Մի բաց նամակ Օտարությանը

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Բարև, բարեկամս, կրկին ես եմ, հիշո՞ւմ ես, այն հուսահատ հայրենասերն եմ, որ ամեն առավոտ մտածում է հայրենի տնից փախչելու ու քո գիրկը գալու մասին։ Կարծում եմ՝ գիտես, որ երբեք չեմ սիրել քո տեսակը, դու ուրիշ ես եղել միշտ ու եղել ես հետաքրքիր ուրիշների, ոչ ինձ համար։ Գիտե՞ս՝ ես հոգնել եմ անընդհատ ճչալուց, աղաղակելուց, երբ գիտեմ, որ ինձ չեն լսում, որովհետև փոքր եմ, հասուն չեմ, իսկ փոքրի ասածը որքանո՞վ պիտի կարևորվի… Բայց ներքին մի զգացում դանակի նման խրվել է մինչև ոսկորներս ու սպառնում է սպանել ինձ, եթե չարտահայտվեմ։

Կանխագուշակելով իմ ապագան՝ հասկանում եմ, որ միայն դու կարող ես ինձ ընդունել, միայն դու կարող ես անտարբերությամբ կարդալ իմ գրած նամակը ու ոչինչ չասել, մի օր էլ դռներդ բացել ու ապաստան տալ ինձ՝ հայրենասեր պանդուխտիս։ Հայրենասեր եմ, թե հայրենասեր էի, արդեն ինքս էլ չգիտեմ, որովհետև վաղուց փշրվել են հայրենիքի մասին ունեցած իմ պատկերացումները։ Առաջներում կարծում էի, որ հայրենիքը ոչ միայն այն տարածքն է, որտեղ մեր նախնիները ի սկզբանե բնակություն են հաստատել, այլև մենք՝ ողջ հայությունը։ Ափսո՜ս, հիմա հասկանում եմ, որ իմ նման փոքրիկներն իրենց համար մշտապես վառ երազներ են հյուսում, բայց իրական կյանքն ավելի դառն է ու հանդուգն։ Չգիտեմ՝ քո մոտ է՞լ է այդպես, թե՞ միայն Հայաստանում է, որ մի ողջ ժողովուրդ միշտ տուժում է մի ագահ մարդու պատճառով:։
Գիտե՞ս, Օտարություն, կարծում ես՝ դու գրավի՞չ ես, ո՜չ, այն, որ քո գրկում շատ հայեր կան, միմիայն ագահ մարդու «շնորհիվ է»։ Նրա շնորհիվ է նաև, որ մեր երկրում ոչինչ, բացառապես ոչինչ մերը չէ։
Դպրոցում մենք թերթում ենք մեր պատմության էջերը, պատմության ուսուցչուհին պատմում է մեր մեծերի սխրագործությունների, հանուն հայրենիքի կատարած զոհողությունների, բարեկարգումների, արքաների՝ ժողովրդի հանդեպ ունեցած սիրո մասին, ու ենթագիտակցորեն մեր մեջ տպավորվում է, որ նորմալը դա է։ Բայց գիտե՞ս՝ մարդիկ հակասում են իրենք իրենց։ Երբ մենք՝ անչափահասներս, տեսնում ենք իրականությունը, երբ հասկանում ենք, որ պետական գանձարանը դատարկվում է անկուշտների թեթև ձեռքով, և չեն ուզում հետ կանգնել իրենց մտքից, մենք ցանկանում ենք փրկել ինքներս մեր ապագան՝ լինի դա բողոքի, ցույցի, դասադուլի, կամ այլ ակցիաների միջոցով։ Մենք արեցինք մեր առաջին քայլը, բայց փոքրերի կարծիքն անտեսվեց։ Վայրկյաններ անց ոստիկանները մեզ ճանապարհեցին դպրոց, փակեցին դպրոցի դուռը և արգելեցին դուրս գալ մինչև դասերի ավարտը։ Դե, թող խելագարվի այս սերունդը, ճանաչելով անցյալը ու տեսնելով մշուշապատ ներկան՝ պիտի լռի։ Չէ, լռել չեմ կարող…
Օտարություն, խնդրում եմ, քո գրկում եղած հայ ժողովրդին չանտեսես, նրանք արդեն իրենց իսկ հայրենիքի կողմից անտեսված եղել են, պահպանիր նրանց ու ներիր ինձ, որովհետև որքան էլ ինձ հալածեն, որքան էլ հուսահատվեմ, որքան էլ գերես ինձ, կմնամ իմ լքված Հայաստանում։ Չգիտես՝ ինչու, ես միշտ լավատես եմ ու հավատում եմ, որ քո գրկում եղած հայորդիները անվերադարձ կլքեն քեզ ու տուն հետ կգան։

Հարգանքներով՝ հայրենասեր