Իմ եղբայրը երգիչ է


Իմ եղբայրը` Վրեժ Ճղրիկյանը, երգիչ է: Ես ուզում եմ ձեզ պատմել նրա մասին:
Մենք արմատներով Ալաշկերտից ենք, մեր պապերը գաղթել են Ալաշկերտի Խորաբերդ գյուղից և հաստատվել Շիրակի մարզի Ազատան գյուղում: Այսօր եղբայրս երգում է ազգագրական երգեր, և ինչպես ինքն է ասում, երևի մեր նախնիների շունչն է իրեն փոխանցվել: Մանկուց լսում ու սիրում էր ազգագրական երգեր, դրանք միշտ իրեն հոգեհարազատ են եղել:

-Վրեժ, կպատմե՞ս, թե ինչպես երգիչ դարձար:

-Միջնակարգ կրթություն ստանալուց հետո մասնավոր սովորել եմ ազգագրական երգեր, այնուհետև ընդունվել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Հիմա էլ երկրորդ կուրսում եմ:
Երեք տարեկանից սկսել եմ երգել: Նաև ասեմ, որ ձայնային կարողությունս ժառանգել եմ պապիկիս հորից: Ասում են, նա շատ լավ է երգել: Շատ եմ լսել ուրիշ ժանրերի երգեր, բայց միայն ու միայն ազգային երգն է իմ մեջ տպավորվել:
Մասնակցել եմ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին, հետո Վլադիմիր Սպիվակովի կազմակերպած փառատոնին, որը կայացել է Մոսկվայում, և ես երկու անգամ ներկայացրել եմ Հայաստանը:

-Կպատմե՞ս քո առաջին համերգի մասին:

-12 տարեկան հասակում եմ առաջին անգամ հանդես եկել հանրության առաջ: Կարծում եմ, այս տողերը կարդացողներից շատերը ինձ կհիշեն իմ մանուկ հասակից:

-Ինչո՞ւ հենց ազգագրական երգեր:

-Մեզանից յուրաքանչյուրը պետք է սիրի իր ծնողներին, եղբորը, քրոջը, սիրած էակին, իր երեխաներին: Հայրենիքը հենց սա է, իսկ ազգագրական երգը սովորեցնում է սիրել հայրենիքը: Ես ինձ չեմ պատկերացնում ուրիշ ժանրում:

-Հնարավո՞ր է Հայաստանում երգելով գումար վաստակել:

-Հնարավոր է, եթե ճիշտ աշխատես: Այսօր երգիչներ կան, որ գումարով անուն են ձեռք բերում և վազում են միշտ գումարի հետևից: Իմ կարծիքով դա սխալ է. երգիչը պետք է երգի իր ժողովրդի համար, ու այդ ժողովուրդն էլ հաստատ կվճարի երգչին իր լավ կատարման համար:
Ոչ միայն երգիչը, այլ ցանկացած արվեստագետ իր արվեստով պետք է հուզի հասարակությանը:

-Արդյոք երիտասարդները հիմա լսո՞ւմ են ազգագրական երգեր:

-Իմ կարծիքով, այո: Ամեն ժանր իր երկրպագուն ունի, ազգայինը՝ նույնպես: Ազգագրական երգը շատ պահանջված ու սիրված է թե մեծահասակների կողմից, և թե երիտասարդների:

-Ուզում ես միայն ազգագրական երգե՞ր երգել, թե՞ գուցե նաև ժողովրդական, գուսանական, ռաբիս:

-Ամեն մի երգիչ պետք է ունենա իր ժանրը և չպետք է շեղվի, ես երգում եմ նաև գուսանական և աշուղական, բայց ոչ բեմերում, այլ մեր փոքրիկ խնջույքների ժամանակ: Իսկ ռաբիսի մասին խոսք չկա, ընդհանրապես չեմ երգում:

-Հիմա մեր հասակակիցները շատ են դժգոհում, որ աշխատանք չկա, անհնար է մեր երկրում կայանալ: Դու ի՞նչ ես մտածում այս մասին:

-Եթե լինենք ուժեղ, նպատակասլաց ու խելացի, ճիշտ դասավորենք մեր կյանքը, ապա կհասնենք հաջողության: