Ani Ghulinyan

Լռակյաց կամ շատախոս

Տեղից տեղ տեղափոխվելու գլխավոր առավելությունն ինձ համար նոր մարդկանց տեսնելն է, ուղղակի տեսնելը, անգամ եթե մի քանի օրից նրանց այլևս չես հիշելու, իսկ եթե հիշելու ես՝ ավելի լավ:

Երբ ինչ-որ անծանոթ մեկի հետ ճանապարհ ես գնում ու ցանկանում ես քիչ խոսել՝ ցույց տալու համար, որ լուրջ մարդ ես ու տեղի-անտեղի չես խոսում, որոշ ժամանակ անց արդեն ծանոթ դարձած ծառերն ու ճանապարհի եզրային արգելապատնեշները ձանձրացնում են, ու ինքդ ես խոսակցության թեմա փնտրում:
Վերջերս սովորականից շատ եմ այստեղ-այնտեղ գնում, ու ավելի հաճախ՝ մենակ: Մենակ տաքսիով կամ ինչ-որ այլ մեքենայով երթևեկելը ազատ զրուցելու հնարավորություն է տալիս: Երբ վարորդի հետ զրուցում ես քեզ համար բարդ հարցերի շուրջ, քննարկում ես, բանավիճում, վերջում ամեն բան մնում է մեքենայի դռների արանքում, դու նրա համար հերթական հաճախորդ ես, իսկ նա քեզ համար հերթական տաքսիստ, ու հավանականությունը, որ դուք մի օր էլի կհանդիպեք, փոքր է:

Տաքսու վարորդները շատ հետաքրքիր մարդիկ են, նրանցից ոչ ոք մանկուց տաքսիստ դառնալ չի երազել: Մեկին՝ անհաջող բիզնեսը, մեկին՝ երկարաժամկետ գործազրկությունը, մյուսին էլ՝ վարկերն են ստիպել աշխատել: Գուցե կան նաև այս գործով հաճույքով զբաղվողներ, ուղղակի ես չգիտեմ:

Իմ երազանքները երբեք յուրահատուկ չեն եղել, ես չեմ ցանկացել տրոլեյբուսի վարորդ կամ մետրոյում ժետոն վաճառող լինել: Երազանքներս դասական էին՝ սկզբում՝ բժիշկ, հետո՝ ուսուցիչ, լրագրող, իսկ հիմա այդպես էլ չեմ հասկանում՝ վերջիվերջո ինչ եմ երազում, այնպես որ, եթե ինչ-որ մեկի երազանքը տաքսիստ լինելն է եղել, ես դրանից միայն ուրախ եմ:
Իհարկե, կարելի է մեկ ժամ ճանապարհ գնալիս դնել ականջակալները, մի հաճելի երաժշտություն միացնել, գլուխը հենել մեքենայի պատուհանին ու շարժվող օբյեկտներին նայելով՝ ինչ-որ բանի մասին երազել, բայց ինձ համար միշտ էլ ավելի հաճելի կլինի ինչ-որ մեկի հետ զրուցել, որովհետև եթե անընդհատ երազում ես, բոլոր օրերը նման են լինում, իսկ երբ զրուցում ես, օրերը սկսում են տարբերվել: