Ani Ghulinyan

Երբ ընտանիքն է հարմարվում հայրենիքին

Դեռահասության շրջանում շատերն են ցանկանում նմանվել սիրելի գրքի, ֆիլմի հերոսին: Փորձում են կրկնօրինակել նրանց սանրվածքը, բնավորությունը, պահվածքը: Ինձանից շատ ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ հերոսներին պետք չէ էկրաններից այն կողմ, կամ գրքի թերթերի մեջ փնտրել: Չէ՞ որ ամեն մարդ էլ մի գրական հերոս է, հերոսը՝ հենց իր ստեղծած վեպի:

Իմ հերոսներից մեկն էլ քեռիս է: Շատ հեշտ է ֆեյսբուքյան հարթակում պաթետիկ արտահայտություններ անելը. «Կմեռնեմ հանուն հայրենիքիս», «Հայրենիքից թանկ բան չկա»: Բայց շատ դժվար է դա իրականում ապացուցելը, հանուն հայրենիքի որոշ թանկ բաներ իրոք զոհելը, կյանքից էլ թանկ բաներ, ինչպիսին, օրինակ, ընտանիքն է:
Քեռիս 15 տարի է, ինչ աշխատում է ՀՀ Զինված ուժերում, փոխգնդապետ է: Նրա մեծ աղջիկը, որը հազիվ ինը տարեկան լինի, հասցրել է 3-4 մանկապարտեզ ու 2 դպրոց փոխել ու դեռ երևի էլի կփոխի: Մինչև դպրոց գնալը նա Շամշադինի, Լոռու բարբառներով ու երևանցու արտահայտություններով էր խոսում: Բայց, կարծես, այս ընտանիքը այդքան էլ դժգոհ չէ այս իրավիճակից, որովհետև երբեմն պետք է ոչ թե հայրենիքը հարմարեցնել ընտանիքին, ինչպես շատերն են անում, այլ ընտանիքը` հայրենիքին:
Չի կարելի չխոսել նաև քեռուս կնոջ մասին: Աղջիկները, առհասարակ, երազում են ամուսնանալուց հետո ճամփորդել կամ մեծ ընտանիք, տուն ունենալ, բայց ոչ երբեք մի քանի ամիսը մեկ իրերը հավաքած Հայաստանի մի բնակավայրից մյուսը տեղափոխվել: Բայց գալիս է ժամանակ, երբ երազանքներն էլ են հարմարվում հայրենիքին:
Երբեք չեմ լսել քեռուցս գեթ մեկ հայրենասիրական արտահայտություն, բայց միշտ իմացել եմ, որ իսկական հայրենասերի կողքին եմ ապրում. հայրենասերի ոչ թե խոսքով, այլ գործով: Եվ ոչ թե մի հայրենասեր մարդու, այլ մի ամբողջ ընտանիքի: