marine israyelyan

Դժվար է մտածել, որ սխալվեցի

Կորցնել մարդուն սարսափելի բան է, բայց ավելի սարսափելի է, երբ կորցնում ես մարդուն բարոյապես, գիտակցելով նրա ֆիզիկական գոյը` հրաժարվում ես բարոյական բարձրարժեքությունից, որն ինքդ էիր դրել նրա մեջ` միամտաբար կարծելով, թե նա կարող է այդ արժեքի կրողը հանդիսանալ:

Ահա այսպես ես կորցրեցի ընկերուհուս:

Մենք դասընկերներ չէինք և ոչ էլ ամենօրյա շփում ունեինք: Կյանքը մի դիպվածով ծանոթացրեց մեզ, և ձևավորվեցին բավական ջերմ հարաբերություններ: Մեր ընկերությունն օճառային չէր` հիմնված մակերեսային հումորների, քրքիջների, այլոց մասին բամբասանքների ու անձնական հարցերը բարձրաձայնելով հեղինակություն գրավելու վրա (ներեցեք ինձ, բայց մերօրյա իրականությունը այդպիսի բազում օրինակներ ունի):

Ես ու հիշյալ անձնավորությունը, որին կսկիծով, բայց ձեռքս այլևս չի կարող ընկեր անվանել, մտերմացանք դանդաղ, ժամանակ պահանջվեց միմյանց ներաշխարհը դիտելու համար, և ափսոսում եմ` հոգում այդքան գանձերի հետ ինչպես առավ նա էժանության սերմեր:

Մենք համագործակցում էինք բազմաթիվ միջոցառումների կազմակերպման գործով, թեժ քննարկումների միջոցով գտնում լավագույն տարբերակները, և բացի այդ, երբեք չէի կարող պատկերացնել, որ ընկերոջ երջանկությունը այդքան թանկ կարող է լինել, որ ամեն անգամ այդ մասին խորհելիս իմ սիրտն էլ երջանկություն ճառագեր` անշահ երջանկություն շահերի աշխարհում:

Դժվար է մտածել, որ ես սխալվեցի մարդուն ճանաչելու գործում, գուցե կյանքը հանկարծակի փոխեց նրան, այնքան, որ մեր ընկերությունը պղտորեց` իջեցնելով մինչև քաղաքականության ճենճահոտ հարթակ: Լսեցի ձայնը` մտքով տեսնելով աչքերի մեջ արտացոլված հոգու անկումը: Եվ նորից ապացուցվում է, որ կյանքում վայրկայնների ընթացքում կարելի է հիմնահատակել տարիների տքնանքը: Սուր իջավ ու կտրեց ընկերության ոսկե թելը, և թերևս լավ է, որ կտրեց, քանի որ մի ծայրից այն սկսել էր փտել. անհավատալի է, բայց երբեմն ոսկին էլ է փտում: