«Էրգրի համի հիշողություն»

Ահա և 4-րդ անգամն է, որ կայանում է «Էրգրի համի հիշողություն» հայ ազգային ուտեստի փառատոնը: Ազգային ավանդական համեղ և ախորժելի կերակուրներ, կենացներ, ժողովրդական երգ ու պար, այս ամենը տեղի ունեցավ հոկտեմբերի 22-ին Նոր Արթիկ համայնքում:

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

Մասնակցում էին Արագածոտն մարզի 12 համայնքներ՝ Սուսեր, Նոր Արթիկ, Զարինջա, Թաթուլ, Արտենի, Արագածավան, Դավթաշեն, Արագած, Ապարան, Մուղնի, Ավան և Աշտարակի արհեստագործական ուսումնարանը: Իրենց համեղ ուտեստներով առանձնացան՝ Սուսերը իր քունջութե փախլավայով, Զարինջան իր ձավարե կոլորակով, Աշտարակը մեր շատ սիրելի կողակով և լոբիով, Ավանը` Իգդիրի մանթապուրով և կողբի տոլմայով, (ի դեպ, այս սեղանի ներկայացուցիչ էր նաև 17.am-ի թղթակից Ինեսա Զոհրաբյանը), Ապարանը մեր ավանդական խաշով, որը ներկայացնում էր «Արագած» հյուրանոցը, Մուղնին իր համեղ սուջուխներով, լցոնված սերկևիլով, որը ներկայացնում էին Անդրանիկ, Սաշա և Լալա Թորոսյանները, Դավթաշենն իր անմահական չորաթան ապուրով, որը պատրաստել էր Մարտիրոսյան Թամարան և մանրամասն բացատրեց պատրաստման եղանակը:

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

Նրանց սեղանին, որպես սփռոց ծառայում էր այն գորգը, որը Թամարայի տատիկը 1915 թվականին գաղթի ժամանակ Սասուն գյուղից վերցրել էր իր հետ: Այս սեղանին ես նկատեցի բազմաթիվ հին սպասքեղեն, կճուճներ, որոնցից մեկի վրա գրված էր հին ժամանակ այդ սպասքը օգտագործող մարդու անունը՝ Նահապետ:

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

 

Իհարկե, մնացած համայնքներն էլ առանձնացան իրենց առանձնահատկություններով: Եվ այս ամենին գումարած հայկական երգ ու պար: Երևի հիմա, ոմանք երանի տվեցին ինձ և շատ կուզենային իմ տեղը լինել: Ոչինչ, հաջորդ տարի:

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

Փառատոնի ընթացքում հանդիպեցի նաև մեր մյուս պատանի թղթակիցներին՝ Անի Գրիգորյանին, Արփի Խաչատրյանին, Դիանա Հովսեփյանին և նրանց, ովքեր մասնակցել էին պատանի թղթակիցների դասընթացներին:

Փառատոնի վերջում տրվեցին պատվոգրեր ըստ՝ հարուստ տեսականու, ուտեստների լավագույն ձևավորման, ազգային ավանդական սիրված կերակուրների, հյուրընկալ մատուցման, սեղանի ավանդական ձևավորման, լավագույն կենացի, տիկնիկների ներկայացման, կերակուրների պատրաստման վարպետության գնահատման:

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

Իսկ երեխաները, երբ տեսան, որ իրենց եմ նկարում, ամաչեցին և խնձորները պահեցին հետևում, ձեռքները գցեցին իրար ուսի և հպարտ կանգնեցին, բայց ամենափոքրը չամաչեց ինձնից՝ շարունակելով ուտել իր խնձորը: Եվ, երբ «ազատվեցին» ինձնից, լսելով հայկական երաժշտություն, մեծ ոգևորությամբ գնացին պարելու:

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

Արժեր այս ամենի համար անցնել քարքարոտ ճանապարհներով, հասնել սահմանին մոտ գտնվող գյուղերին, և թող թշնամին լսելով մեր երաժշտությունը, հասկանա, որ հայի ոգին միշտ էլ անպարտ է եղել մեր ավանդույթներով, հայկական երգ ու պարով…