Էմմա, այսինքն, խորհրդավոր

Emma KosakyanԵս Էմման եմ, անվանս բացատրության համաձայն՝ խորհրդավոր, դա չգիտեմ, բայց այն, որ հետաքրքրասեր եմ, դա հաստատ գիտեմ։ Խոսքը միանշանակ այլոց կյանքով  հետաքրքրվելը չէ, այլ այն ամենով, ինչ ը կարող է  դրական փոփոխություն մտցնել իմ ու իմ շրջապատի կյանքում։

Ցանկացած նոր գիրք, ծրագիր, գաղափար ինձ շատ է հետաքրքրում։ Ես վստահ եմ, որ ամեն պահ պետք է սովորենք, ու ինքս փորձում եմ այդպես ապրել։ Չկան այնպիսի մարդիկ, որոնցից ոչ մի լավ, դրական բան չես կարող գտնել։ Գուցե վատը այնքան շատ է, որ ստվերի տակ է վերցրել լավը, բայց ես շատ եմ սիրում զրուցել տարբեր տարիքի ու նախասիրությունների տեր մարդկանց հետ ու նրանց մեջ բացահայտել մի լավ բան ու վերցնել։ Տանել չեմ կարողանում, երբ ազատ ժամանակ եմ ունենում . սիրում եմ միշտ զբաղված լինել, նաև  ակտիվ հանգստի սիրահար եմ։ Ընտրել եմ հոգեբանություն մասնագիտությունը, որովհետև ինձ շատ է հետաքրքրում  մարդը՝ իր բոլոր ապրումներով, ծածուկ մտքերով ու  անթափանց հոգով։ Միշտ ցանկանում եմ օգնել մարդկանց՝ հատկապես, երբ նրանք  հոգեպես ծանր վիճակում են, կարծում եմ դա նյութականից կարևոր աջակցություն է, ու այս մասնագիտությունը ինձ տանում է հենց այդ ճանապարհով։

Նաև շատ եմ սիրում հաղորդավարական գործը։ Մանկուց ինձ գրավել է բեմը՝ սկզբում մեր այգում սարքած բեմը, իսկ հետո միջոցառումներ եմ վարել Բերդի և տարածաշրջանի մշակութային օջախներում։ Ցանկանում եմ դառնալ և՛ հոգեբան, և՛ հաղորդավարուհի։ Այս երկուսն էլ ինձ շատ հարազատ են, նրանից մեկը չլինելու դեպքում ես ինձ թերի կզգամ։

Մարդկանց մեջ առավել  գնահատում եմ հավատարմությունը։ Ապրում եմ այն կարգախոսով, որ երբեք պետք չէ հանձնվել, միշտ վերջում լավ կլինի։ Հավատում եմ բարու գոյությանը։ Քնում եմ երազներով, արթնանում ՝ նպատակներով։ Միշտ հավատում եմ, որ աշխատասիրությունը ունի մեկ ճանապարհ, ու այդ ճանապարհը տանում է դեպի նպատակ ու հաղթանակ։