Lusine atanesyan

Էլի կարկուտը

Երբ սկսվում են ամառային արձակուրդները, ես անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ պետք է լվանանք գորգերը: Մի քանի օր առաջ այդ օրն էր: Եղանակը շատ տաք ու արևոտ էր, որոշեցինք վերջում ջրոցի խաղալ (չնայած՝ լվանալու ընթացքում էլ խաղում էինք): Երբ մնացել էր երեք գորգ, մեր հարևանուհին ասաց, որ արագ վերջացնենք, քանի որ տեղումներ են սպասվում: Ուրախացանք, քանի որ դաշտերին ջուր էր անհրաժեշտ:

Որոշ ժամանակ անց եղանակը ցրտեց, ես ու մայրս արագ-արագ լվանում էինք գորգերը, որ անձրևի տակ չմնան: Արդեն վերջին գորգն էինք լվանում, երբ անձրևը սկսվեց, և մենք պատսպարվեցինք պահեստում (այն ավելի մոտ էր): Ժամը 16:10-ից հետո մոտ 10-15 րոպե կարկուտ էր գալիս: Ողջ գետինը ծածկված էր կարկուտի հաստ շերտով, իսկ երբ կարկուտը դադարեց, բոլորով վազեցինք դուրս: Ողջ ճանապարհի երկայնքով ջուր էր հոսում: Առվի ջուրը դուրս էր եկել հունից և լցվում էր մեր հարևանուհու գոմը: Ես գյուղացիներին երբեք այդպես համախմբված չէի տեսել, յուրաքանչյուրը փորձում էր օգնություն ցուցաբերել: Այնպիսի ջուր էր հոսում, կարծես ջրհեղեղ լիներ:

Երբ ջուրը կարողացան կտրել, բոլորը վազեցին իրենց այգիները, իսկ այնտեղ ոչինչ չէր մնացել: Մարդիկ շատ հուզված էին, ամբողջ տարվա աշխատանքը հօդս էր ցնդել մեկ վայրկյանում: Շատերը վարկեր էին վերցրել, սերմ գնել, իսկ հիմա ոչինչ չկա, ի՞նչ պետք է անեն: Ծառերի միայն ճյուղերն են մնացել, բանջարանոցներում միայն ցողուններ են երևում: Հետո իմացանք, որ հեղեղը տատիկենց տուն էլ է լցվել, ողջ տունը, այգին ջրի մեջ էին: Կարկուտի հարվածներից մեր հարևանուհու տան մոտակայքում նույնիսկ օձ էր սատկել: Մորեղբայրս վերանորոգում էր տունը, և տանիքը այդ պահին կառուցած չէր. կարկուտը լցվել էր տուն:

Երկու օր է, ինչ գյուղում բոլորը տխուր են, նյարդայնացած: Ոմանք առևտուր են արել այն մտքով, որ աշնանը լոբիով կամ կարտոֆիլով կվճարեն, սակայն ոչինչ չկա: Կարկուտն այնքան ուժգին էր, որ կոտրել է փայտերը, որոնց վրա փաթաթված էին լոբիները, նույնիսկ կտրվել էին հոսանքի լարերը:

Նման իրավիճակ է ոչ միայն մեր Անգեղակոթ  գյուղում, այլև Շաղատում, Սիսիանում ու Բալաքում: Մարդկանց միակ սփոփանքն այն է, որ դաշտերի բերքը (ցորեն, գարի, հաճար) այդքան շատ չի վնասվել: