diana hovsepyan

Խորհրդավոր ուղեկիցս

Պարապմունքս վերջացրեցի և դուրս եկա, որ քայլելով հասնեմ կանգառ։ Բավականին երկար քայլելու ճանապարհ ունեի։ Մենակ քայլում էի փողոցի մայթով։ Սառը քամուց պաշտպանվելու համար քայլում էի այն մասերով, որտեղ ընկնում էին աշնան ջերմացնող արևի շողերը։ Տիպիկ աշնանային եղանակ էր մեզ մոտ։ Գույնզգույն տերևները քամուց պոկվում ու թափվում էին ցած։ Քայլում էի ու աչքերով փնտրում որևէ կենդանի շունչ: Հանկարծ տերևի խշրտոց լսվեց, շրջվեցի՝ շուն էր, որը ինձ հետ բավականին երկար քայլեց։ Միասին քայլում էինք դեպի կանգառ։ Ամենուր մեզ դիմավորում էին կողպեքով «զարդարված» դռները կամ էլ «Փակ է» գրվածքով խանութները։ Ասես բոլոր մարդիկ վերացել էին։ Անցնում եմ Աշտարակ քաղաքի հրապարակով ու էլի նույնը՝ փակ դռներ, դատարկ փողոցներ…

Բոլորն ասում են, որ մենակությունը լավ բան է, երևի նրանք մենակ չեն մնացել։ Վերջապես հասա կանգառ։ Հույս ունեի, որ կհանդիպեմ համագյուղացիներիցս գոնե մեկին։ Կանգառը դատարկ էր… Նայեցի շունիկին ու ինքս ինձ մտածեցի. «Մեկ է, հետաքրքիր են կենդանիները, մարդկանցից շուտ են մեզ հասկանում»: Հինգ րոպե չանցած ավտոբուսը եկավ։ Մի տեսակ անհավատալի էր, սովորաբար այն միշտ լցված էր մարդկանցով, բայց այսօր, չգիտես էլ ինչի, դատարկ էր։ Ձեռքով շոյեցի շունիկի գլուխը ու նստեցի ավտոբուս։ Ամբողջ ճանապարհին մտածում էի. «Խեղճ շունիկ, մենակ թողեցի, իսկ ինքը մինչև կանգառ ինձ հետ եկավ»:

Թե ու՞ր էին կորել մարդիկ, այդպես էլ չհասկացա։