zara ghazarean

Կայսրինը կայսերը, իսկ Աստծունը՝ Աստծուն

Բոլորովին վերջերս Կենտրոնական Բանկը հայտարարություն տարածեց այն մասին, թե 2018 թվականին աստիճանաբար կկիրառվեն և շրջանառության մեջ կմտնեն նոր ոճով և նոր «դեմքերով» թղթադրամներ: Ըստ այդ հայտարարության՝ հազար դրամի վրա կլինի Պարույր Սևակը, երկու հազար դրամին՝ Տիգրան Պետրոսյանը, հինգ հազար դրամին` Վիլյամ Սարոյանը, տասը հազար դրամին` Կոմիտասը, քսան հազար դրամին` Հովհաննես Այվազովսկին, հիսուն հազար դրամին` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Կենտրոնական բանկի պաշտոնական հայտարարությունում նշվում է. «Թղթադրամների թեմաները նախապես քննարկվել են Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ, հաշվի են առնվել նաեւ ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն քաղաքացիների ներկայացրած առաջարկները»:

Հայ Առաքելական եկեղեցո՞ւ:

Որպես Հայ Առաքելական եկեղեցու զավակ զարմացա, որ թղթադրամների վրա տպվելու են Կոմիտաս վարդապետը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Երբ 1993 թվականին առաջին անգամ թողարկվում էին առաջին դրամները, գիտակցվում էր, որ այն իրենից ներկայացնում է ազգային արժեք ու խորհրդանիշ: Բայց մեր ժամանակներում, երբ Թումանյանը դարձել է գյուղապետի ընտրությունների խորհրդանիշ, Իսահակյանը՝ խորհրդարանի, և առհասարակ, իսկ Մարտիրոս Սարյանը՝  նախագահականի, ուրեմն կարծում եմ՝ սխալ է «Մարգարիտները շաղ տալ խոզերի առաջ»:

Առաջին բանը, որ եկավ մտքիս, Հիսուս Քրիստոսի օրինակն է: Երբ նրան փորձելու համար հարցրեցին, թե.

-Օրինավո՞ր է մեզ համար կայսրին հարկ տալ, թե՞ ոչ:
Նա վերցրեց դրամը և շուռ տալով դեպի ժողովուրդը, հարցրեց.

-Ո՞վ է պատկերված:

-Կայսրը,- եղավ պատասխանը:

«Արդ, գնացեք տվե՛ք կայսրինը կայսերը, իսկ Աստծունը՝ Աստծուն»:

Հասկանալի է, որ Կոմիտաս վարդապետը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը բացի հոգևորից նաև ազգային խոշոր դեմքեր են: Բայց  մտնում ենք եկեղեցի ու  ծնկում ենք  Լուսավորչի նկարի առջև՝ բարեխոսություն խնդրելով, Կոմիտասի Պատարագով հաղորդակից ենք լինում երկնայինին, ու չեմ ուզում, որ այդ նույն Լուսավորչի ու Կոմիտասի նկարը մի օր դրվի դիպլոմի մեջ ու տրվի գործատուին, հետո հասնի ոստիկանին՝  հանցանքը կոծկելու համար, հետո մտնի  բժշկի  գրպանը  և այդպես շարունակ:

Թող, որ կայսրինը մնա կայսրին, իսկ  Աստծունը ՝ Աստծուն…