elada

Ես Էլադան եմ

2016 թվականն ինձ համար հաջողակ էր, քանի որ օգոստոս ամսին միացա 17.am-ին և հիմա կարող եմ պատմել իմ մասին, քանի որ այս տիրույթում դեռ շատ կհանդիպենք…

Ես Էլադա Պետրոսյանն եմ: Ծնվել եմ 2000 թվականին, Կոտայքի մարզի Արզական գյուղում: Պաշտոնական եղավ, այնպես չէ՞… Լա՛վ, ինչ արած, սրանք պաշտոնական տվյալներն էին։ Ինքդ քեզ ճանաչելու համար, կարծում եմ, նախ պետք է իմանաս, թե որտեղից ես սերում, ո՞վ և ինչո՞ւ որոշեց քեզ համար անուն որոշել և այլն։

Հիմա պատմեմ այն մասին, թե ի՞նչու Էլադա։ Այս անունը որոշ չափով կապված է տատիկիս անվան հետ… Դե հայերիս մոտ ավանդույթ կա, չէ՞, երբ երեխան ծնվում է, կամ տատիկի անունը պետք է դրվի կամ պապիկի… Ավանդույթը պահպանելով՝ ծնողներս որոշեցին ինձ անվանել Էլիդա, սակայն տատիկը դեմ եղավ՝ ասելով.

-Չէ՛, չէ՛, էդ ի՞նչ անուն ա, որ էրեխու վրա դնեք, հանկարծ էդ անունը չդնեք… Իբր ես իմ անունից գոհ ե՞մ, մի հատ էլ էրեխու վրա եք դնում…

Հայրս և հորաքույրս էլ որոշել են ինձ անվանել Էլիտա, հետո անձնագրային բաժնում, վերջապես ընդհանուր հայտարարի գալով, անվանել են Էլադա…

Ինչո՞ւ ոչ՝ տարբերվող անուն… Հիմա իմ անվան նշանակության մասին պատմեմ։ Այն ունի հունական ծագում: 1803 թվականին Հունաստանը անվանել են նաև Էլադա անվամբ: Իսկ իմ պատմության ուսուցիչն ասում է.

-Որ գնաս Հունաստան, քո անվան համար քեզ շատ հարգալից կվերաբերվեն…

Հուսամ, որ մի օր կգնամ…

Շարունակելով անվանս մասին պատմել, կարող եմ ասել, որ երբ ինչ-որ մեկի հետ ծանոթանում եմ և նշում անունս, միշտ հարցնում են.

-Ի՞նչ, մեկ անգամ էլ կասե՞ս։

Արդեն սովորական է դարձել այս հարցն ինձ համար։

Մի անգամ, երբ հայրիկիս ընկերը եկավ մեր տուն, հարցրեց անունս, դե ասացի՝ Էլադա…

-Ի՞նչ, Էլադա՞։

-Հա՛-հա՛։

-Ի՞նչ անուն է…

Ես պատմեցի անվանս նշանակության մասին, նա թուղթ ու գրիչ խնդրեց և ինչ-որ բան էր գրում թղթի վրա: Բոլորիս համար հետո պարզ դարձավ, որ անվանս առաջին տառերով բանաստեղծություն էր գրում՝ աքրոստիքոս… Երբ վերջացրեց գրելը, կարդաց…

-Էկզոտիկ, նուրբ, նրբաճաշակ,

Լույսի աղբյուր ու հրեշտակ,

Արշալույսն ես շրջապատի,

Դարձել ես մի շքեղ փերի,

Ավետում ես աստվածներին, որ քեզ պահեն միշտ անթերի…

…Եվ այն նվիրեց ինձ, ես մինչև հիմա պահում եմ այդ թուղթն ու հպարտանում…

Ազգանվանս ծագման մասին նույնպես տեղեկություններ ունեմ։ Պետրոսյանը մեր տոհմի ազգանունն է: Իմ պապիկի պապիկի անունը Պետրոս է եղել, այդտեղից էլ ծագել է մեր տոհմական ազգանունը, իսկ Պետրոսյաններիս տոհմածառը ամենամեծերից մեկն է գյուղում: Նախնիներս գաղթել են Մուշ քաղաքից 1827-1828 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Արտագաղթել են դեպի Արևելյան Հայաստան և հետագայում հիմնական բնակություն հաստատել Արզականում: Մեր ազգն ունի նաև ժողովրդական անվանում՝ «Մնեյենց» ազգ: Իսկ իմ գերդաստանի հպարտությունը՝ պապենական դարբնությունն է։ Հիմա էլ հայրս է զբաղվում այդ արհեստով: