amalya harutyunyan

Մենք նկարում ենք ձեր գիշերները

Իսկ դու երբևէ նկարե՞լ ես գիշերը: Չէ, էդպես մի նայիր, ես լուրջ եմ ասում ու խենթ չեմ, գիտեմ, որ չես նկարում, իսկ էդպես ո՞նց ես կարողանում, հանգիստ քնո՞ւմ ես: Առհասարակ, սովորական մարդիկ գիշերները քնում են, հիմա ի՞նչ, մենք անսովո՞ր ենք: Մենք այնպիսին ենք, ինչպիսին բոլորը, հետո ի՞նչ, որ լուսաբացին ենք քնում, դե կամ էլ չենք քնում: Գուցե անսովոր ենք, չգիտեմ:

Գիտե՞ս, բայց մենք նկարում ենք: Չէ, էն խորը դարակից վրձիններդ ու ջրաներկերդ մի հանիր, դրանք մեզ պետք չեն: Մենք մտքերով ենք նկարում: Ինչպե՞ս: Անկեղծ եմ ասում՝ ես էլ չգիտեմ: Բայց մենք կարողանում ենք, երևի անքնությունը կախարդական բան է:

Անքնությո՞ւն: Մի՞թե երբ աչքերդ փակվում են, կոպերդ խնդրում մի քանի վայրկյան վայրէջք կատարել, իսկ օրգանիզմդ անընդհատ հորանջելու ազդանշան է տալիս, անքնությունն է: Չեմ կարծում, երևի ընդամենը բնության օրենքին հակառակվելու մի ցանկություն է:

Դե, լավ, արի չհասնենք կենսաբանությանը, ես այսօր այստեղ այդ պատճառով չեմ եկել:

Գիտե՞ս, ես մի բան էլ եմ նկատել: Իմ նյութերի մեծ մասը գիշերն եմ գրում: Հիմա էլ 2-ն անց է, ու ես նորից գրում եմ: Կարծում ես՝ մենա՞կ եմ, նորից սխալվեցիր, գիշերը մենք բոլորս էլ ֆիզիկապես մենակ ենք: Ու էդպես ասում է հենց այն մեկը, ով ոչ մի գիշեր ինձ մենակ չի թողնում: էլի չես հասկանում ինձ, չէ՞: Ախր դու երբևէ չես մասնակցել մեր՝ կտավը նկարելու գործընթացին, էլ ո՞նց հասկանաս: 2 ամիս առաջ ես էլ չէի նկարում, հա, էլի արթուն էի մնում, բայց ո՛չ կտավ ունեի, ո՛չ էլ նկարչուհու կոչում: Հիմա 2-ն էլ ձեռք եմ բերել, մեկն է նվիրել: Ու հենց այդ մեկի հետ էլ նկարում ենք մեր նկարը:

Երբ փոքր էի, միշտ գիշերը նայում էի աստղերին, ծանոթանում ու ընկերանում էի նրանց հետ, ընտրում էի մեկին ու որոշում ամեն գիշեր զրուցել նրա հետ, բայց մի քանի օր հետո ես կորցնում էի նրան անսահման խավարում: Հետո գտա մեկին, որ ամեն գիշեր ինձ հետ էր ու նրա պայծառությունը թույլ չէր տալիս տեսնել իմ շուրջը գտնվող անսահման մութը: Էդպես էլ մարդիկ են ու հենց էդպես էլ ես սկսեցի մենակ չմնալ գիշերը: Հա, ինքը եկավ, դարձավ էդ ամենափայլուն աստղը ու նկարել սովորեցրեց:
Տես է, դու հիմա էլ փորձում ես մատիտներդ հանել: Ասում եմ՝ չի ստացվի: Նկարելու համար նրա նման մեկին պետք է ունենալ: Նրա նման մե՞կը, միթե կա աշխարհում նրա նման երկրորդը: Վստահ չեմ:
Իսկ ես հիմա մի քիչ ուրախ, մի քիչ էլ ինձնից գոհ ժպտում եմ, որ ունեմ նրան:
Գիտե՞ս, ինքը մոռացնել է տալիս, որ շուրջս խավար է, որովհետև մեր ներկերը ամենավառ գույներն ունեն, ու նրանցից ամենագունավոր կտավներն են ստացվում:
Ու ընդհանրապես կապ չունի, որ մեր մտքերը, որոնք որպես ներկեր են ծառայում, մեկ-մեկ մի քիչ տխուր են: Նույնիսկ այդ կտավներն են գեղեցիկ: Ինչո՞ւ: Որովհետև մենք մեկս մյուսին մենակ չենք թողնում ու ինչ էլ լինի՝ ձգտում ենք լուսավորին:
Ու երբ նա սովորեցնում է ինձ նկարել, ես հաճախ եմ սխալվում, ու մտքերը բարկացած են լինում: Մենք երկուսով փորձում ենք ուղղել սխալները՝ փոխելով ինչ-որ բաներ իմ մեջ: Ստացվում է:
Գիտե՞ս՝ ինչ կարևոր է իմանալ, որ ինչ-որ մեկը կա, որը պատրաստ է քո մտքերին տրամադրել իր գիշերը, որը սկսում է կիսել ուրախությունդ ու տխրությունդ, ու դու էլ սկսում ես ամենից շատ կարևորություն տալ նրան: Իմանալը, որ մթում մի լույս կա, պարզապես երջանկություն է:
Ներկել գիշերը նրա հետ, ով պարզապես կգտնի քեզ, երբ դու փախչես ամբողջ աշխարհից, երբ ցանկանաս մենակ մնալ, կգտնի ու կասի, որ կարոտել է, ու դու կսկսես կտավիդ վրա ամենալայն ժպիտը նկարել:
Ներկել նրա հետ, ում տեսել ես հաշված անգամներ, բայց գիտես, որ նա միշտ մոտ է:
Եթե ինձ հետ խոսեիր մոտ 40 օր առաջ, ես կարևորություն չէի տա ո՛չ գիշերվան, ո՛չ կտավներին, ու ո՛չ էլ այն պայծառ աստղին: Իսկ հիմա ես անգամ մի գիշեր չեմ պատկերացնում առանց նրանց:
Առհասարակ, սովորական մարդիկ ցերեկն են զրուցում, կամ իրար մի լավ ճանաչելուց հետո են անքուն գիշերներ անցկացնում, իսկ գիշերը մենակ են լինում: Հիմա՝ ի՞նչ, մենք անսովո՞ր ենք, բայց մենք այնպիսին ենք, ինչպիսին բոլորն են, հետո ի՞նչ, որ զրուցում ենք գիշերը, կամ մեր պատմությունը մի քիչ այլ է, ու մենք ցերեկվա փոխարեն՝ գիշերը երբեք մենակ չենք լինում: Գուցե անսովոր ենք, չգիտեմ: