Ինչ է նշանակում վայելել կյանքը

Լուսանկարը՝ Հասմիկ Վարդանյանի

Լուսանկարը՝ Հասմիկ Վարդանյանի

Այսօր հերթական պարապմունքից վերադառնում էի տուն, տան ճանապարհին հանդիպեցի մի խումբ տարբեր տարիքի երեխաների, ովքեր ձների մեջ թաթախված խաղում էին: Այդ երեխաներին տեսնելով դանդաղեցրեցի քայլերս, որպեսզի մի փոքր երկար զմայլվեմ նրանց խաղով:

Նրանք այնքան գեղեցիկ էին խաղում: Այդ երեխաների մեջ այնքան պարզություն ու արդարություն կար: Դանդաղ քայլերով մոտեցա նրանց, սկսեցին ինձ էլ ձներով հարվածել: Ես երբեք չեմ սիրել, երբ ինձ պատահաբար ձնով հարվածում են, բայց երբ նրանք հարվածեցին ու ինձ էլ կանչեցին խաղալու, այնքան մեծ հաճույքով միացա նրանց: Մոր 20 րոպե խաղում էի, ու մտածում էի` ինչ լավն են մեր փոքրերը:

Այնքան շատ պարզություն, մաքրություն ու անշահախնդրություն կա նրանց մեջ: Մի՞թե մեծերս կարող ենք այսպես հրճվել ժամանակից շուտ եկած ձյան մաքրությամբ, անձրևից հետո առաջացած ջրափոսերով, արևի պայծառ ճառագայթներից… Խաղում էի ու անդադար նայում նրանց ու մի բան հասկացա. ինչ լավ է մնալ երեխա:

Եկեք բոլորս մի պահ մեզ պատկերացնենք երեխա, երբ ոչինչ չէինք հասկանում, երբ այնքան պարզ ու մաքուր էինք, ինչպես այն ձյունը, որով խաղում էին այդ երեխաները: Մենք մեր արտաքին տեսքով չենք կարող մնալ երեխա, բայց որ ուզենանք, յուրաքանչյուրս հոգով կդառնանք, ու այդ ժամանակ, որ տարիքում էլ լինենք, ամեն ինչ շատ հետաքրքիր կանցնի: Մենք կսովորենք ապրել` հրճվելով կյանքի ամեն պահով: