marine israyelyan

Ինչ է սովորեցրել ինձ կյանքը

Մարդկային կյանքը, համեմատած տիեզերքի հավերժության հետ, մի չնչին ոչինչ է, մի հիասքանչ ոչինչ, որ Արարչի ողորմածությամբ տրվում է մեզ` հիանալու նույն այդ տիեզերքի հարատևությամբ: Մենք հանդիսատես ենք, անմահ ստեղծագործության ականատեսներ: Մարդկային կյանքի հետ համեմատած` իմ կյանքն առավել ևս չնչին է, անծիր վարդաստանում ապրող չբացված մի թերթիկ, որը միասնության մեջ իր գույնն է տալիս աշխարհին: Բոլոր թերթիկներն էլ չքնաղ են, բայց շուտ են թառամում ու ընկնում, ոմանք ուրախությամբ, ոմանք կարոտով, ոմանք էլ անհուն թախիծով: Իսկ ի՞նչ է սովորեցրել ինձ կյանքը… Եթե սովորեցրել է, ապա շատ քիչ բան: Նա ինձ դեռևս միայն ցույց է տալիս, ծանոթացնում, հիացնում ու զարմացնում, երբեմն նաև հիասթափեցնում: Կյանքն ինձ ցույց է տվել, որ շատ հաճախ մանկական միամտությունն ու պարզությունը քեզ համար հիմարի պսակ են հյուսում, բայց չի սովորեցրել խորամանկ լինել: Նա ինձ ցույց է տվել, որ հավատարմությունը հնացած, միայն գրքերի խունացած էջերից մեզ նայող հիշողություն է, բայց չի սովորեցրել դավաճանել: Ցույց է տվել, որ անսահման հավատը մարդ արարածի նկատմամբ ծիծաղելի է, բայց չի սովորեցրել լինել կասկածամիտ: Կյանքն ինձ ցույց է տվել, որ հարգանքը երբեմն ընկալվում է որպես թուլության նշան, բայց չի սովորեցրել չհարգել: Ես ուրախ եմ, որ կյանքը խնայել է ինձ, ու չի դաստիարակել իր առօրեականությամբ, կամ որ ես վատ աշակերտ եմ, ու չեմ սովորել: Բայց դեռ օրորոցում կյանքը, բոլորից թաքուն, ինձ մի գանձ տվեց, որի համար, չնայած այն ամենին, ինչ ցույց տվեց, հավետ երախտապարտ պիտի լինեմ. նա ինձ սովորեցրեց սիրել… Մորս աչքերով սովորեցրեց, որտեղ առաջին անգամ սիրո անմար ճրագներ տեսա ու հետո… Հետո կյանքս սերմնավորվեց սիրով: