hasmik davtyan

Զրույց պապիկիս հետ

Հարցազրույց պապիկիս` Եսաբեկ Դավթյանի հետ

-Պապիկ, ինչպիսի՞ հույզեր են առաջանում մանկությունդ հիշելիս: 

-Հիշում եմ, որ փոքր էինք, ոտքով Աշտարակի մի ծայրից մյուս ծայրն էինք հասնում ու ընդհանրապես չէինք հոգնում: Երևի կյանքիս ամենաանհոգ տարիներն էին:

-Իսկ քո առաջին մուտքը դպրոց հիշո՞ւմ ես:

-Բա իհարկե, հիշում եմ: Չէի ուզում գնալ: Լաց էի լինում, փախնում էի, ինչ է թե` չգնայի:

-Դպրոցական տարիների հետ կապված ի՞նչ զավեշտալի պատմություններ ես հիշում, պապիկ:

-Պատմեմ: Դպրոցում այն ժամանակ ռուսաց լեզվից այնքան էլ լավ չէի: Մի օր էլ դպրոցում թելադրություն էինք գրում: Ուսուցչուհին էլ կանգնել էր կողքս ու ասում էր. «Ապրես, ապրես…»: Ինձ էլ թվում էր, թե ճիշտ եմ գրում: Մեկ էլ հաջորդ դասին տեսնում եմ, որ տետրիս մեջ մի հատ մե՜ծ «մեկ» է դրել: Այսպես անցավ, գնաց: Հաջորդ անգամ թելադրություն էինք գրում, որոշեցի՝ չեմ գրելու: Ուսուցչուհին նկատեց ու հարցրեց , թե ինչու չեմ գրում: Պատասխանեցի, որ չեմ ուզում: Ասաց, որ գրեմ, իսկ ես նորից իմը պնդեցի: Ինքն էլ ասաց, որ եթե չգրեմ, ապա տնօրենին կկանչի: Ես ասացի` խնդիր չկա: Տնօրենն եկավ, հարցրեց չգրելուս պատճառը: Հարցին պատասխանեցի այպես. «Եթե չգրեմ, ի՞նչ կստանամ»: Տնօրենը պատասխանեց, որ «երկուս»: Ես էլ ասացի. «Իսկ որ չգրեմ ու «երկուս» ստանամ, ավելի լավ չի՞, քան թե գրեմ ու «մեկ» ստանամ՚՚՚՚՚:

-Պապիկ, իսկ քո զինվորական տարիներից ի՞նչ կասես: 

-Հաճելի հիշողություններ ունեմ: Խորհրդային բանակում էի ծառայում: Շատ լավ զորամաս էի ընկել: Մեր հետ հա՛մ ռուսներ կային, հա՛մ ուկրաինացիներ, հա՛մ էլ ադրբեջանցիներ:

-Պապիկ, իսկ տատիկին առաջին անգամ ինչպե՞ս հանդիպեցիր:

-Ուրեմն, մեծ եղբայրս պատմեց, որ ինձ համար մի համեստ աղջիկ է նկատել: Որոշեցինք գնանք, տեսնենք: Տեսա ու շա՜տ հավանեցի: Ծանոթացա, հետո էլ ծնողների հետ ծանոթացա: Որոշ ժամանակ հետո էլ ամուսնացանք: Սա էլ պատմությունը:

-Լավ, շնորհակալություն հետաքրքիր պատմությունների ու կիսվելու  համար, պապիկ:

-Քեզ էլ շնորհակալություն, որ ինձ լսեցիր: