hakob melqonyan

Կարմիրգյուղի պատմությունը

Կարմիրգյուղը նախկինում կոչվել է Ղուլալի, քանի որ որոշ ժամանակ եղել է քրդի գյուղ, իսկ 1940 թվականի հունիսի 1-ին, վերանվանվել է Կարմիրգյուղ: Գյուղը հարուստ է բազալտի և ավազահանքերով, որոնց պաշարները գործնականում անսպառ են: Նախկինում Կարմիրգյուղը Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի մեջ էր մտնում: Մարդկանց մեծ մասը զբաղվում է երկրագործությամբ, անասնապահությամբ, քիչ մասն էլ՝ ձկնորսությամբ: Դժվար է ասել, թե երբ է հիմնադրվել Ղուլալի անունը կրող այս տարածքը, բայց ավերակների, գերեզմանաքարերի, խաչքարերի արձանագրությունները վկայում են, որ այն հնագույն բնակավայր է եղել: Եղած նյութերով կարող եմ հիշատակել, որ ըստ ձեռագիր մի հիշատակարանի՝ 1664 թվականին գյուղը կոչվել է Ղուլալի. «Գրեցավ… Ի յերկիրս Գեղամա, ի գիւղս, որ կոչի Ղուլալի»: Գյուղի մասին ուրիշ վկայություն մեր մատենագրության մեջ չկա: Մեր գյուղում մի հուզիչ դեպք է եղել, որը լսել ենք մեր պապերից. Ղուլալիի՝ Կարմիրգյուղի բնակիչ Ջաղջբնի Բագոն իր սեփական ոչխարները պահում էր գյուղի լճափնյա գոմերում: Նրա հորեղբոր տղան՝ Մամիկոնը, Բագոյին հաց էր տանում, երբ դեռ գոմերը չհասած՝ Նավիխանի մոտ, հեռվից ոչխարի հոտ է տեսնում: Ենթադրելով, որ իրենցը կլինի՝ ձայն է տալիս.

-Բագո՜, Բագո՜, այդ դո՞ւ ես, հաց եմ բերել,- պարզվում է, դրանք Բաշքենդի (այժմ Գեղարքունիք) քուրդ հովիվներ էին: Մտածելով, որ այդ տղան Հովհաննեսի եղբայրը կլինի` ձայն են տալիս.

–Արի՜, արի՜, ես եմ, հացը բեր:

Մամիկոնն առանց կասկածի գնում է այնտեղ: Քրդերը, հարց ու փորձ անելով, իմանում են, որ նա Հովհաննեսի հորեղբոր տղան է: Տղայի գլուխը դնում են մի մեծ քարի վրա, ապա քարով ծեծելով սպանում են և դիակը տեղում թողնելով, հեռանում: Անցնում է երկու օր, Մամիկոնը տուն չի վերադառնում: Սկզբում ծնողները հանգիստ էին, ենթադրում էին, թե մնացել է գոմերում: Հետո սկսում են անհանգստանալ: Ազգ ու բարեկամ խառնվում են իրար, սկսում են փնտրել: Հասնելով Բաշքենդի հողերի սահմանը՝ գտնում են Մամիկոնի դիակը: Այդ մասին հայտնում են շրջանի ոստիկանությանը: Ոստիկանները քրդերից մեկին ձերբակալում են, իսկ մյուսը թաքնվում է: Նրան գտնելու համար Բաշքենդ են գնում Գրիգորն ու Մակարը: Ստուգում են շատ տներ ու գոմեր, սակայն քրդին չեն գտնում: Վերջին մարգն են ստուգում, դարձյալ չեն գտնում: Հուսահատված ուզում են դուրս գալ: Հանկարծ Գրիգորը նկատում է, որ շուռ տված կողովը շարժվում է, վրա է հասնում և դաշույնի հարվածով պատռում է քրդի փորը, և նա տեղն ու տեղը մահանում է:

Մեր գյուղն ունի շատ հին պատմություններ, և ցավոք՝ լի է եղել դաժանություններով…