Մեր բուսաբանական այգին

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Հայաստանում  յուրաքանչյուր բնակավայր, ինչպես նաև Ստեփանավանը, մյուսներից առանձնանում է իր մեջ ամփոփված մշակութային կոթողներով, եկեղեցիներով և տեսարժան վայրերով: Սակայն կա մի բան, որի  մասին Հայաստանում շատ-շատերը գիտեն, բայց ոչ ամեն ինչ:  Ստեփանավան քաղաքից 12կմ հեռավորության վրա Գյուլագարակ գյուղի մոտ է գտնվում Հայաստանում եզակի Սոճուտ բուսաբանական այգին (դենդրոպարկ), որը հիմնել է լեհ անտառագետ-ինժեներ Էդմոնդ Լեոնովիչը 1931 թվականին: Բուսաբանական այգու տարածքը կազմում է 35 հա: Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից: Իր գոյության ընթացքում ավելի քան 2500 բուսատեսակներ են փորձարկվել, որոնք կարող էին աճել այստեղ: Սակայն ներկայումս միայն 500 բուսատեսակ է հարմարվել այս տարածաշրջանին:

Երևի Ձեր մեջ հարց ծագեց, թե ինչու Գյուլագարակում հիմնվեց այս այգին: Ինձ նույնպես հետաքրքրեց այս հարցը:

Հիմնադրման մասին ողջ պատմությունն իմանալու համար ես զրուցեցի Դենդրոպարկում երկար տարիներ աշխատած`Բաբկեն Սուքիասյանի հետ, ով ի դեպ, պապիկիս հարազատ եղբայրն է:

-Բաբկեն պապ, իսկ ինչո՞ւ հենց Գյուլագարակում հիմնվեց Դենդրոպարկը:

-Դե, Լեոնովիչը հիվանդ է եղել, չէ՞:

-Հիվա՞նդ:

-Հա, թոքերի հիվանդ: Բայց մինչ այդ այլ դեպք է պատահել: Նիկոլայ II ցարը Հարավային Կովկասում շրջագայությունը վերջացնելուց հետո, հետ դարձի ճանապարհին հիվանդանում է թոքերի բորբոքմամբ: Կազդուրվելու համար նա իջևանում է Գյուլագարակ գյուղում: Դա համընկել էր սոճիների ծաղկման և փոշոտման հետ: Զբոսնելով սոճիների անտառում նրա առողջական վիճակը բարելավվել է: Նրան ուղեկցող Կովկասի փոխարքա Վորոնցովը դա կապել է սոճիների փոշու բուժիչ հատկության հետ: Ցարը դա իմանալով հանձնարարում է շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց համար տվյալ վայրում առողջարան կառուցել: Շինարարությունը սկսվում է, բայց ինչ-ինչ պատճառներով չի ավարտվում:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Տարիներ հետո Էդմոնդ Լեոնովիչը իմանալով սոճիների բուժիչ հատկությունների մասին, երեսունական թվականների սկզբին Թբիլիսիից եկել է Հայաստան և Գյուլագարակի սոճիների անտառում մի փոքրիկ հյուղակ պատրաստել`այնտեղ բնակվելու և իր հիվանդությունը բուժելու համար, քանի որ բժիշկը ասել էր, որ տվյալ հիվանդությամբ կարող է ապրել մինչև 40 տարեկանը:

Կիսակառույց առողջարանի մասին իմանում է նաև ՀԿԿ առաջին քարտուղար Աղասի Խանջյանը և որոշում ընդունում այդ առողջարանի շինարարությունն ավարտելու և առողջարանին կից դենդրոպարկ հիմնելու աշխատանքների վերաբերյալ: Տեղեկանալով այդ անտառում բնակվող Լեոնովիչի մասին, ով մասնագիտությամբ անտառագետ էր, հանդիպում է նրան, զրուցում նրա հետ և գալիս համաձայնության, որ Լեոնովիչը զբաղվի Դենդրոպարկի հիմնման աշխատանքներով:

1931 թվականին հիմնվում է Դենդրոպարկը, որն աստիճանաբար զարգանում է Լեոնովիչի ողջ կյանքի ընթացքում, որն ի դեպ, ապրեց ոչ թե 40, այլ 84 տարի:

-Իսկ Բաբկեն պապ, ինչպե՞ս է եղել, որ Դենդրոպարկի բուսական աշխարհը այսքան բազմազան է:

-Լեոնովիչը սիրելով իր աշխատանքը և ունենալով մեծ աշխատասիրություն` կազմակերպել է շատ ծառատեսակների և թփերի ձեռք բերումը և տեղափոխումը Դենդրոպարկ: Տնկիներ են ձեռք բերվել Չինաստանից, Ճապոնիայից, Ամերիկայից, Պորտուգալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Արժեքավոր ծառատեսակ է հատկապես կալիֆորնիական սեքվոյան, որը իր չափերով և երկարակեցությամբ շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում այցելուների մոտ: Ճիշտն ասած, սկզբնական շրջանում չեն հավատացել, որ սեքվոյաները կհարմարվեն տեղական կլիմայական պայմաններին, բայց փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող է ընթացել, և այդ գեղեցիկ ու հզոր ծառերը վեր են խոյացել դեպի երկինք: Իրենց հայրենիքում հասնում են` 110մ բարձրության, արմատները մխրճվում են հողի մեջ մինչև 12մ, բնի տրամագիծը` 8-10մ, ապրում է 2000 տարի:

Ավարտելով ավելացնեմ, որ Լեոնովիչը մահացավ 1986 թվին և հողին հանձնվեց այգու տարածքում:  Այցելուները իրենց հարգանքի տուրքն են մատուցում այգու հիմնադրին` այցելելով նրա գերեզմանին:

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Ներկայումս այգին տնօրինում է Լեոնովիչի որդին` Ալեքսանդր Լեոնովիչը: Ի դեպ, վերջերս ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ ԲՆ «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ է շնորհել ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ» հիմնարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչին բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար:

Վիտալի Լեոնովիչն իր կյանքը նվիրել է Ստեփանավանի դենդրոպարկին եւ պաշտպանել է այն ոտնձգություններից եւ մութ ու ցուրտ  տարիներին ծառահատումներից` պահպանելով եւ բազմացնելով դենդրոպարկի հարուստ հավաքածուն:

Գարունը որ բացվի, այցելեք Դենդրոպարկ, պարզապես վայելեք այգու բնության գեղեցկությունը: