Ani asryan

Թաքնված կյանքը Դարբասում

17 տարի ապրել և մեծացել եմ մի փոքրիկ գյուղում: Ժամանակի ընթացքում իմացա գյուղիս պատմությունը, ծանոթացա նրա «տանջանքներին»: Երբ տատիկներից և պապիկներից հարցնում եմ գյուղի հին օրերի մասին, հոգոց են հանում, մի փոքր հանգստանում են և պատմում այն ցավալի պատմությունը, որը բոլորի արցունքի և ցավի պատճառն է եղել: Հիմա այդ պատմությունը դրոշմվել է Դարբասի նոր սերնդի մտքում: Պահպանելու ենք այն և շարունակելու ենք մյուս սերունդներին փոխանցել:

Երկար տարիներ առաջ այս գյուղում ապրել են թուրքեր: Գյուղի անունը Դարբաս չի եղել, այլ Ըղուվերձ: Տարիների ընթացքում այստեղ բնակություն հաստատեցին հայերը՝ գյուղի առաջին հայ բնակիչները: Ապրել են համերաշխ, սակայն գյուղում տիրող հանգստությունը մշտական չէր: Գյուղը ունի գաղտնի ճանապարհներ, որոնց հուշող ուղի են հանդիսանում կամուրջները: Առաջին գլխավոր ճանապարհը տանում է Տաթև գյուղ: Մի օր գյուղի բնակիչներ՝ հայ պապիկը և թուրքը (նրանք ընկերներ էին) միասին գնում են Տաթև: Վերադառնալու ժամանակ, երբ հասնում են կամրջին, թուրքը պապիկին հրում է և կամրջից ցած նետում: Ասում են, որ ոչ ոք տեղյակ չի եղել այդ մարդասպանությունից, մտածել են՝ կամրջի անմխիթար վիճակն է եղել պատճառը: Որոշ ժամանակ է անցել, և իրականությունն իմացել են բոլորը: Անցել է երկար ժամանակ, գյուղում այլևս թուրքեր չեն բնակվել, որովհետև Եղեռնից հետո նրանց դուրս են հանել երկրից, բայց դարբասցու դատավճիռը դեռ վերջնական չէր: Բանակցություններ վարելու նպատակով գյուղի առաջին հոգևորականը գնացել է ժողովի թուրք պաշտոնյաների հետ: Նրան զգուշացրել էին, որ միայնակ գնա: Քահանան գնացել է միայնակ, բայց ինչպե՞ս կարելի էր վստահել նրանց: Ժողովի ժամանակ հոգևորականին սպանել են և դին հանձնել ընտանիքին՝ ասելով, որ նրա մոտ զենք է եղել: Գյուղը վշտով էր պատվել: Այս ամենից հետո, ողբերգական էր եկեղեցիների ավերումը: Հույսը մարում է ամեն փոքրիկ կորստից: Բայց նրանք ապրեցին այնտեղ, որտեղ ապրել է ոճրագործ թուրքը, որովհետև այս ամենի մեջ ուժ կար ապրելու, պայքարելու, գոյատևելու: Բայց տարիները փոփոխություն կատարեցին գյուղիս կյանքում:

Ահա գյուղս, իր ցավով, ուժով և ցավոտ պատմությամբ: Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ ներկայիս սերունդը: Տալիս ենք գյուղին փայլ, ժպիտ և չընկճվելու, հույսը չկորցնելու պատճառ: