Ani avetisyan

Դեկտեմբերն է, արդեն…

-Հա, դե, Ղարաբաղն է ուզածները՝ տվեք, պրծնենք, էլի:

Ու ամեն անգամ այսպես խոսող մեկին լսելիս թվում է, թե ծանր մի բանով խփեցին:

Տա՞նք Ղարաբաղը, չէ՞:

Ամեն անգամ ուզում եմ ասել՝ պատմություն կարդացեք, ախր, Ղարաբաղը էդ շորի անպետք մաս չի, որ պոկես ու դեն նետես: Ղարաբաղը էդ փողոցում գտած կիսաօգտագործված գրիչ չի, որ պետք չգա: Էդ հողը մենակ պատմության գրքերում գրված, «դարեր շարունակ հայերով բնակեցված» հողը չի, չէ:

Իսկական Ղարաբաղը, էդ մեզնից ամեն մեկն ա: Ղարաբաղը 2014-ի օգոստոսին ամեն մեկիս ապրած զգացողություններն ա, այն 2015-ի մարտին մեր՝ էդ ամենի վերապրումն ա:

Ղարաբաղը Զորիկն ա, Ազատը, Էդուարդը: Ղարաբաղը թոռին ողջ կյանքում պահած ու հայրենիքին տված Էդուարդի տատիկն ա:

Ղարաբաղը Ապրիլ ա:

«Ոսկե արծիվն» ա, որ Ռոբերտի փոխարեն տուն եկավ: Ղարաբաղը Ռոբերտի մոր հպարտությունն ա, Ռոբերտը…

Իսկ մենք «տալիս ենք» Ղարաբաղը: Ինչ-որ դիվանագիտական խմբեր են ձևավորում, Ղարաբաղի «հարց»-ն են քննարկում, ու չգիտեն, որ հարցը լուծվեց առանց իրենց: Նրանք, ովքեր պիտի որոշեին՝ տան, թե չտան Արցախը, որոշեցին:

Իսկ մենք Ղարաբաղը տալիս ենք…

Գիտե՞ք, դեկտեմբերի 3-ին Ապրիլի հերոսներից մեկը՝ Ազատը, 20 տարեկան կդառնա:

Գիտե՞ք՝ ապրիլից ուզում եմ իր մասին գրել, բայց չեմ գրում, որովհետև չի ստացվում, որովհետև գիտեմ՝ ինչ էլ գրեի, կիսատ պիտի լինի:

Ախր, ո՞նց գրեի, երբ շուրջս ամեն օր Ղարաբաղի «հարցերն» են լուծում, մեծից փոքր, մեկ-մեկ, ավելի ճիշտ՝ հաճախ առանց հասկանալու, գիտակցելու, որ երբ իրենց հերթն էր երկիրը տալ-չտալու, իրենք էլ չեն տվել: Հա, գիտեմ, որ հիմա խոսողներից շատերը նույնիսկ ժամանակին տեղյակ չեն եղել, թե ոնց «էդ անտեր» Ղարաբաղը մեզ հասավ:

Բայց հասավ:

Ու հիմա ասում են՝ տվեք:

Արդեն դեկտեմբերն է, 9 ամիս՝ ապրիլից, ես դեռ չեմ կարողանում գրել այն, ինչ այնքան ուզում էի, իսկ մենք, մենք…