Digitec էքսպո 2016

Լուսանկարը՝ Ռաֆայել Սահակյանի

Լուսանկարը՝ Ռաֆայել Սահակյանի

Հոկտեմբերի մեկ։ Ժամը գիշերա-առավոտվա 6։00։ Բացում եմ տան դուռն ու նկատում երկու մարդու ուրվագիծ։

-Էս ինչի՞ եք եկել,- հարցնում եմ ես, ու մենք ծիծաղից փորներս բռնում ենք․․․

3 օր առաջ։

Դասերից հետո դասընկերուհիս՝ Աննան, ասաց, որ Մալիշկայի ռոբոտաշինության դասընթացներին մասնակցող երեք ակտիվ աշակերտների տանելու են Երևան՝ ինչ որ միջոցառման։ Դե, ես ինձ մի քիչ վերագնահատելով կարծեցի, թե այդ ակտիվներից մեկը ես եմ, չմտածելով անգամ, որ գնալու եմ ռոբոտաշինության էքսպոյի, որը տեղի էր ունենալու Երևանում։ Նույն օրը երեկոյան ինձ զանգահարեց ռոբոտաշինությանս ուսուցիչն ու ասաց, որ ես էլ եմ գնալու Երևան, և ի ուրախություն ընկերոջս՝ Վահեի, նա էլ է գալու։ Որոշվեց. հոկտեմբերի մեկին, առավոտյան 6։30 շարժվում ենք։

Լուսանկարը՝ Ռաֆայել Սահակյանի

Լուսանկարը՝ Ռաֆայել Սահակյանի

Էքսպոյի նախորդ օրվա երեկոն էր, զարթուցիչս դրեցի 5։30 ու գնացի քնելու։

Տռլըմ, տռլըմ… (փորձում եմ զարթուցիչիս ձայնը տառերով գրել)։ Մի րոպե, բայց, իմ զարթուցիչը մեղմ երաժշտությամբ ինձ գուրգուրելով արթնացնում էր, սա ուրիշ ձայն է։ Վահեն էր զանգում։

-Վերկաց, հագնվի, լվացվի։ Գալիս եմ։

Հագնված, հաց կերած ու լվացված նստել եմ խոհանոցում ու սպասում եմ զանգի։ Ահա, հեռախոսս ծնգաց, բայց Վահեն չէր, զարթուցիչս էր։ Ահա, ևս մի ծնգոց։ Էհ, հիմա էլ երկրորդ զարթուցիչն էր։ Դե, համենայնդեպս էի դրել: Մարդ ես, բա որ չարթնանայի։ Վերջապես երրորդ ծնգոցը։

Բացում եմ տան դուռն ու նկատում երկու մարդկանց ուրվագիծ։

-Էս ինչի՞ եք եկել,- հարցնում եմ ես, ու մենք ծիծաղից փորներս բռնում ենք։

Մի խոսքով, գնացինք պայմանավորված տեղն ու բավականին երկար սպասեցինք մեր ավտոբուսին։ 7-ին շարժվեցինք։ Դե, լավ ա էլի մարզում «ակտիվ» երիտասարդ լինելը։ Ավտոբուսում Վայոց ձորի մնացած ակտիվ երեխեքն էին, նոր ծանոթությունները ակնկալածիցս քիչ էին։ Գրեթե կեսին ճանաչում էի։

10-ին հասանք Երևան։ Ես ու Վահեն միանգամից վազեցինք էքսպոյի շենք։ Մի բառով ասեմ՝ դրախտ։ Մի կողմում երեխեքի սարքած ռոբոտները, մյուսում՝ 2016-ի ամենահզոր խաղային համակարգիչները, նորագույն խելախոսները, աքսեսուարները և այլն։

Լուսանկարը՝ Ռաֆայել Սահակյանի

Լուսանկարը՝ Ռաֆայել Սահակյանի

Վահեի հետ հիանում էինք այդ ամենով, երբ մի տղա կողքովս անցնելիս կանգնեց, ու նայեց վրաս։ Շրջվեմ ու տեսնեմ` ի՞նչ։

-Իյա, ապ ջա՞ն։ Էս դուք էլ «արմաթ» ունի՞ք։

-Ըբը, ինչըխ,- փորձեցի իր բարբառով պատասխանել։

Հարութն էր։ Նրա հետ ֆեյսբուքով էի ծանոթացել ու կյանքում չէի տեսել։

-Ռաֆոն էլ է ստեղ, Վահեն էլ պիտի գա մի քանի ժամից,- Ռաֆոյին ու Վահեին էլ էինք ֆեյսբուքում գտել, ընդհանուր չաթ էինք բացել։

-Պարոն Աբրահամյան,- Ռաֆն էր, ներկայացավ իր ֆեյսբուքյան կեղծանունով։

Ծանոթացանք նրանց ստեղծած ռոբոտների հետ։ Մեկն ական էր գտնում, մյուսը` «դրիֆտ անող» փոքր մեքենա էր. ու այսպես շարունակ։

Քայլում էի սրահով, մոտենում տարբեր ծրագրերի ու նրանցից վերցնում իրենց այցեքարտերը, ինքս էլ չգիտեմ` ինչիս էր պետք։ Ուղղակի վերցնում էի։ Ահա, մի տղա էլ անցավ կողքովս ու էլի այնպես վրաս նայեց, ոնց ինֆորմատիկայի ուսուցիչը անդրոիդ համակարգին կնայեր։

Հերթական սոցցանցային ծանոթս էր: Նրա հետ էլ զրուցեցինք: Իսկական տոն էր էքսպոյում, ոչ միայն նրա համար, որ այդքան հետաքրքիր սարքեր ու սարքավորումներ տեսանք, այլ տոն էր նաև նրա համար, որ մի տեղում էին հավաքվել այդքան խելացի ու ակտիվ երիտասարդներ: Դե, ես մեզ էլ նկատի ունեմ (Շա՞տ էր անհամեստ,բայց ես սկզբում էլ ասացի, որ լավ է մարզում ակտիվ երիտասարդ լինելը):

Հա, մոռացա ասեմ, որ ես ու մեր գյուղի Վահեն գրանցվել էինք խաղարկության, որում մի հոգի պատահականության սզբունքով հաղթելու էր խաղային մկնիկ, ստեղնաշար կամ ականջակալ։ Մեզնից հասնում էր ուղղակի 5։ 30-ին լինել խաղարկության վայրում, այլապես մրցանակը կտրվեր ուրիշի։ Ու կռահեք` ինչ եղավ։ Դե ինչ պիտի լիներ, ժամը հինգին ուսուցիչս ասաց, որ վերադառնում ենք գյուղ։ Ուղղակի կլռեմ ու չեմ փորձի բացատրել մեր տրամադրությունն այդ պահին։ Միայն կասեմ, որ մի 3 ժամ էլ հետ եկանք, բայց այս անգամ մեր դանդաղ շարժվելը մեր օգտին էր։ Երեխեքի հետ ինչ խաղեր ասես չխաղացինք․․․

Հ․Գ․ Հա լավ, ոչինչ։ Թող մի խաղարկության էլ չմասնակցեինք, դա չի խանգարի, որ այս օրը դասվի ամենահագեցած օրերիս շարքում։