serine harutyunyan

Դու էլ ես լավը

Եթե ինձ հարցնեն, թե աշխարհում ինչն եմ ամենաշատը սիրում, ես առանց մի վայրկյան անգամ մտածելու կպատասխանեմ ՝ մանուկների պարզությունն ու անկեղծությունը, նրանց հոգու մաքրությունը, միամտությունը: Երևի բոլորն են փոքր ժամանակ այդքան լավն ու բոլորին սիրելի լինում: Ու երևի ինձ նման՝ շատերն են սիրում այդ փոքրիկներին: Փորձեք նույն հարցը տալ մեծերին ու փոքրերին: Շատ դեպքերում 6-7 տարեկան երեխայի պատասխանը ձեզ ավելի դուր կգա, քան ավելի մեծ տարիքի մեկինը:

Մեծերը շարունակ բողոքում են ինչ-որ բանից, շարունակ դժգոհում, իսկ փոքրե՞րը: Նրանց պատասխանները երբեմն քեզ ուժ են տալիս առաջ գնալու: Նրանց պատասխանները ամենաանկեղծն են, ամենապարզը: Երբեմն ավելի շատ նախընտրում եմ զրուցել փոքրերի, քան թե հասակակիցներիս հետ: Փոքրերի հետ դու էլ ես փոքրանում, անկախ քեզանից մտքերդ էլ՝ ավելի անկեղծ են դառնում:

Դասամիջոցներին հաճախ եմ գնում մեր ամենափոքրիկ դպրոցականների դասարան, մանավանդ, որ նրանցից շատերն արդեն ճանաչում են ինձ, ու միջանցքում կամ փողոցում տեսած ժամանակ էլ այնպես ջերմ ու անկեղծ են ժպտում, որ կարծես այս սառնամանիքին ամառային ջերմություն են սփռում շուրջս: Մի ժպիտ, ու ես մոռանում եմ, որ հոգնած եմ, որ շատ դաս ունեմ: Սիրում եմ փոքրիկներիս, սիրում եմ, երբ միջանցքում ինչ-որ մեկը մոտենում է, իր փայլուն աչուկներով նայում ինձ ու ամաչելով ասում. «Բարև, ո՞նց ես…»: Դե արի ու մի ժպտա, արի ու էլի շարունակի ցրտից դողալ այդքան ջերմությունից հետո…
Էլի փոքրիկներիս դասարանում էի, նայում էի նրանց խաղին, բայց մտքերով մի ուրիշ տեղ էի: Չգիտեմ ինչու, մտքովս անցավ, որ մի քանիսին հարցնեմ, թե ով է իրենց հերոսը: Տղաներից մեկին ասում եմ.
-Սամսո՞ն, մի հարց տամ՝ կպատասխանե՞ս:
-Չէ՛:
-Բայց ինչի՞, ընդամենը մի հարց:
-Չէ՛:
-Սպասի, մի վազիր: Դու ինձ չե՞ս հիշում:
-Չէ՛:
-Չե՞ս հիշում, որ մի քանի ամիս առաջ ձեր տուն լիքը մարդիկ էին եկել, որ կինո էին նկարում ձեր հարևանի ապաստարանում:
-Հա, հա, հիշեցի: Դու էլ էիր եկել իրանց հետ:
-Հա, հա, ես էլ էի եկել: Հիմա մի հատ հարց տամ՝ կպատասխանե՞ս:
-Հա:
-Ինձ կասե՞ս՝ ո՞վ է քո հերոսը:
-Հերո՞սը, էդ ո՞րն ա:
-Դե, հերոսը այն մարդն է ում դու շա՜տ-շա՜տ ես սիրում, ում ուզում ես նմանվել, ով քեզ համար ամենաուժեղ մարդն է, դե, այդպես էլի…
-Հա՜, ոչ մեկն ա:
-Վա՜յ, չկա՞ մարդ, ում շատ ես սիրում, ով շատ ուժեղ է, ում կուզես նմանվել…
-Կա, մի մարդ ա, էն որ տելեվիզրով ցույց են տալի:
-Հա՞, ո՞վ է էդ մարդը…
-Չգիտեմ, անունը մոռացել եմ…
Սամսոնը վազեց միջանցք՝ խաղը շարունակելու: Ես այդպես էլ չիմացա, թե ով է Սամսոնի հերոսը:
Մի քանի րոպե մնում եմ նստած ու նայում գրատախտակին նկարող երեխաներին : Հետո մոտենում եմ նրանց ու հարցնում.
-Էրեխե՞ք, էս ի՞նչ եք անում,- ամենաաշխույժը՝ Նարեն պատասխանում է.
-Ես խզբզում եմ, Կարինեն էլ ջնջում ա:
-Չես խզբզում, շատ սիրուն ես նկարում: Նա՞ր, կլինի՞ քեզ մի հարց տամ:
-Հա, տուր:
-Նար, ինձ կասես՝ քո հերոսը ո՞վ է:
-Թամարիկը:
-Թամարի՞կը, բա ինչի՞ է ինքը քո հերոսը:
-Որովհետև ես իրան շատ եմ սիրում:
-Իսկ բացի Թամարիկը, էլ ո՞վ է քո հերոսը:
-Մեկ էլ դու:
-Ե՞ս… Ինչի՞…
-Դու էլ ես լավը:
-Լավ, ճուտո, դե գնա նկարի, ապրես…
Ես էլ եմ լա՞վը… Հա՞ որ… Դե փաստորեն, էլի: Ես Նարեի համար լավն եմ, հա, ու անգամ Նարեի հերոսն եմ:

Դե ասեք, այս անկեղծությունից ու պարզությունից ավելի սիրուն, ավելի կարևոր ու թանկ բան կա՞… Ընթերցողս, միշտ հիշի՛ր՝ դու էլ ես լավը… Միգուցե դո՞ւ էլ ինչ-որ մեկի հերոսն ես, երևի…
Կամ էլ չէ, չգիտեմ… Բայց, դու էլ ես լավը…