Lilia Apresyan

Իմ Վահան գյուղը

Մեր գյուղը մի փոքր ընտանիք է: Էստեղ մարդիկ իրար սիրում են, հաճախ էլ՝ կռվում, հետո էլի հաշտվում՝ մի բաժակ սուրճի սեղանի շուրջ: Մեր փոքր ընտանիքում ամեն ինչ պարզ է ու շիտակ. մարդկային հարաբերությունները, կյանքը, օդը, ջուրը, մի խոսքով՝ ամեն ինչ:

Մեր գյուղը մնացած գյուղերից էդքան էլ չի տարբերվում: Չնայած, չէ: Շատ գյուղերից տարբերվում է ասֆալտի (արդեն մաշված), ճանապարհային լուսավորության, մշտական գազի ու լույսի առկայությամբ:

Մեր հրաշք գյուղը դեռ Արցախյան ազատամարտի տարիներից անվանում են Վահան: Գիտե՞ք, թե ինչու: Ասեմ: Երբ սկսվել է ազատամարտը, գյուղը իսկական վահան է եղել ամբողջ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի համար: Սակայն տարբեր ժամանակներ գյուղն ունեցել է տարբեր անվանումներ՝ Ռուբենակերտ, Օրջոնիկիձե: Տեղացիներն անվանել են նաև Ջրդխան: Ջրդխա՞ն: Զարամացաք, չէ՞: Կզարմանաք, բա ի՞նչ կանեք:

Մեծ տատիկս (այսինքն՝ հորս տատիկը, էլի) մի օր պատմեց «Ջրդխանի» պատմությունը: Տատի խոսքերով, գյուղում մի խան է ապրելիս եղել: Էդ խանի ժամանակ գյուղում էնքա՜ն ձյուն է եկել, որ խանը նույնիսկ չի կարողացել իրենց գոմի դուռը բացի ու ճարահատյալ թողել է գյուղից փախել: Գյուղի անունն էլ մնացել է Ջրդխան (ջուր- կապված ձյան հետ և խան):

Դե, թե որքանով է էս պատմությունը ճիշտ, որքանով՝ սխալ, դա չգիտեմ, բայց կարծում եմ՝ հետաքրքիր պատմություն է:

Գյուղն ազատամարտի դեռ առաջին օրերից մեծ մասնակցություն է ունեցել հայրենի երկրի պաշտպանության սրբազան գործին: Գյուղի ինքնապաշտպանության ժամանակ զոհվել է 16 հայորդի, որոնց անմար հիշատակին է նվիրված գյուղի հուշահամալիրը:

Մեր գյուղում, մեր ընտանիքում՝ Վահանում, մարդիկ միշտ պատրաստ են իրար օգնել:

Էստեղ հարևաններն իրար օգնում են ամեն հարցով, պետք եղած ժամանակ հաց են տալիս, «մածնի մերան», հավի կուտ, ալյուր, իսկ երբ հետ են վերադարձնում, չեն վերցնում: Բայց, հե-հե՜, երբ մի օր էլ վիճում են, ամբողջը հիշում են ու երեսով տալիս…

Գյուղացու կյանքը հեշտ չի. ամեն օր առավոտ ժամը 5-ին վեր կաց (ամառը), մի բաժակ սուրճ խմի ու արագ գնա գոմ, կովերին կթի և ուղարկի արոտի, որ էդ խեղճերն էլ էդտեղ սովամահ չլինեն: Հավերին կուտ տուր, մեկ էլ ոչխարներին ուղարկի արոտի: Հետո արի տուն ու հազիվ հասցրու մի էրկու գործ արա, մեկ էլ, հո՛պ, կտեսնես տավարն արոտից էկավ: Էլի գնա գոմ ու էդքանը տեղավորի, կթի, ջուր տուր… Ու էլի զանազան գործեր: Ու ո՜չ երանի նրան, ում տնտեսությունը մի քիչ մեծ է:

Վերջ, օրը վերջացավ, մեծերի ասած՝ «մթինն ընգավ»:

Էսա գյուղացու օրը: Ամբողջ օը չարչարվի, ստեղծի, որ քո էրեխեն ոչ մեկից հետ չընկնի: 12 տարի դպրոց ուղարկի, մեկ էլ մտածի, թե ոնց ես քաղաք տեղ պահելու, սովորեցնելու, էդքան ծախսերն անելու:

Մի խոսքով, հեշտ չի գյուղացու կյանքը: Ու ամեն դեպքում, գյուղացու չարչարանքի, աշխատանքի շնորհիվ է, որ ունես կայուն գյուղատնտեսություն:

Ինչևէ, ժողովուրդ ջան, էս էլ մեր Վահան գյուղը, որտեղ մարդիկ իրար սիրում են, հաճախ էլ՝ կռվում, հետո էլի հաշտվում՝ մի բաժակ սուրճի սեղանի շուրջ: