Ani avetisyan

Լինել պատանի թղթակից

Ապրիլին կլրանա մեկ տարին, ինչ ես 17-ի թղթակից եմ: Այն ժամանակ էլ երևի կանդրադառնամ, թե ինչ է տվել ինձ 17-ը մեկ տարվա ընթացքում ու ինչ է փոխել իմ մեջ: Բայց վերջերս մի դեպք պատահեց, որի մասին չգրել չեմ կարող: 

«Մանանա» կենտրոնի կազմակերպած դասընթացը յուրահատուկ դպրոց էր մասնակից 30-ից ավելի երիտասարդների համար: Յուրօրինակ էր հատկապես այն, որ մեզանից, եթե ոչ բոլորը, ապա շատերը, դեռ չէին մասնակցել այնպիսի դասընթացի, որը 90 տոկոսով հիմնված է գործնական պարապմունքների վրա: Այդ ժամանակ ես մեկն էի այն երջանիկներից, ում նյութը կայքում տեղադրվեց հենց դասընթացի ընթացքում, և ես այս կամ այն թերության համար խորհուրդներ ստացա հենց տեղում: Այդ ընթացքում կատարեցի նաև հարցազրույցիս առաջին փորձը, որը նույնպես հայտնվեց կայքում: Դա էլ փորձ էր սովորելու, թե ինչպիսի հարցեր կարող ենք տալ զրուցակցին՝ հետաքրքիր նյութ ստանալու համար:

Մեր դասընթացը համընկավ ապրիլյան պատերազմի հետ, և բոլորիս մտահոգությունն ու ողջ ուշադրությունը սահմանին կատարվող դեպքերին էին ուղղված: Երևի դա էլ պատճառ դարձավ, որ դասընթացից հետո իմ առաջին նյութը հենց այդ թեմայով էր: Գրել էի Քառօրյա պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ու նրա փոքրիկ որդիների մասին: Նյութը դուր էր եկել խմբագիրներին ու տեղ էր գտել կայքում՝ դառնալով իմ ամենասիրելի նյութերից մեկը: Ու ամենասիրելին է մինչ օրս: Հետո իմացա, որ հոդվածս տպագրվել է նաև «Խաբարբզիկ» ամսագրում:

Ես ինձ լիովին զգում էի 17-ի մի մասնիկը:

Երբ ես ու երկու ընկերուհիներս գնում էինք դասընթացներին, գյուղում բոլորը զարմանում էին, թե ամեն օր տաքսիով ուր են գնում այս աղջիկները: Իսկ տաքսու վարորդները երևի մի քիչ էլ բարկացել էին:

Երևի այսքանն այն մասին, թե ինչպես դարձա պատանի թղթակից: Իսկ այս ողջ երջանիկ պատմության մեջ միակ հիասթափեցնող փաստն այն էր, որ ընկերուհիներս այդպես էլ նյութեր չգրեցին, ու ես մնացի միակ թղթակիցը մեր գյուղում: Իսկ դա ինձ դուր չէր գալիս, ախր, այնքան բաներ կարող էինք անել, եթե մի քանիսով լինեինք:

Դե, ճամբարի մասին գրելու կարիք երևի չկա: Միայն ասեմ, որ այնտեղ ստացա ամսագրի այն համարը, որում նյութս էր, ու հիմա այն պահում եմ ամենակարևոր իրերի հետ:

Շա՞տ ծավալվեցի: Հավատացեք, որ ավելի երկար կարող էի գրել, բայց դեռ մի բան էլ պիտի պատմեմ: Մի փոքր էլ ու կվերջացնեմ:

Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ 17-ի համար նյութեր եմ գրում եմ, բայց մինչև վերջերս մեր գյուղի միակ թղթակիցն էի: Դպրոցում, թե դրսում շատերն էին ասում, որ կարդում են նյութերս, բայց ոչ ոք չէր ասում, թե ցանկանում է միանալ 17-ի մեծ ընտանիքին:

Մի քանի օր առաջ, սովորականի նման գնացի դպրոց, բայց այնտեղ ինձ էին սպասում երեք «հրաշքներ», ովքեր եկել էին ասելու, որ իրենք էլ են ցանկանում պատանի թղթակից դառնալ, և հարցնում էին, թե ինչ պետք է գրեն խմբագրությանը: Երբ նրանք ստացան պատասխան նամակը, առաջարկեցին, որ կարդամ իրենց առաջին նյութը, որը պետք է հարցազրույց լիներ: Ոգևորված թղթակիցներն արդեն ունեին պատրաստած հարցերը, իսկ ես օգնեցի որքան հնարավոր է ավելի ճիշտ ու նպատակային հարցեր ընտրել:

Մի պահ հիշեցի Շուշանիկին Աղվերանի ճամբարում, ամենուր ամենաշատ կրկնվող արտահայտությունը. «Շուշա՛ն, նյութ եմ գրել, կնայե՞ս…»: Մի պահ նույնը զգացի. «Ան, ասել են, որ նյութս լրացնեմ, կկարդա՞ս…»: