբնի աշխատանքին: Եվ հարցին, թե դժվա՞ր չէր, արդյոք, այսպես ասված «վերևներից« կտրուկ ընկղմվել ծանրության մեջ, նա հեշտ ու հանգիստ պատասխանեց, որ չէ, առանձնակի դժվարություն չկար: Հիմա խնդրում եմ ծափահարել այս մարդուն, հա-հա, տեղներումդ նստած ծափահարեք, իրոք արժանի է: Ծափահարեցի՞ք, ապրեք դուք: Շարունակեմ պատմությունս:

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Ես ու մեր աղջիկներից մեկը՝ Կարինեն, դարբնից հարցազրույց վերցրինք, ու հետաքրքրված լինելով նրա գործունեությամբ, ասացինք, որ պատրաստ լինեն: Միգուցե և ֆիլմ նկարենք: Բայց միգուցեն ո՞րն ա: Վերադարձանք մեր հյուրանոց, ու գաղափարների քննարկման ժամանակ ես ու Կարինեն առաջարկեցինք, որ այդ ֆիլմը նկարվի: Ի ուրախություն մեզ՝ հավաքվեց նկարահանման թիմ, ու արդեն հաջորդ օրը մենք էլի գնացինք վարպետ Արտակենց տուն: Նկարեցինք ֆիլմը, մեզ ձմերուկ ու ծիրան հյուրասիրեցին:

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Մենք սկզբում համեստորեն հրաժարվեցինք, սակայն հետո վերջիվերջո չդիմացանք այդ քաղցր գայթակղությանը: Ժամը վեցի կողմերն արդեն ֆիլմի նկարահանման փորձ ունենալով, մենք վերադարձանք մեր շատ սիրելի հյուրանոց:

Չգիտեմ, մոտ կամ հեռու ապագայում ես ինչ կհիշեմ կամ ինչ կմոռանամ, բայց վարպետի մրոտ ձեռքերն ու շիկացած երկաթը հաստատ իմ մեջ երկար կմնա: Երևի թոռներիս էլ կպատմեմ: