lilit grigoryan

Փոքրիկ պետերը

Խառը օր էր: Հիշում եմ, որ լեցուն էր ձանձրալի իրադարձություններով: Ընկերուհուս՝ Մարիամի հետ գնացինք մեր դասընկերոջ տուն՝ նրան անհապաղ դպրոց կանչելու: Խնդիրն այն էր, որ շենքը գիտեինք, բնակարանը՝ չէ: Մտանք պատահական մուտք: Տեսնենք՝ մի փոքրիկ մարդ կանգնած է իր հեծանիվի առջև և ինչ-որ բանի է սպասում: Ես հարցրի.

-Ո՞ւմ ես սպասում:
Թե բա.
-Ձեզ:
-Էդ ո՞նց: Ի՞նչ պիտի անենք մենք:
Իսկ նա ժեստերով.
-Մի հատ արագ էս հեծանիվը վերև բարձրացրեք:
-Լավ, պուճուր ջան, սպասի՝ քեզ օգնենք:
Բա, մեկ էլ.
-Ես պուճուր չեմ:
Վերև բարձրացրինք, իրենց դռան մոտ: Ուզում էինք արդեն իջնել ու ահա.

-Դուռը ծեծեք:
-Մենք ինչի՞ ծեծենք: Ձեր տունն ա, դու ծեծի, թող մտցնեն ներս,- Մարիամն արդեն սկսեց զայրանալ:

Բայց պարզվում է, որ այդ փոքրիկը մեզանից ավելի էր զայրացել.
-Արա, քեզ ասում եմ՝ ծեծի, թե չէ գլուխդ ձեռքիս փայտով կջարդեմ:
Թողեցինք, իջանք, հետևներիցս իջավ.
-Սպասեք, մի թռեք:
Բա հիմա ի՞նչ ասես: Այս փոքրիկը հաստատ բարձր պաշտոնավոր մեկն է լինելու: Պիտի հրամայի, իսկ ենթակաները սուս-փուս անեն: Դաստիարակությունն էլ տեղ ունի, բայց մտքումս մի բան է հիմա. տեսնես՝ ո՞ր բաժնի ապագա պետն է այդ փոքրիկը: