lusyabalabekyan

«Իմ իրավունքները եւ ինչպես են դրանք պաշտպանվում» թեմայով էսսեների մրցույթի հաղթողներ

Առաջին մրցանակ
Սառան

Սենյակիս մի անկյունում մանկությունս է ծվարել: Ամեն անգամ, երբ ներս եմ մտնում, ինձանից անկախ աչքերս այդ կողմն են թեքվում, ու հիշում եմ. երեք-չորս տարեկան էի, երբ մորեղբայրս սենյակիս պատին փակցրեց հասակս չափող այդ պաստառը: Ամեն առավոտ վազում էի ու չափում միլիմետրերով, սանտիմետրերով ավելացող հասակս ու սպասում էի հրաշքի: DSC_0792 Օրեցօր հասակիս հետ ավելացավ նաև միտքս: Ու մի օր էլ կարդացի պաստառի վերնագիրը. «Երեխաների իրավունքների մասին կոնվենցիա»: «Կոնվենցիա» բառն անհասկանալի էր, բայց հոդված առ հոդված կարդալով՝ հասկացա, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտել իր հայացքներն իրեն վերաբերող բոլոր հարցերով (հոդված 12): Հայացքս պայծառացավ: Հետո կարդացի. «Յուրաքանչյուր երեխա ունի իր ֆիզիկական, մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման համար անհրաժեշտ կենսամակարդակի իրավունք: Պետությունը պետք է օգնի այն ծնողներին, որոնք չեն կարող իրենց երեխաների համար ապահովել անհրաժեշտ կենսապայմանները» (հոդված 27):

Երկու տարի առաջ մեր դասղեկի հետ դասարան մտավ վախվորած մի աղջնակ՝ Սառան, ու դարձավ մեր կենսուրախ դասարանի աշակերտներից մեկը: Մեզ մոտ էր տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղից: Գյուղի երեխաներին բնորոշ պարզությունն ու միամտությունն էր դրոշմված նրա դեմքին, ու թաքուն մի ցավ ստիպում էր, որ Սառան անընդհատ խոնարհի աչքերը:
Սիրեցինք նրան: Դասամիջոցներին, երբ մեր դասարանի երեխաներն իրենց զրնգուն ձայնով ինչ-որ բաներ էին պատմում, քննարկում նախորդ օրերի ֆեյսբուքյան նորությունները, Սառան աննկատ կանգնում էր մեր կողքին՝ գուցե մեզ նմանվելու մի թաքուն ցանկությամբ: Բայց Սառան ո՜ւր, զրնգուն ձայնն ու ծիծաղն ո՜ւր… Լավագույն դեպքում միայն լայն կժպտար: DSC_0793Երբ առաջին անգամ նա, գրատախտակի մոտ կանգնած, դաս պիտի պատասխաներ, ողջ դասարանը քարացել ու սպասում էր՝ լսելու այդ քնքուշ աղջկա հեզ ձայնը: Այդ պահին ինձ թվաց, թե ես եմ դաս պատասխանում ու ես պիտի գնահատվեմ (հետո պարզվեց, որ այդ զգացումն ունեցել են դասընկերներիցս շատերը): Սառան չխոսեց: Իհարկե, այս ու այն կողմից հուշում էինք, որ անբավարար չստանա, բայց նա էլի լուռ էր: Ես կարծես հասկացա նրան: Երևի մտածել էր՝ եթե խոսի, բա որ ծիծաղե՞ն, ու գերադասել էր լռել: Սիրեցինք նրան ավելի:
Հերթապահություն էինք անում ես, Սառան ու Ժաննան ամեն երեքշաբթի: Նա չէր հավանում իմ ու Ժաննայի արածը և իրավունք ուներ, քանի որ իսկապես անում էինք ուղղակի անելու համար, արագ-արագ: Իսկ Սառան մեզանից հետո «սրբագրում էր» մեր աշխատանքը, որ հաջորդ օրը դասղեկը անթերի մաքուր դասասենյակ մտնի: Հետո պարզվեց, որ Սառան հայր չունի, մայրն էլ իր երկու աղջիկների հետ եկել էր իր հարազատների մոտ, որ կարողանար նրանց պահել ու մեծացնել: Սառան ծանր մանկություն է ունեցել, հիմա էլ հեշտ չէ նրա համար: Մեր դասղեկի հետ մտերմիկ զրույցի ընթացքում միայն հասկացանք, որ օրեր են լինում, երբ Սառան ու իր քույրիկը տանը ստիպված մենակ են մնում մինչև ուշ գիշեր, մինչև մայրը աշխատանքից գա տուն: Աղջիկները հասկանում են, որ մայրը ստիպված է այդ ծանր աշխատանքն անում (Ծաղկաձորի հյուրանոցներից մեկի մաքրությունն է ապահովում): Հետաքրքիր է, որ Սառան երբեք չի չարացել իր հասակակիցների հանդեպ, կարիքը չի փոխել նրան, թեև մայրն անում է ամեն ինչ, որ Սառան հետ չմնա դասընկերներից: Նա ընդհանրապես ժամանակ էլ չունի ուրիշներին նախանձելու, չարախոսելու: Նա պիտի դասերից հետո հասցնի տունը մաքրել, ճաշ պատրաստել (մի՛ զարմացեք), որ մայրը հոգնած տուն գա, տեսնի այդ ամենն ու հոգնածությունը մոռանա:
Սառան իր ժամանակը ճիշտ օգտագործել գիտի: Նա դասամիջոցներին հելունագործությամբ է զբաղվում: Իրեն բնորոշ հեզությամբ մի օր ասաց, որ հաճախում է Երեխաների աջակցության կենտրոնի Հրազդանի մասնաճյուղի հելունագործության խմբակի պարապմունքներին: Նա բռնիչներ է գործում ու հպարտ ասում, որ իր աշխատանքները բոլորը վաճառվում են: Հասկանո՞ւմ եք… Ես ամաչեցի: Սառան՝ ընդամենը տասնչորս տարեկան, կարողանում է թեթևացնել մոր հոգսը, աշխատել գիտի, ոչինչ, որ թերանում է ուսման մեջ (հասկանալի է՝ ժամանակ չունի), իսկ ե՞ս, ընկերուհինե՞րս, որ ուսման առաջավորներ ենք, աչքի ենք ընկնում անգլերենի, մաթեմատիկայի մեր իմացությամբ… Սառան սովորելու իրավունք ունի: Երբ մի օր հարցրի, թե երբ է հասցնում դասերը սովորել, նա իմ առաջ դրեց իր գործած զույգ բռնիչները և ասաց.
-Սրանք են իմ դասերը…
Սառան իր «դասերով» մեզ լավ դաս տվեց՝ գնահատելու մեր ունեցածը:
Սառան անհոգ ապրելու իրավունք ունի:

Լուսյա Բալաբեկան, 14 տ., Հրազդանի թիվ 8 դպրոց, Կոտայքի մարզ