ellaMnacakanyan

Երևանի շոգն ու երթևեկությունը

Երևանի համար 58 ավտոբուսի մեջ միշտ լիքը մարդ կա: Միշտ՝ անկախ օրվա ժամից, եղանակից ու շաբաթվա օրվանից: Դե՜ իսկ հուլիսյան շոգ կեսօրին այդքան մարդու մեջ վերջանում է նաև շնչելու օդը, իսկ առջևումդ նստած մի տատիկ անպայման հանդիմանում է քեզ, երբ համարձակվում ես բացել պատուհանը.

-Փակի՛ր, հա՞, աղջիկ ջան, փչում ա,- ես, հոգոց հանելով, փակում եմ պատուհանը՝ այնուամենայնիվ մի փոքրիկ ճեղք թողնելով վերջում, որից ներթափանցած տաք ու փոշոտ օդը, հույս ունեմ՝ պիտի փրկի ինձ անտանելի շոգից:

Ավտոբուսը փոքր-ինչ դատարկվում է Հրապարակի հաջորդ կանգառում, և կարողանում եմ ավելի հարմար տեղավորվել կանգնածս անկյունում: Հաջորդ անգամ  ավտոբուսը կանգ է առնում լուսացույցի կարմիր գույնի պատճառով: Ես մի թեթև հայացք եմ գցում պատուհանից՝ տարածական կողմնորոշումս չկորցնելու համար: Մանկավարժական համալսարանի խաչմերուկն է: Ուշադրությունս գրավում են անցումով անցնող սովորականից շատ երիտասարդները: Գրեթե յուրաքանչյուրի ձեռքին մի մոխրագույն, ուղղանկյունաձև իր կա: Տրամաբանությունս լարում եմ ու հասկանում՝ երևի ավարտական դիպլոմներն են ստացել այսօր: Արդարության համար պիտի նշեմ, որ ոչ մեկի դեմքին ուրախության կամ գոնե տխրության ոչ մի նշույլ չի երևում:

-Ինչպե՞ս է հնարավոր այսքան անտարբեր լինել, երբ վերջապես ավարտել ես համալսարանը,- գրեթե անձայն ինքս ինձ ասում եմ ես:

Հետո մտածում եմ. «Բայց ինչո՞ւ վերջապես:»: Հանկարծ հասկանում եմ, որ դեռ նոր-նոր եմ ընդունվել համալսարան, բայց արդեն մտածում եմ այն վերջապես ավարտելու մասին: Ինչո՞ւ: Պատճառը երևի այն է, որ չափազանց շատ եմ լսել բողոքներ ուսանողական կյանքի մասին, երազանքներ հնարավորինս շուտ ավարտելու մասին: Բայց մի՞թե կարելի է այդքան տհաճություն զգալ սովորելիս, երբ գնում ես քո երազած մասնագիտության հետևից: Չնայած՝ ոչ միշտ: Ցավոք, ոչ միշտ…

Ես սթափվում եմ մտքերից: Ավտոբուսն արդեն մոտենում է իմ կանգառին: Պիտի իջնեմ: Զարմանքով նկատում եմ, որ ավտոբուսը բավականին դատարկվել է: Փաստորեն, 58-ում երբեմն նստելու տեղ էլ է լինում, այն էլ՝ իմ կանգառից ահագին շուտ: