Seroj araqelyan

Իմ 2017-ը

Գիտեմ, որ նյութերս հաճույքով ես կարդում: Դրա համար էլ գրել եմ ու շարունակում եմ գրել: Այս անգամ չեմ գրելու պատմություն, կամ դեպք, կամ չգիտեմ մի փոքր նյութ՝ գրելու եմ մի ամբողջ տարվա մասին: Եթե չես կարդալու մինչև վերջ, ապա հենց հիմա էլ կարող ես փակել և շարունակել քո գործը: Դե, քանի որ տարին ամբողջությամբ պատմելու եմ, բնականաբար սկսեմ այս հունվարից:

Ամանոր է: Հրավառություն: Ձմեռ պապ տեսած փոքրերի ճիչեր, նվերների բաժանում և էլի հրավառություն: Ահա և եկավ կեսգիշերը: Մինչ ես մի կերպ փոքր եղբորս համոզում էի, որ հյուրասենյակը լքի՝ այդ ժամանակ մայրիկս նախապատրաստում էր ննջասենյակներից մեկի պահարանից հանել նվերը և գաղտնի դնել տոնածառի տակ, որպեսզի եղբայրս գա և ժպտա. «Վայ, Ձմեռ պապիկը ինձ նվեր ա բերել»: Քիչ անց եղբայրս ասաց սա և արագ վազեց նվերների մոտ:

Գիշերը անցավ: Հունվարի 1-ի առավոտն է: Արթնանում եմ սեղանին շարվող ափսեների ձայներից: Վայ, ճիշտ ա՝ մտել ենք 2017: Էսօր գոնե շուտ արթնանամ: Այդ օրը առանձնահատուկ է նաև նրանով, որ ընտանիքի անդամներին համբուրելով ես բարևում:

Առավոտյան ընթրիքից հետո սկսեց օրվա գրաֆիկի կազմումը: Դուրս ես գալիս, մարդ չկա, բոլորը տանն են: Գալիս ես տուն, էլի նույնը: Սպասում ես մեկը պիտի գա, էն էլ եկող չկա: Դու մի ասա՝ էդ եկողն էլ մեզ է սպասում, որ գնանք, բայց ոչ մեկը տեղից չի շարժվում: Ստանում ես զանգ, որ երեկոյան ուզում են գան հարազատներդ: Դե, մինչ գա երեկոն, ես կամ կզբաղվեմ համացանցով, կամ արդեն անբաժան դարձած հեռուստաալիքներից կնայեմ Ամանորյա հիթ դարձած Հարրի Փոթերի ֆիլմըեր, որը ինձ միշտ մանկությունս է հիշեցնում: Կամ էլ, ինչպես բոլոր Նոր տարին տոնողները, կենտրոնացած մոտենում եմ սեղանին այնպես, որ կողքից նայողները մտածում են՝ էսա ամբողջությամբ կոչնչացնի: Բայց ինչպես բոլորը, նայում եմ սեղանին, ամեն ինչից հրաժարվում և վերցնում ընդամենը մեկ հատ չամիչ և էլի նստում բազմոցին, շարունակում կամ երգ լսել կամ կինո դիտել:

Ահա և եկավ երեկոն ու հարազատները: Հետո եկավ մյուս երեկոն: Մենք գնացինք հարազատներին հյուր: Եվ այսպես մի քանի օր, և շարունակվեց էլի նույն առօրյան: Նույն հոգսերով մարդիկ, նույն դեմքերով… Սկսեցի սպասել համալսարանական ընդունելության քննություններին: Կենտրոնացա պարապմունքների վրա: Եթե նկարչությունը ու սպորտը հավասար էին, ապա սպորտը մղվեց երկրորդ պլան: Չէ որ ես սպորտով չեմ ճարտարապետական ընդունվելու:

Եկավ հայտ լրացնելու օրը, տեսա ընդունելության քննությունների օրինակները: Հույսերս մարեցին, թե կընդունվեմ: Արդեն սովորական էր դարձել գիշերվա 04:00-ին քնելը: Չէ որ ես լուրջ տեղ եմ ընդունվելու, պիտի պայքարեմ: Արդեն Գծանկարին ու Կոմպոզիցիային տիրապետում էի: Բայց գծագրությունից միայն գծագրություն բառը գիտեի: Իմացա համալսարանի կողմից անցկացվող դասընթացների մասին: Ընտրեցի գծագրությունը և մեկ շաբաթ կաշվիցս դուրս գալով աշխատեցի: Աշխատեցի անգամ օրը 24 ժամ: Անգամ դասընթացի գնալուց մետրոյի մեջ էի ասում՝ սա լծորդելու համար պետք է սա, իսկ սա ստանալու համար անհրաժեշտ է թեքել այսքան աստիճան: Գումարած հեռախոսիս մեջ ներբեռնված գծագրական ծրագրերը: Ընդամենը մեկ շաբաթ: Ես անտեղյակ մտա համալսարան և մեկ շաբաթ հետո դուրս եկա բավարար գիտելիքներով, որպեսզի ընդունվեմ: Բայց որպես խորհուրդ միայն համալսարանում չպիտի խորանալ: Ես ընդունվեցի՝ ընդունվեցի իմ ուժերով: Ասե՞մ՝ ինչը ինձ օգնեց՝ լավատեսությունը: Ես գիտեի, որ դժվար է լինելու, բայց ժպտալով մտա քննասենյակ, որ չասեն՝ ոչինչ չգիտի: Ես չէի հասկանում իմ դիմաց դրված խճճված բանաձևերը: Մատներիս արանքում դրված մատիտը արդեն ամուր սեղմելուց կոտրվում էր, բայց ես էլի ասում էի, որ չպետք է հանձնվել: Լավ է նման մի բան հորինել, քան թե դատարկ թուղթ հանձնել և ասել՝ ոչինչ չգիտեմ: Եվ ստացվեց: Անգամ գտել էի ձևը, բայց ժամանակը չհերիքեց: Էլ չասեմ, թե ինչպիսի վիճակ էր, երբ գիշերը թելերով քանոն էի ձգել, որպեսզի պատրաստ լինի: Բայց արի ու տես՝ քննասենյակում պայուսակը բացելուց հետո տեսնում եմ՝ թելերը քանդվել են: Ու չգիտեմ ոնց, բայց արագ հավաքեցի ու անցա քննությանս: Ես ընդունվեցի: Ընդունվեցի և սպասեցի սեպտեմբերին: Իմ նոր կյանքին: Ուսանող Առաքելյան Սերյոժայի, կամ ինչպես բոլորը կասեն՝ Սերոժի նոր կյանքին:

Մինչ Երևան գալս էլի լավ ու վատ պահեր եղան: Ես միանգամից ձեռք բերեցի մեծ թվով ընկերներ: Հուսամ, կարդացել եք «Հաղարծնի շաբաթ» նյութս: Օգոստոսի 7-13-ը իրականացվող կամավորական շաբաթի մասին: Որպես լրագրող-լուսանկարիչ ես հնարավորություն ունեցա շփվել մի շարք հայտնի մարդկանց հետ:

Հենց այստեղ ես ստացա մի վատ լուր. իմացա պապիկիս անբուժելի հիվանդության մասին: Դժվար էր տեսնել օր օրի վատացող նրա վիճակը: Դժվար էր իրեն այդ վիճակում լքել և Երևան գալ: Չգիտեի անգամ, թե ինչ անեմ. մնա՞մ, թե՞ գամ, որովհետև ջանք ու եռանդ չեմ խնայել ընդունվելու համար: Մի կողմից էլ լավ հասկանում էի, որ հետո շատ եմ զղջալու կողքին չլինելու համար:

Եկա Երևան: Արդեն ուսանող եմ: Սեպտեմբերի 1-ն է: Արդեն ես չափահաս եմ: Բնականաբար սեպտեմբերի 1-ին ծնունդս է, դարձա 18 տարեկան: Սեպտեմբերը, կարելի էր ասել, ծանոթության ամիս էր. թե քաղաքի, թե որպես ուսանող ընկերների առումով: Ինչու չէ, նաև իմ անբաժան մասնիկ դարձած «Մանանա» կենտրոնի մյուս անդամների հետ ծանոթանալու առումով: Չնայած քաղաքին շուտ եմ հարմարվել, դե կարդացած կլինեք, որ մանկությունս Մոսկվայում է անցել: Ավելի ճիշտ կլինի ասել Երևան քաղաքի հետ: Ամենօրյա կատարվող առաջադրանքներ: Բարդացող հանձնարարություններ, և ինչու չէ, նաև սպասված ուրբաթ: Թեյի ակումբ: Եթե տեղյակ չեք, ասեմ, որ ամեն ուրբաթ «Մանանա» կենտրոնի սաները հավաքվում են «Մանանա» կենտրոնում և թեյի սեղանի շուրջ ավելի մտերմանում, նոր գաղափարներից խոսում, մրցույթներ ու ինտելեկտուալ խաղեր կազմակերպում և ավելի ամրապնդում ընկերական այդ մեծ կապը: Արդեն կար գրաֆիկ, կար նաև շաբաթ-կիրակի օրերի համար նախատեսված պլաններ: Անցավ որոշ ժամանակ, և լավ չեմ կարող սա չասել, որովհետև խոստացել եմ ամբողջությամբ տարին ամփոփել: Այո, ես սիրահարվեցի: Ես էլ զգացի լավ ու վատ կողմերը: Բայց ավելի շատ վատ: Մեկ շաբաթ հույսով ու հավատով ապրելուց հետո, ես մերժվեցի: Ինձ թվում է, էս հատվածը բավական է, չարժե խորանալ:

Անցավ էլի որոշ ժամանակ: Զանգեցի տուն, բայց լսեցի մի բան, որ իրոք մինչև հիմա չեմ հավատում: Իմացա պապիկիս մահվան մասին: Ճիշտ է, մինչև հիմա չեմ համակերպվում, բայց ոչինչ փոխել չեմ կարող: Պապիկիս մասին նյութ գրեցի: Ես իրեն հավերժացրեցի իր նկարով ու նյութով: Ու ամենատխուր, բայց ինձ համար չփոխարինվող նյութն է դա:

Արդեն կամաց-կամաց հունի մեջ էի ընկնում: Էլի դաս, առօրյա ու ինձ լավ տրամադրություն պարգևող ուրբաթ: Ծանոթացա մի մարդու հետ, ում հետ մեկ տարի է՝ շփվում եմ ֆեյսբուքով: Եկավ օրը, և ես հանդիպեցի իրեն: Այո, ինքը Լիանան է: Քիչ ժամանակ է, որ շփվում ենք, բայց արդեն վաղեմի ընկերոջ տպավորություն է թողել: Լիանան հնարավորություն է տվել շփվել քաղաքական գործիչների հետ: Ներկա գտնվել լուրջ ու կարևոր հարցերի քննարկմանը: Մասնակցել բարեգործական ծրագրերի, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալ եմ:

Կարելի է ասել, վատ հիշողություններից քիչ բան է մնացել: Բայց էն, որ ես տեսնում եմ իմ առջև դրված նպատակները, թե ինչպես եմ առաջ գնալու, արդեն ինձ տալիս է ժպտալու առիթ, որոնցից մեկը իմ 17-ն է: Ինձ անգամ դեմքով ճանաչում են փողոցում, ինչի համար ես դարձյալ «Մանանա» կենտրոնին եմ շնորհակալ՝ մեր Բաղանիսի դպրոց այցելելու և ծրագիրը ներկայացնելու համար, դասընթացների, ճամբարի, իմ առաջին քայլերին որպես թղթակից աջակցելու համար: Հիմա ինձ համար ուղղակի մեծ պատիվ է լինել 17.am-ի լրագրող-լուսանկարիչ: Ինչու չէ, նաև այն գովեստի խոսքերը, թե ինչպես եմ կարողանում հասարակ հեռախոսով նկարել այնպիսի ֆոտոներ, որ ոմանք չեն հավատում, որ հեռախոսով է արված: Այսպես մտածում էի իմ հաստատուն քայլերով առաջընթացի մասին, երբ ստացա մի զանգ.

-Առաքելյան, բարև, վայենկոմատից ա, ներկայացիր ծառայողական հետազոտությունների:

…Ինչպիսի պահի, երբ մտածում էի հետագա պլանների մասին: Դեռ չեմ ավարտել հետազոտությունները, բայց այս հունվարին ես նույնպես կկրեմ այն կոչումը, որի մասին խոսում էի՝ կդառնամ Հայոց բանակի զինվոր:

Համարյա հասա այն հունվարին, որից սկսել էի: Դե, մի անգամ էլ բանակ գնալուց առաջ նյութ կգրեմ: Չնայած չէ, ինչի՞ մի անգամ: Կփորձեմ շատ գրել: Բայց էն, որ գնալուց առաջ գրելու եմ, դա հաստատ:

Ահա և իմ 2017-ը: