#EcoCamp

Ամենամոտ ընկերական կապերն աշխարհում հաստատվում են մի հայացքով, մի ժպիտով։ Ժպտացող մարդու տեսնելով՝ մենք ժպտում ենք ի պատասխան, և ուղեղն էնդորֆին է արտադրում, որն ապահովում է ուրախ տրամադրությունը։ Ժպիտով մենք դիմավորում ենք լավագույններին և արցունքների միջից ժպտալով հրաժեշտ ենք տալիս նրանց։ Հրաժեշտները ոչնչի վերջ չեն դնում, քանի որ ժպիտներն արդեն իսկ սկսել են ամեն բան։ Մի այդպիսի ժպիտից էլ ծնվեց #EcoCamp2019-ի ընկերական միջավայրը։ Թվում է, թե բնապահպանական ճամբարի 5 օրը չափազանց քիչ է իրար հետ կապվելու, իրար ընկեր անվանելու համար, բայց արի ու տես, որ դա հնարավոր է։

Երկար-երկար ճանապարհ անցնելուց հետո Գավառի մեր խումբը վերջապես հասավ Գյումրուց ոչ շատ հեռու գտնվող, Մարմաշեն վանքի հարևանությամբ տեղակայված վրանային ճամբար, որտեղ մեզ դիմավորեցին մոտ 30 հետաքրքրասեր, ժպտացող դեմքեր։ Սկզբում վրանները «կահավորեցինք», իսկ քիչ անց սկսվելու էին ծանոթությունները ու անվերջանալի զրույցները ամենատարբեր թեմաների շուրջ, ապա մեկը մյուսին թեյ էր հյուրասիրելու, երեկոյան պարելու էինք բարձր երաժշտության տակ կամ զբոսնելու մոտակայքում՝ Ախուրյանի ափին, խաղալու էինք տարբեր խաղեր ու լույսերը մարելուց հետո տեղափոխվելու էինք ավելի ջերմ ու մտերմիկ միջավայր՝ խարույկի շուրջ՝ զրուցելու, երաժշտություն լսելու կամ կրակի ճտճտոցի ու քամու երգերի տակ լիալուսնի տեսքով հիանալու։ Գիշերը չոր հատակին քնելուն էինք հարմարվելու կամ բացարձակ չէինք քնելու, որովհետև մի խումբ արկածախնդիրներ հումորներ անելով աղմկելու էին վրաններում։

Առաջին օրը խոստումնալից էր, մարդիկ վստահություն էին ներշնչում։

Երկրորդ օրվա սկսվելուն պես ճամբարային օրվա գրաֆիկում ավելացան բնապահպանական թեմաներով դասընթացները։

Ոլորտի մասնագետները մեզ օգնում էին հասկանալ հանքարդյունաբերության, անտառհատումների, գլոբալ տաքացումների, Սևանա լճի աղտոտման, բնական ռեսուրսների անխնա օգտագործման հետևանքների ու այլընտրանքային լուծումների մասին։ Անդրանիկի դիպուկ հարցերի տեղատարափը, Անիի, Վարդանի ու Հովհաննեսի խելացի դիտարկումները ինֆորմացիան ավելի դյուրըմբռնելի էին դարձնում, իսկ փորձագետների կողմից հնչած հետաքրքիր փաստերը զարմացնելու էին շատերիս։

Օրինակ, գաղտնիք չէ, որ շատ երկրներում դիակներն այրում են։ Բայց ո՞վ կմտածեր, որ այդ ածխածնով հարուստ մոխիրները բնության մեջ երկար տարիներ մնալով՝ կարող են վերածվել ալմաստի։

Գիտեինք, որ թուղթը ստացվում է փայտից, բայց փաստորեն թղթի սպիտակեցումը ամենատոքսիկ և թունավոր գործընթացներից է համարվում։

Սովորեցինք, թե ինչպես կարելի է ջրում եռացնելով՝ վերամշակել և վերօգտագործել թուղթը, իմացանք, որ մետաղները անսահմանափակ թվով կարելի է վերամշակել և օգտագործել։ Եվ որ նյութը ու էներգիան միևնույն բանն են, որ միշտ հերթափոխում են միմյանց. նյութից էներգիա, էներգիայից` նյութ։

Զարմանալի էր, որ ժամանակին հրաբխային ամպերում կուտակված ծծմբաջրածինը ոչնչացրել է դինոզավրերին, բայց մաքուր ծծմբաջրածինը մարդու ծերացումը կարող է դանդաղեցնել։

Մեր մտքի տերմինների բառարանում ավելացավ նաև «ածխածնի ոտնահետք» տերմինը, որն օգտագործվում է, երբ մենք ուզում ենք չափել ջերմոցային գազերի արտանետումների, հատկապես CO2-ի մակարդակը։

Թե ինչ սովորեցինք մենք 5 օրերի ընթացքում, կարելի է անվերջ թվարկել, որովհետև ոչ միայն դասերի ընթացքում, այլև ամեն քայլափոխի մենք մեկս մյուսից մի օգտակար բան էինք սովորում։ Համոզված եմ, որ բոլորիս հիշողության մեջ միշտ մնալու է Գրիշա պապիկը՝ նույն ինքը բարության ու հավերժ երիտասարդության մարմնացումը, որը վայրկյանների ճշգրտությամբ մեզ լույս էր մատակարարում կամ զրկում էր էլեկտրաէներգիայից, որը խաղում էր մեզ հետ, զրուցում ընկերաբար, հորդորում Արտաշեսին (Կյաժին), որ նստածներին պարելու կանչի կամ մի կարգին երգ միացնի։

Ճամբարականներից յուրաքանչյուրը մի առանձին, չբացահայտված տիեզերք էր՝ անսահման, խորը, հանելուկային, որոնց մասին հատ առ հատ կուզենայի պատմել անվերջ երկար, բայց վերջին դասընթացի օրը, գիշերը՝ խարույկի շուրջ, բոլորս կիսվեցինք միմյանց մասին ունեցած մեր տպավորություններով ու կարծիքներով, բոլորս նկարագրեցինք մեր սրտի խորքերում ինչ-որ տեղ բույն դրած մարդկանց, իսկ ես այդ ընթացքում հասցրի նույնիսկ ինձուինձ բարկանալ, թե ուր հանկարծ անհետացավ փոքր քույրս (նա հանկարծակի այստեղից այնտեղ հայտնվելու աշխույժ բնավորություն ունի)։

Հոգեբանին հարցրեք, և նա ձեզ կասի, որ լացն ու ծիծաղը նման են իրար։ Երբ ժպտում ես կամ լաց ես լինում ժպիտով, նույն զգացողությունն ես ունենում։ Երբեք չեմ մոռանա հրաժեշտի ժամանակ գլորվող արցունքներն այտերից սրբող, արցունքների միջից ժպտալով հրաժեշտ տվող ընկերներիս։ Գրկում էինք հեռացողներին, մի պահ մտածում, որ էլի կհանդիպենք, բայց միևնույնն է, չէինք ուզում բաց թողնել, որովհետև զգում էինք, որ բաց թողնելուն պես մեքենան կշարժվի, ու մեր թիվը քիչ-քիչ կպակասի։

Տաքսին սպասում է, շարժվեցինք։ Արդեն բավականին հեռացել ենք ձեռքերն օդում թափահարող ընկերներիցս, բաց դեռ հետ ենք նայում, մինչ նրանց պատկերները կձուլվեն հեռու հորիզոնին ու կպահվեն մեր հուշերում։

Բայց մենք ժպտում ենք, որովհետև հրաժեշտները ոչնչի վերջ չեն դնում, ժպիտներն արդեն իսկ սկսել են ամեն բան։