armine sahakyan

Իսպանիայից Հայաստան առանց հասցեի

Կյանքում երևի չկա ավելի սիրուն բան, քան ինչ-որ մեկին լավություն անելն է, ու դրանից հետո սիրվել, հարգվել ու օրհնվելը։

Իսպանիայից ժամանած տատիկի պատմությունով ես ավելի շատ համոզվեցի, որ պետք է մարդկանց օգնել առանց պատճառի, առանց երևակայական ինչ-որ բաների։
Արաքսի տատը Իսպանիայից էր եկել խնամիների տուն, ճանապարհին կորցրել էր հեռախոսն ու հարազատների տան հասցեն։ Հույս ունենալով, որ իրեն մեկը կօգնի, ճամպրուկներով բարձրացել էր Երևան-Ապարան երթուղայինը, որ բարով-խերով հասնի Ապարան։ Մինչև իմ տեղավորվելը, պարզվում է, որ նա արդեն հարցուփորձ էր արել, թե արդյոք ո՞վ է ճանաչում իր հարազատներին, որպեսզի հասնի նրանց։
-Աղջիկ ջան, դու Էդոյին, Էդոյի մորը` Սեդային (էլի մի քանի անուն տվեց) ճանաչո՞ւմ ես։
-Չէ, տատ ջան։
Անցնում է մի քանի րոպե ու…
-Հը՞ն, հիշեցի՞ր։
-Չէ՜… -, դեմքի տխուր, ներողություն հայցող արտահայտությամբ պատասխանում եմ ես:
Ողջ ճանապարհին մտահոգ էր Արաքսի տատը։ Մի պահ մեր հայացքներն իրար հանդիպեցին։
-Տատ ջան, հանգիստ եղեք, կգտնենք Ձեր հարազատներին։
-Հա՞, կօգնե՞ս։
-Միանշանակ։
-Վայ, աղջիկս, ապրես,- հետո թեքվելով մյուսներին էլ,- ինչ լավ աղջիկ ա, է՜…
Շուրջ 20 տարի է, ինչ Արաքսի տատը Հայաստան չէր եկել։ Ողջ ճանապարհին մթության մեջ ինքն իրեն բողոքում էր. «Էս ի՞նչ բան ա, մի հատ լույս չկա»։
Խեղճ տատը, ի՜նչ իմանաս, երևի այլ սպասելիքներ ուներ։
֊Էս ի՜նչ ա, տնաշենը լույս էլ չի վառում,- խոսքը երթուղայինի վարորդի մասին էր։
Ամեն կանգառում, երբ մեկը իջնում էր, նայում էր ինձ ու ոգևորված ասում.
֊Ես էլ իջնե՞մ։
֊Չէ՜, տատ ջան, ինձ հետ կիջնեք, մենք միասին կգտնենք Ձեր բարեկամներին։
Էլի ժպտում էր, բայց, միևնույնն է, մտահոգություն կար մեջը: Լսողության հետ խնդիրներ ուներ, մի հարց էլ որ տալիս էինք, պատասխանում էր, հետո ուրիշ հարց էինք տալիս, անորոշ պատասխան էինք լսում կամ ասում էր, թե իջնենք նոր կպատասխանի հարցերին: Ու մեզ թվում էր` տատը հիշողության հետ խնդիրներ ունի, իսկ ամենավերջում, երբ տատին հասցրինք հարազատների տուն, պարզվեց, որ տատի լսողության սարքի մարտկոցն էր նստել։
Երբ հասանք Ապարան, տատիկին հորեղբորս հետ հասցրինք հարազատներին (պարզվեց Էդոն մերոնց ընկերն է)։ Տատը կարծել էր, որ պիտի վճարի մեզ օգնության համար, իսկ մենք պարզապես օգնել էինք անշահախնդրորեն, սովորական հայի նման: Երևում էր, որ իսկապես երկար տարիներ Հայաստանում չէր եղել և մոռացել էր հայկական հյուրընկալության մասին: Հրաժեշտից առաջ տատն անվերջ իր շնորհակալական խոսքերն էր հղում ինձ ու հորեղբորս։