Seroj araqelyan

Պատուհանիցը մը քիչ դեսը նստե

Այս անգամ շատ չեմ օգտագործի գրական բառեր: Չեմ օգտագործի, որովհետև այս ամենը չեմ կարող գրական հայերենով ներկայացնել: Ուզում եմ պատմել, թե ինչ է կատարվում իմ միջավայրում, երբ կրակում են իմ Բաղանիս գյուղի վրա: Լսվում են կրակոցներ տարբեր զենքերից: Ըհընց, «դեշեկա» էր. անգամ կանայք են տարբերում զենքերը, որովհետև կրակոցները դարձել են սովորական մի բան, որը սահմանամերձ գյուղերից անպակաս է: Եթե չեն նշում զենքի անունը, ասում են. «Էս են գեշ անտերներից ա, սրանց տվածը Աստծու զուլում ա»: Տարբերում են, որովհետև շատ դեպքեր են եղել, երբ կեսգիշերից հետո անսպասելիորեն կրակել են՝ չիմանալով, թե ինչին կարող են կպչել այդ շիկացած փամփուշտները: Դա դժվար է մոռանալ. դժվար է մոռանալ անքուն գիշերները կամ նկուղներում լուսաբաց դիմավորելը:

Ուզում եմ համեմատել քաղաքի երեխաների առօրյան, մեր՝ սահմանամերձ գյուղում բնակվող երեխաներիս առօրյայի հետ:

-Մամ ջան, ես իջնում եմ բակ՝ խաղալու:
-Հա, գնա, բալես, զգույշ՝ չընկնես:

-Մամ ջեն, ես գընըմ եմ դաշտը՝ րեխանց հետ ֆուտբոլ խաղ անող, մը քիչ յեդը կգամ: 
-Բալես, էն էնա տենըմ ես՝ լարված իրավիճակ ա, տանը քու հըմար նստե, բանի չես էլի ման գալի էս գեշ վախտը, կամ որ տենըմ ես՝ կրակըմ են, ճամփեն չընգնես՝ գաս, կկենաս մը քիչ դըդարե, նոր գաս:

-Պապա, չես մոռացել, չէ՞, երեկոյան ծնունդի ենք գնալու:

-Պապ, քանի օրը ցերեգ ա, բերեք շուտ գնանք ծննդի՝ գանք, թե չէ, որ քշերը գնացինք, վտանգավոր ա, էլի, յեդ գալիս ավտոյի ֆառերի լսի վրա կարող ա կրակեն: Օրը ցերեգով գնանք, ըրանքիցը հանենք գանք:

-Բալես, պարապմունքից ուշանում ես, շուտ արա, քանի չես ուշացել:

-Բալես, սօր պարապմունքդ բրախե, դպրոցըմն էիր, կրակեցին, սիրտս գնաց, աչքիս աղաքը դու եկար: Քանի հատ էլ գեղի վերևովը պժժալով գնաց: Սօր ոչ մի պարապմունք, կարալ չես ասես՝ որ պահին ինչ կըլի: Լա կացի, թե վիճակը լըվնացավ, հեգուց կգնաս:

Եվ երբ գալիս է քնելու ժամանակը.

-Բարի գիշեր, ես գնացի քնելու: Ականջակալներս պատուհանին են, չէ՞, մի քիչ երգ լսեմ ու քնեմ:

-Ես գնացի քնեմ, բարի քշեր Ձեզ: 
-Բարի քշեր, տղա ջեն, թե բարի ըլի, բի սօր շորերով պառկե, որ կրակեն, հանկարծ հագնվելու վրա ժամանակ չկորցնես: Հա, մին էլ մոռացա, կռավաթդ պատուհանիցը դեսն ենք բերել՝ դբա պատը, պոստերը երևըմ ա քու սենյակիցը, դրա հըմար: Մըչևը տենունք սրա վերջը ինչ տի ըլիլ:

Այսպիսին է առօրյա կյանքը կրակոցների ժամանակ սահմանամերձ գյուղերում, բայց դա չի նշանակում, որ մարդիկ դադարում են ապրել գյուղում, ու տա Աստված, որ սա վերջին նյութս լինի կրակոցների վերաբերյալ, կամ մյուս անգամ գրեմ արդեն ազատագրված դիրքերի մասին: