virsavia

Ինչպես ապրել

Հարցազրույց մայրիկիս՝ Օֆելյա Դանիելյանի հետ:

-Մայրիկ, կպատմե՞ս քո մասին: Որտե՞ղ ես ծնվել: Ի՞նչ ընտանիքում:

-Ծնվել եմ Լեռնային Ղարաբաղի փոքր մի գյուղում՝ Մադաթաշենում: Հայրս ֆերմայի վարիչ էր աշխատում, իսկ մայրս տնային տնտեսուհի էր: Մեծ, բազմազավակ ընտանիքում եմ ծնվել. 6 երեխա ենք՝ 5 քույր, 1 եղբայր: Ես 4-րդն եմ :

-Մանկության տարիներին ինչպիսի՞ երեխա ես եղել՝ խելո՞ք, թե՞ չարաճճի:

-Խելոք… Կարելի է ասել, ընկճված էի առողջական խնդիրների պատճառով, ու միշտ ես ինձ առանձնացնում էի իմ հասակակիցներից: Միշտ մենակ էի մնում, առանձին:

-Ի՞նչ բնավորության գծեր ես ունեցել, որոնք միգուցե փոխանցվել են պատանեկություն և նույնիսկ երիտասարդություն:

-Հպարտություն կար շատ մեջս, որ մինչև երիտասարդություն հասել է: Հպարտ էի, որ հայ եմ, հպարտ էի, որ շուտ եմ կողմնորոշվում ուսուցիչների առաջադրանքները կատարելուց, որ լավ էի սովորում: Չգիտեմ ինչու, հպարտություն կար մեջս, բայց հետագայում կոտրեցի այն:

-Պատանի տարիքում ի՞նչ նախասիրություններ ես ունեցել:

-Սիրել եմ շատ կարդալ: Առանձնանալ ու կարդալ:

-Իսկ ընթերցասեր Օֆելյան դպրոցում ինչպե՞ս է սովորել:

-Գերազանց: Տասը տարի գերազանց եմ սովորել, բայց մի քննության պատճառով ոսկե մեդալ չեմ ստացել:

-Դպրոցում արդեն կողմնորոշվե՞լ էիր, թե ինչ ուղղությամբ ես շարունակելու ուսումդ:

-Արդեն 2-րդ դասարանում, երբ շարադրություններ էինք գրում այդ թեմայով, գրում էի, որ ուզում եմ ուսուցչուհի դառնալ: Եվ մինչև հիմա էլ, երևի եթե այդ արխիվները պահպանված լինեին, կհամոզվես դրանում, որ մանկուց երազել եմ դառնալ ուսուցչուհի, որովհետև սիրել եմ երեխաների հետ շփվել:

-Ի՞նչ մասնագիտություն ընտրեցիր:

-Հետագայում ընտրեցի մաթեմատիկա, ավարտեցի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը:

-Կպատմե՞ս որևէ հետաքրքիր դեպք քո ուսանողական կյանքից:

-Իմ ընդունելիության քնությունների ժամանակ, երբ քննությունից դուրս էի գալիս, ոչ մեկը չկար իմ հարազատներից, որ հարցներ` ինչ ես ստացել: Իսկ հայրիկիս սարից տուն գալուց գյուղացիներն են շնորհավորել, որ աղջիկդ ընդունվել է:

-Գիտեմ, որ հենց այդ տարիներին ես ծանոթացել հայրիկի հետ: Խնդրում եմ, պատմիր, թե ինչպես և որտեղ եք ծանոթացել:

-Բանակից ինքը նոր էր եկել, ու եկավ տեսնելու իր տատիկին: Պապիկն էլ նոր էր մահացել, եկել էր ցավակցելու: Հեռու ազգակիցներ էինք, և մեր տուն էլ էր գալիս: Ու չգիտես ինչու, զգացմունքներ առաջ եկան, առաջարկություն արեց: Այդ ժամանակ դեռ 10-րդ դասարանի քննություններն էի տալիս: Ավարտեցի, ընդունվեցի ուսումնարան: Սկզբում ասում էր, որ որպես բարեկամներ նամակներ գրենք իրար:
Հետո այդ նամակագրական կապը շարունակվեց այլ ուղով: Երեք տարի նշանված մնալուց հետո ամուսնացանք: Տեղափոխվեցինք Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղ և ինչպես տեսնում ես, մինչև հիմա էլ այս գյուղում ենք ապրում:

-Ի՞նչն էր քեզ նրա մեջ այդքան գրավել:

-Իր խորագիտությունը, ամեն հարցի վերաբերյալ ձևավորված աշխարհայացքը: Ամեն հարցի շուրջ ինքը կարող էր խոսել անվերջ:

-Իսկ ծնողներդ ինչպե՞ս են վերաբերվել նրան, որ իրենց ուսանող աղջիկը նշանվի, ամուսնանա:

-Կտրականապես դեմ էին: Ուզում էին , որ ուսումս շարունակեմ: Բայց հետագայում խնդիրներ առաջ եկան, և ուսումս թողեցի, փոխեցի հեռակա ու փախա:

-Յուրաքանչյուր երիտասարդ աղջիկ երազում է հարսի շոր հագնել, մեծ շուքով նշել իր ամուսնությունը: Չե՞ս փոշմանում արդյոք, որ այդ քայլին ես գնացել:

-Ես էլ, ինչպես բոլոր աղջիկները, սիրել ու երազել եմ, որ հարսի շոր հագնեմ, բայց քանի որ ամուսինս ասում էր, որ հարսանիքի օրը չեմ թողնի, որ հարսի շոր հագնես, դրանից հիասթափվել եմ:

-Ձեր ընկերության տարիներից կպատմե՞ս մի դեպք, որը երբեք չես մոռանա:

-Ուսանողական տարիներին նա հաճախ էր գալիս, գրեթե ամեն ամիս: Ես հանրակացարանում էի մնում: Գալիս, ինձ վերցնում ու երկուսով գնում էինք թատրոն, կինո, իսկ հետո գնում էինք զբոսայգի: Երիտասարդական զբոսայգի կար, նույնիսկ հատուկ նստարան ունեինք, որին միշտ նստում, երազում էինք, ապագա պլաններ էինք կազմում: Էդպես… Նույնիսկ նկար ունենք, որ այդ նստարանի վրա գրված ա՝ Наша скамейка: Դա երբեք չեմ մոռանա:

-Գեղեցիկ պատմություն է: Արդեն 32 տարի է, ինչ ամուսնացած ես, կասե՞ս, ինչպես են անցել այդ տարիները: Արդյոք հե՞շտ են եղել դրանք:

-Չէ, շատ դժվարություններ ենք տեսել, շատ դժվարություններ ենք հաղթահարել, ու դա էն բանի շնորհիվ, որ սիրելով ենք ամուսնացել: Ավելի քան 20 տարի գնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, էդ ընթացքում շատ դժվարություններ եմ հաղթահարել՝ երեխաներին մեծացնելը, ծանր տնտեսությունը…

-Ուզում եմ նշել, որ 4 երեխա ես մեծացրել, որոնցից երկուսին բացարձակ մենակ ես դաստիարակել: Առօրյա կյանքում կա՞ն ոլորտներ, որոնցում ամենաշատն ես զգում ամուսնուդ կարիքը:

- Տնտեսական հարցերում շատ եմ զգացել իր կարիքը: Իրականում երեխաների դաստիարակությունն էլ շատ դժվարությունների հետ է կապված: Պիտի էնպես դաստիարակեի նրանց, որ նույնիսկ երկար տարիներ չհանդիպելուց հետո էլ կարողանան սիրեն իրենց հորը, կարողանան ընդունել նրա խորհուրդներն ու խրատները, չօտարանան իրարից:

-Կա՞ն ինչ-որ խորհուրդներ, որ կյանքիդ փորձից ելնելով, կցանկանաս տալ այսօրվա երիտասարդներին:

-Ապրեք սկզբունքներով, հաղթահարեք կյանքի դժվարությունները, կարողացեք համբերություն զարգացնել, որովհետև ոչինչ հեշտ չի տրվում: Էն, ինչին հասնելու համար դժվարությունների միջով եք անցնում, երբեք չհիասթափվեք դրանից, ու շարունակեք միշտ առաջ նայել: