Եթե հանկարծ

Ես բացում եմ աչքերս, և թվում է՝ ամեն ինչ լավ է: Դպրոցում ինձ ոչ մեկը չի սպասում, գնալու ոչ մի տեղ չունեմ, մայրս էլ տանն է, և ուրեմն՝ բարի լույս: Հետո նայում եմ գրասեղանիս, որտեղ կողք-կողքի «լռում են» իմ Սարոյանն ու շտեմարանը, և հասկանում եմ, որ այսօր էլ առաջինի համար գուցե ժամանակ չմնա: Մի քանի ամիս է մնացել, շուտով ամեն ինչ կավարտվի, և շտեմարաններն այլևս չեն խլի իմ ժամանակը, իսկ այսօր…Այսօր դեռ կիրակի է, և ուրեմն ինչ-որ բան այն չէ: Չգիտեմ՝ ինչու իմ բոլոր կիրակիները դժվարությամբ են առաջ շարժվում, ես փորձում եմ Սարոյանի փիլիսոփայությամբ հասկանալ, թե իմ աշխարհում որտեղ և ինչն է սխալ, բայց…

Կար ժամանակ, երբ ինձ համար կարևոր չէին եղանակը, ամիսը, օրը, երբ ես օտար էի ամեն տեսակ մեղքին, կորստին…Հայրս պատմում է, որ մի անգամ մանկապարտեզի ճանապարհին հիսուն անգամ իր անունն եմ տվել ու հարցրել՝ իսկ ինչի՞ց է որ, իսկ ինչո՞ւ է, ինչի՞ համար և այլն: Հարցերն, իհարկե, այսօր էլ են շատ, և չնայած նրան, որ այսօր էլ հայրս իմ ամենալավ ընկերն է, ես դրանք չեմ բարձրաձայնում: Ի վերջո հարցեր կան, որոնց պատասխանները միայն մենք գիտենք: Մի օր ես էլ կգտնեմ, մի օր ինքնուրույն կհասկանամ…

Մենք միշտ կարոտում ենք ինչ-որ քաղաք, ինչ-որ փողոց, ինչ-որ մեկին: Հետո ժամանակ է անցնում, քաղաքները փոխվում են, դեմքերը՝ մոռացվում: Քայլում ենք ուրիշ փողոցով, ուրիշ մտքերով և անգամ ծիծաղով ուրիշ, իսկ հետո…Նորից նույնը: Մենք միշտ կարոտում ենք ինքներս մեզ:

-Հերիք է պարապես, մի քիչ ուրիշ բանով էլ զբաղվիր, – լսում եմ մորս ձայնը և հասկանում, որ արդեն մի քանի ժամ է՝ փակված եմ սենյակումս և պարապելուն զուգընթաց վազում եմ մտքերիս հետևից անվե՜րջ, անվե՜րջ: Փակում եմ բոլոր տետրերս և մոտենում դաշնամուրին, որին վերջին ժամանակներում, ցավոք, հասցնում եմ կարոտել:

Երկու տարի առաջ որոշեցի նվագել սովորել: Տանը գործիք չունեի, և որոշումս մի քիչ անիրական թվաց: Բայց ես չհանձնվեցի: Եվ թեկուզ ոչ ոք չհասկացավ, թե երաժշտությունից հեռու այս աղջիկը ինչու հանկարծ սկսեց դաշնամուր նվագել, և թեկուզ ինքս էլ շատ ուշ հասկացա, բայց…Գուցե երաժշտությունը բոլոր այն մարդիկ են, ովքեր այլևս մեր կողքին չեն:

-Այ ապրե՛ս, մի քիչ նվագիր, հանգստացիր:

Մայրս ավարտել է թավջութակի բաժինը, բայց զուգահեռ անցել է նաև դաշնամուր, ինչի համար այսօր ամենաուրախը ես եմ, քանի որ այլևս դասընթացների չեմ հասցնում գնալ, և բոլոր դժվար պահերին առաջինը նա է ինձ օգնության հասնում: Ես միշտ հիացել եմ մորս լսողությամբ, ձայնով, նվագով և զարմացել եմ, թե ինչու նա ժամանակին երաժշտությամբ չի շարունակել:

-Եթե երաժշտությունն ընտրեի, այսօր հորդ հանդիպած չէի լինի, – ասում է նա և վերջակետ դնում:

Եթե այսպես անեի, այդպես կլիներ, այդպես չանեի, այնպես չէր լինի, եթե այսպես, այդպես, այնպես…Իսկ ի՞նչ գիտենք մենք, թե ինչ կլիներ, եթե եթեներից չկառչեինք: Մենք…Իրականում մենք ոչինչ չգիտենք:

Երանի ես կարողանայի շարունակել մորս կիսատ թողած ճանապարհը…

Օրը ավարտվում է արդեն: Դա հիանալի առիթ է ծնողներիս գրկելու համար, ինչը ես երբեք բաց չեմ թողնում:

-Ամեն գիշեր տասնհինգ րոպե մորն է գրկում, տասնհինգ րոպե՝ ինձ, և առավոտյան մենք ուշանում ենք աշխատանքից, – կատակում է հայրս:

Հետո համբուրում եմ եղբորս ու ներում իր՝ այդ օրվա բոլոր չարաճճիությունները:

-Երեխա է, բա առանց դրա՞նց, – մխիթարում է հայրս ամեն անգամ, երբ նրան ինչ-որ բան բացատրելու համար չեմ կարողանում հարմար բառեր ընտրել:

Գրկե՛ք իրար ավելի հաճախ ու ավելի պիտդ, որպեսզի հետո, շա՜տ հետո եթեները գլուխ չբարձրացնեն:

Ժամը տասներկուսն է, պարապմունքս՝ դեռ անավարտ, բայց դա արդեն կարևոր չէ: Ինձ մնում է վերցնել գիրքս, տետրս, մատիտս, միացնել երաժշտությունը և կտրվել աշխարհից մի քանի ժամով:

-Քնի՛ր, ուշ է:

Մի օր ես կհամոզեմ մորս, որ գրող մարդը չի կարող պառկել ու քնել՝ առանց կարդալու, գրելու կամ…Մի քանի ժամով աշխարհից կտրվելու, ինչը վերջին ժամանակներում միակ բանն է, որ ինձ մոտ իսկապես լավ է ստացվում…

-Բարի գիշեր: