Ani Ghulinyan

Եվրատեսիլին ընդառաջ

Հայերը սովորություն ունեն, չէ՞, մի բան ամբողջ ուժով քննադատել, հետո մոռանալ դրա մասին: Այսպես է լինում ամեն անգամ, երբ մոտենում է Եվրատեսիլը, երբ ընտրվում է մասնակիցը, ներկայացվում է երգը: Առաջին արձագանքները վատը չեն, բոլորն էլ սկզբից հույս են փայփայում, որ վերջապես հայ հանդիսատեսն էլ է զգալու Եվրատեսիլն իր երկրում տեսնելու առավելությունը: Վերջում, երբ ամեն ինչ ավարտվում է, հաղթողն էլ պարզ դառնում, պարզ է դառնում նաև այն, որ մինչ այդ փայփայած հույսերը զուր էին, որ այս անգամ էլ Եվրոպան նախապատվությունը տալու է մի թեկնածուի, ով այս կամ այն կերպ չի հակասում իր սկզբունքներին, դեռ մի բան էլ՝ ընդգծում է դրանք:

Անցյալ տարի մեր երգը վատը չէր, նույնիսկ վերջին տարիներին ամենահաջող ներկայացվածն էր, մեր մասնակցի շանսերն էլ բարձր էին գնահատում: Արդյունքում Ուկրաինայի մասնակիցը, որի երգը լսելիս ակամա ձեռքերով փակում ես ականջներդ, դարձավ հաղթող, Եվրատեսիլն իր հետ տարավ Կիև ու մի լրացուցիչ անգամ էլ հնչեցրեց իր երգը, որը ուներ լավ արտահայտված քաղաքական ենթատեքստ: Իսկ մի քանի տարի առաջ, մեր երկիրը ներկայացնող Geneology խմբի ներակայացրած երգի անունը փոխել տվեցին, ասելով, թե այս նախագիծը ձեր պատմությունը ներկայացնելու համար ամենալավ վայրը չէ: Մի տարի էլ միասեռականներին իրենց աջակցությունը ցույց տալու ու իրենց տեսակետն այդ մասին հստակ արտահայտելու համար Ավստրիայի ներկայացուցչին հաղթանակը տվեցին, չնայած այն, որ ավստրիացին լավ ձայն ուներ, հերքել չենք կարող:
Ասածս ինչ է՝ ամեն տարի ոգևորությամբ Եվրատեսիլին սպասելուց հետո պարտվողի հոգեբանությամբ այն քննադատելու, քաղաքական ենթատեքստեր փնտրելու ու մեզ տասներկու միավոր չտված «դաշնակիցների» հասցեին վատ խոսքեր շռայլելու փոխարեն, գիտակցեք, որ Եվրատեսիլը պարզապես երգի մրցույթ է, որին մասնակցում են մոտ հինգ տասնայկ երկրներ, քվեարկում է ամբողջ աշխարհը, հաղթում նա, ում հաղթանակն այդ տարի պետք է Եվրոպային:

Թեթև մոտենանք: