Ոսկեհատ

Երևի այն օրվանից, ինչ դարձել եմ 17-ի թղթակից, ուզում եմ գյուղիս մասին մի նյութ գրել: Բայց ինչ-որ բան այն չէր ստացվում: 

Իմ գյուղը՝ Ոսկեհատը, Արագածոտնի մարզի ամենասովորական գյուղերից մեկն է թե իր չափսերով ու թե կենսակերպով. հողագործություն, անասնապահություն… Իսկ ամենավերջում, երբ հասկանում են, որ հողագործությունն իրականում բավական չէ ապրուստի համար, մնում է միայն մեկ միջոց՝ հեռանալ երկրից:

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Գյուղիս թերևս ամենանշանավոր ու յուրահատուկ կառույցը կամ վայրը 17-րդ դարի կիսաքանդ ամրոցն է, որը միաժամանակ նաև եկեղեցի ու սրբավայր է մեզ համար. Գործող եկեղեցի չունենք: Գյուղի  տարածքը նաև հնավայր է, նրա մեծ մասը, ինչպես նաև Ագարակ գյուղի տարածքը, վաղ բրոնզեդարյան քաղաք է, որը, ինչպես պարզվում է, ավելի հին է, քան Գիզայի բուրգերը: Սակայն պեղումներն այնքան էլ մեծ տարածք չեն ընդգրկում, պեղված է միայն մի ժայռ ու նրա շրջակայքը՝ Ագարակ և Ոսկեհատ գյուղերի միջև:

Տարիներն անցնում են, բայց գյուղումս գրեթե ոչինչ չի փոխվում ու չի փոխվել, միայն շարունակ բացվում ու փակվում են գյուղի կարատեի ու պարի խմբերը: Եվ օր-օրի ավելի ու ավելի շատ մարդիկ են բռնում անծանոթ երկրների ճանապարհը: Հեռանում են այս խոսքերով՝

-Լավ լինի ՝կկանչենք, դուք էլ կգաք:

Հետո տղամարդկանց հետևում են նրանց ընտանիքները: Դռների վրա կողպեքներ են ավելանում: Իսկ երբեմն-երբեմն էլ հեռավոր կամ սահմանամերձ գյուղերից ընտանիքներ են գալիս մեզ մոտ, բացում փակված դռներն, ու նոր կյանք է սկսվում: Բայց շատ չանցած նրանց մեծամասնությունն էլ նույն ճամփան է բռնում:

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Երևի այսքանը:

Չէ՜, մոռացել  էի, գյուղիս անունն էլ հետաքրքիր պատմություն ունի: Նախ ասեմ, որ այն Ոսկեհատ կոչվել է խորհրդային տարիներին, երբ այստեղ նույն անունով խաղող էին մշակում:

Հարցնում են՝ գյո՞ւղն է խաղողի անունով կոչվել, թե՞ խաղողը՝ գյուղի: Ու զարմանում են, որ ասում ենք, թե գյուղը՝ խաղողի, բայց այսօր գյուղում այդ խաղողի տեսակից գրեթե չկա: Դե, կար ժամանակ, երբ ոչ ոք գյուղացուց չէր հարցնում, թե նա ինչ է ցանկանում մշակել:

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Մինչ Ոսկեհատ կոչվելը գյուղիս անունը Փաթրինջ էր, որն, ըստ ավանդույթի, ծաղիկ է և  աճել կամ աճում է այս տարածքում: Բայց ծաղկի մասին տեղեկություններ այսօր չկան, միայն գիտեմ, որ կապույտ գույն է ունեցել: