Իմ «Տարվա մարդը» մրցույթի ամփոփում

Պլյուս-մինուս տասնյոթ. սա հասարակության մեջ մարդու ինտեգրման տարիքն է, ուրիշներին բացահայտելու տարիքը: Հենց այս տարիքում է մարդը, որպես կանոն, գտնում Ընկերներ (մեր երկրում, անգամ` մարտական), հանդիպում իր Սիրուն, ձեռք բերում Մրցակիցներ, ունենում Ուսուցիչներ, «ընկնում» կամ ձևավորում Շրջապատ… Ու այս ամենը, այո, հաճախ` մեծատառով, գոնե իր պատկերացմամբ: Հենց այս տարիքում է յուրաքանչյուր տարին իսկապես նոր էջ բացում մարդու կյանքում, և հիմնականում` իրեն հանդիպած նոր մարդկանց շնորհիվ:

Ու ահա, հենց այս նույն տարիքի լրագրողների ու ընթերցողների շրջանում մեր հայտարարած «Իմ «Տարվա մարդը» մրցույթին ստացված արձագանքները կարելի է հաշվել ձեռքերի մատների վրա:

Սա նշանակում է, որ կամ շատ տխուր ենք ապրում, տիկնայք և պարոնայք, կամ մեր շփումները իսկապես զուտ վիրտուալ են դարձել, կամ էլ պարզապես երախտամոռ ենք ու չենք գնահատում մեր կյանքում հանդիպած մարդկանց, որոնք ճակատագրի նվերն են մեզ:

Բոլոր դեպքերում էլ` շատ վատ է:

Վատ է, բայց միանգամայն օրինաչափ է նաև այն, որ արդյունքում ժյուրին որոշեց մրցանակներ չհանձնել, բավարարվելով միայն մի քանի խրախուսական մրցանակներով:

Ժյուրիի նման որոշման պատճառը ոչ միայն նյութերի սակավաթիվ լինելն էր, այլև դրանցից շատերի անհամապատասխանությունը հայտարարված թեմային: Ու քանի որ 17-ը զուտ միայն ձեր ուղարկած նյութերը հրապարակելով երբեք չի բավարարվում, այլև ավելի շատ փորձում է սովորեցնել, կրթել, ցույց տալ սխալները, ուստի կարծում ենք, դեմ չեք, եթե փորձենք մի փոքր բացատրել, թե ինչ նկատի ունենք:

Նախ, հեղինակների մի զգալի մասը «Տարվա մարդ» խորագրում լիովին անտեսել է «տարի» բառը: Օրինակ, մրցույթի մասնակիցներից միանգամից մի քանիսը որպես իրենց «տարվա մարդ» ներկայացրել են իրենց պապիկին, քույրիկին կամ հայրիկին, ինչը ինքնին խիստ ողջունելի է, տատիկներն ու պապիկները իսկապես մեր կյանքի կարևորագույն մարդկանցից են, էլ չասած հայրիկների ու քույրիկների մասին: Սակայն դժվար է ենթադրել, որ վերոհիշյալ հեղինակները իրենց պապիկի կամ հայրիկի հետ ծանոթացել են անցած տարի: Հետևաբար նրանք պետք է ոչ թե պարզապես ներկայացնեին իրենց ընտանիքի այս կամ այն անդամին, այլ պատմեին, թե ինչ նոր բան են բացահայտել նրա մեջ, ինչ նոր բան են սովորել նրանից բոլորովին վերջերս` անցած 365 օրերի ընթացքում: Այսինքն, մեր մրցույթի նպատակը ոչ թե պարզապես մեր շրջապատում եղած լավ ու արժանի մարդկանց գովերգումն էր կամ անարժանների պախարակումը, այլ այն կարևոր փորձառությունը ներկայացնելը, որ ձեռք ենք բերել այդ մարդկանց հետ վերջին տարվա ընթացքում ունեցած շփումների արդյունքում: Սա նշանակում է, որ եթե նույնիսկ մեր «տարվա մարդը» տարեցտարի նույն անձնավորությունը լինի, նրա մասին պատմությունները պետք է ամեն անգամ տարբեր լինեն, քանի որ դրանք պետք է ներկայացնեն նրանից ստացած նոր «դասը»: Չէ՞ որ «մեր կյանքում հանդիպած յուրաքանչյուր մարդ մեզ «դաս է տալիս»` մեկը սովորեցնում է ուժեղ լինել, մեկը` իմաստուն, մեկը սովորեցնում է ներել, մեկ ուրիշը` ուրախանալ ամեն բացվող օրով…»:

Ժյուրիի հարգարժան անդամները, ցավոք, հրապարակված նյութերի մեծ մասում չտեսան ոչ հեղինակների ստացած այդ «դասը», ոչ էլ «դասատուներին»: Նույնիսկ այն դեպքերում, երբ ըստ ամենայնի, հեղինակի կյանքում 2019-ը իսկապես նշանավորվել է այս կամ այն անձով պայմանավորված կարևոր փորձառությամբ, ընթերցողին մնում է ավելի շուտ կռահել այդ մասին, քան հեղինակի օգնությամբ «անձամբ ծանոթանալ» այդ անձնավորության հետ և վերապրել այդ փորձառությունը: Քանի որ մեր ոչ պակաս հարգարժան հեղինակները որպես կանոն սահմանափակվել են իրենց հերոսներին ընդամենը մատնանշելով, վկայակոչելով, հիշատակելով, հայտարարագրելով կամ վերջինիս համառոտ կենսագրությունն ու բնութագիրը ներկայացնելով:

Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացված ակնարկների գերակշռող մասը «տառապում է» տարածված ու ամենքիս հատուկ «հիվանդությամբ»` վերացական դատողություններ, իմաստուն, կամ ոչ այնքան, խրատներ ու բանաստեղծական զեղումներ` իրական մարդկանց մասին կենդանի պատմությունների փոխարեն:

Թերևս կարելի է բավարարվել այսքանով, մանավանդ որ, ընդհանուր պասիվության ֆոնին մեր փոքրաթիվ հեղինակները ավելի շուտ գովեստի են արժանի իրենց նախաձեռնողականության ու համարձակության համար, և ասվածն էլ ավելի շատ նրա համար է, որ ուրիշներն էլ հետևություն անեն:

Ժյուրիի կողմից խրախուսական մրցանակների են արժանացել Մարիամ Տոնոյանը, Սևակ Միրաբյանը և Թամարա Գալստյանը: Ինչ արած, հավանաբար ժյուրիի գործը հենց խստապահանջ լինելն է:

Դե, իսկ նորին գերազանցություն Ինտերնետը նման «մանրուքներին» ոչ միշտ է ուշադրություն դարձնում, այստեղ հաճախ որոշիչ են լինում բոլորովին այլ գործոններ: Ֆեյսբուքի կողմից որոշված հաղթողների ցանկը (ըստ հավանումների թվի) այսպիսին է. Մարգարիտա Ղազարյան, Թամարա Գալստյան, Սյուզաննա Բաբայան:

Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին, նրանց հետ մենք կկապվենք մոտ օրերս:

Իսկ մեր բոլոր հեղինակներին (ոչ միայն մրցույթի մասնակից) ու ընթերցողներին մաղթում ենք, որ այս տարին իրենց համար լեցուն լինի հիշարժան հանդիպումներով, հետաքրքիր ծանոթություններով, մարդկանց մոլորակի նորանոր բացահայտումներով, որպեսզի տարեվերջին դժվարությամբ կարողանան կողմնորոշվել, թե բազմաթիվ «տարվա մարդկանցից» որ մեկն էր ամենա-ամենան, և իրենք էլ լեցուն լինեն ամեն տարով ու ամեն մարդով խանդավառվելու ոգով, ինչպես և վայել է +/-17 տարիքին ու կայքին: