Դարձիր կամավոր

«Կամավորությունը օգնում է ձերբազատվել մի շարք կոմպլեքսներից, ստանում ես նոր գիտելիքներ, նոր հմտություններ դրանց շնորհիվ»:

“DARK Company” կամավորական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Արմեն Ծատուրյան

Գործունեություն, երբ անհատը կամ անհատների խումբը անում  է որևէ բան առանց ֆինանսական շահ հետապնդելու, ընդունված է անվանել կամավորություն: Հայաստանյան հասարակությունում վերջին շրջանում կամավորական աշխատանքները, կազմակերպությունները և ընդհանրապես կամավորները ծավալում են լայն գործունեություն:

Կամավորական աշխատանքների մասին խոսել ենք հայկական “DARK Company” կամավորական կազմակերպության հիմնադիր-տնօրենի Արմեն Ծատուրյանի հետ:

-Որպես կամավորական կազմակերպության տնօրեն, ի՞նչ եք կարծում՝ կամավորության մշակույթը Հայաստանում զարգանո՞ւմ է:

-Միանշանակ զարգանում է: Մի փոքր վիճակագրություն ունենք հենց մեր կառույցի արդյունքների հիման վրա, որը ցույց է տալիս այդ աճը: Բացի այդ էլ, երիտասարդների շրջանում է նկատելի այդ աճը: Երիտասարդները ավելի շատ են սկսել հետաքրքրվել կամավորությամբ, որը գովելի է ըստ իս: Հարկ է նշել նաև, որ 2017, 2018, 2019 թվականների համեմատ՝ արդեն 2020, 2021 թվականներին կամավորական աշխատանքով զբաղվում են ոչ միայն 16 և դրանից բարձր տարիքային խմբի երիտասարդները, այլ նաև ավելի փոքրերը: Ցանկություն են հայտնում, կամավորագրվում և զբաղվում կամավորական աշխատանքներով:

-Փաստորեն  հարցիս՝ արդյո՞ք երիտասարդները մասնակցություն ցուցաբերում են ֆինանսական շահ չհետապնդող աշխատանքներին, կարող ենք հանգիստ ասել՝ այո:

-Լինում են դեպքեր, երբ կամավորները մասնակցում են նաև վճարովի հիմունքներով կամավորությունների: Վստահ եմ՝ սա մեծ ձեռքբերում է Հայաստանի համար: Օրինակ՝ Գերմանիայում ու մի շարք այլ երկրներում արդեն 2-3-րդ կամավորական աշխատանքներից հետո կամավորները իրենց մասնակցած միջոցառումների համար ստանում են որոշակի չափով գումար:

-Կարո՞ղ է հասարակության յուրաքանչյուր անդամ զբաղվել կամավորութամբ, թե՞ կան բացառություններ: Եթե այո, ապա կխնդրեի մանրամասնեք:

-Ոչ, չկան, բոլորն անխտիր կարող են մասնակցել, համենայնդեպս մեզ մոտ: Իհարկե, լինում են աշխատանքներ, որոնք նախատեսված են օրինակ որոշակի շրջանի մարդկանց համար, բայց դա արդեն ուրիշ հարց է: Իսկ ընդհանուր առմամբ, բոլորն էլ ունեն իրավունք զբաղվել կամավորական աշխատանքներով:

-Հիմա մի փոքր կուզեի, որ անդրադառնաք ձեր կամավորական խմբին: Ի՞նչ պատմություն ունի այն:

-«DARK Company»-ին հիմնադրել ենք բավականին վատ շրջանում, երբ ունեինք ընդամենը 2 անդամ: Հետո բազմաչարչար աշխատանքների, թիմային նվիրումի ու նպատակի կենտրոնացման շնորհիվ մենք բարելավեցինք մեր դիրքերը՝ դառնալով տարածաշրջանում ամենապահանջվածներից ու ամենահայտնիներից մեկը (որոշ ժամանակ առաջ կվախենայի սա հայտարարել, բայց հիմա վստահորեն կարող եմ փաստել):

Այժմ «Դարք»-ը ունի տարեկան 500-700 հայտ, որից 80-100-ն են ընտրվում մեզ մոտ կամավոր աշխատանքների համար: Իհարկե, կա ցանկություն բոլորին ընձեռնել հնարավորություն մասնակցել մեզ մոտ կամավորական աշխատանքների, բայց մեր ռեսուրսները չեն բավականացնի բոլորին ապահովել դրանով:

Իրականում ես «Դարք»-ին վերաբերում եմ ոչ թե կառույց, այլ դիտարկում եմ այն մի մեծ ընտանիք, որտեղ բոլորը բոլորին օգնում են: Մենք հնարավորություն ենք տալիս մեր կամավորներին իրենց պրոյեկտները իրականացնել, օգնում ենք տարբեր հարցերում, ինչպես նաև փորձում ենք բացել իրենց համար նոր հորիզոններ: Հարկ կհամարեմ նշել, որ «Դարք»-ը շուտով կունենա իր հեռուստաշոուն, որտեղ ներգրավված կլինեն մեր կամավորները: Սա շարունակական բնույթ է կրելու, և մեր կամավորները կկարողանան  տարբեր հեռուստանախագծերում փորձել իրենց տարբեր հաստիքներում: Սա կարող է հետագայում վերածվել նաև աշխատանքի կամավորների համար:

-Իսկ բացի այդ մեկից ուրիշ ի՞նչ աշխատանքների հնարավորություն է տալիս կամավորությունը:

-Բնականաբար, բացի վերը նշվածից, «Դարք»-ի միջոցով  շատ ու շատ կամավորներ են ընդունվել աշխատանքի: Պատասխանեմ այս ձևով՝ «Դարք»-ի նպատակը շատ կամավորական աշխատանքների մասնակցելը չէ: Մենք ստանում ենք շատ-շատ ծրագրերի խնդրանք-հրավերներ, բայց մասնակցում ենք դրանց 40-50%-ին: Այս կամավորական աշխատանքների ընթացքում մեր նպատակն է ընտրել կամավորների, երիտասարդների ու իրենց հետ շարունակել մեր ճանապարհը: Արդեն ունեցել ենք նման մի քանի օրինակ: Մեր փոխտնօրեն Վիկտորիա Մշեցյանը առաջին հայտով չի ընդունվել մեզ մոտ, ապա կրկին հայտ լրացնելուց հետո սկսել է անդամակցել, դարձել տարվա լավագույն կամավոր, հետո թիմլիդ ու արդեն մոտ մեկ տարի է՝ «Դարք»-ի տնօրինության բաղկացուցիչ մասն է:

-Ինչո՞ւ է կամավորությունը կարևոր, և ինչո՞ւ պիտի երիտասարդները զբաղվեն դրանով:

-Առաջին անգամ, երբ դու զբաղվում ես կամավորական աշխատանքով, դու հայտնվում ես տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց շրջանում, շփվում ես իրենց հետ, ու արդեն դա օգնում է քեզ հետագա մասնագիտական կողմնորոշման հարցում: Օգնում է ձերբազատվել մի շարք կոմպլեքսներից, ստանում ես նոր գիտելիքներ, նոր հմտություններ, որոնցից են հաղորդակցման ճիշտ մեթոդիկան, նոր միջավայրում ճիշտ դրսևորվելը: Այս բոլորը ամեն երիտասարդի կայանալու համար շատ պետք է: Ու ամենակարևորը, որ կհավելեի, դու ստանում ես շատ կապեր հետագայի համար:

Նկարները վերցված են DARK Company/ Դարք ֆեյսբուքյան էջից: