Սիմոն պապը

Հարցազրույց եռակցող Սիմոն Ասատրյանի հետ:

 -Որտե՞ղ ես ծնվել, Սիմոն պապիկ:

-Թոռնիկներ ջան, ես ծնվել եմ Կարմիրգյուղում:

-Որտե՞ղ ես սովորել:

-Տղերք ջան, սովորել եմ Կարմիրգյուղի միջնակարգ դպրոցում մինչև 8-րդ դասարան, այնուհետև աշխատել եմ Երևանի Կիրովի գործարանում որպես եռակցող` «սվարչիկ»:    -Սիրո՞ւմ ես քո մասնագիտությունը:

-Հա, շատ, եթե չսիրես մասնագիտությունդ, չես կարող աշխատել:

-Իսկ բացի քո մասնագիտությունից ուրիշ ինչո՞վ ես զբաղվել:

-Երեխա ժամանակս եղել եմ հովիվ, տարիներ հետո Ռուսատանում աշխատել եմ կոշկակար:

-Իսկ քո մասնագիտության ընտրությունը կապ ունե՞ր ծնողներիդ մասնագիտության հետ:

-Ո’չ, հայրս սովետական տարիներին եղել է գյուղապետ, դաշտավարական բրիգադիր, իսկ կյանքի վերջին տարիներին եղել է ջրաղացպան: Մայրս չի աշխատել, զբաղվել է տնային գործերով:

-Առաջվա համեմատ ի՞նչ է փոխվել գյուղում:

-Է~, բալես, շատ բաներ ա փոխվել. խաղային ակումբը վերանորոգվել ա, ու հիմա մեծերն ավելի շատ են այնտեղ խաղում նարդի, դոմինո, շախմատ և այլն: Մեծերի ժամանակը ավելի լավ է անցնում: Ճանապարհները ասֆալտապատել են, նոր եկեղեցի է կառուցվել, և մի շարք այլ լավ փոփոխություններ են կատարվել:

-իսկ քո մանկության տարիներին ինչո՞վ եք զբաղվել ազատ ժամանակ:

-Մենք մանկության տարիներին համարյա ժամանակ չունեինք խաղերի համար, իսկ երբ խաղում էինք, խաղում էինք «հիլուր փեդ», «ղայիշ»:

-Պա′պ, իսկ դու որտե՞ղես ծառայել:

-Տղերք ջան, ես չեմ ծառայել:

-Ինչո՞ւ:

-Քա՞նի որ եղբայրս կռվի տարիներին գնացել է ու հետ չի եկել, ինձ ազատեցին ծառայությունից:

-Իսկ դու որտե՞ղ ես աշխատել:

-Աշխատել եմ «Սելխոզտեխնիկայում» որպես եռակցող` 50 տարի:

-Ի՞նչ էր «Սելխոզտեխնիկան»:

-«Սելխոզտեխնիկան» գյուղատնտեսական հիմնարկ է եղել, այնտեղ համարյա ամեն գործ արել եմ, ինչը կապված էր զոդողի մասնագիտության հետ:

-Պապիկ, ընկերներ շա՞տ ես ունեցել: Եթե` այո, պահպանե՞լ եք այդ ընկերությունը:

-Է, տղերք ջան շատ-շատ ընկերներ եմ ունեցել, բայց շատ քչերն են մնացել: Ոմանք մահացել են, ոմանք էլ գյուղում չեն:

-Սիմոն պապ, քո կյանքում ի՞նչն ես համարում ամենակարևոր ձեռքբերումը:

-Ընտանիքս` կինս, երկու աղջիկներս և տղաս: