Shushan nersisyan

Կարոտախտ

Հիվանդություններից ամենածանրն ու անբուժելին կարոտախտն է: Սա ձգձգվող, ճնշող, խեղճացնող հիվանդություն է: Սրա համար բուժման դեղամիջոցներ չկան, սրա վերջը կանխատեսելի չէ:

Ու մի օր անսպասելիորեն որոշում ես ինքնաբուժությամբ զբաղվել: Մի օր որոշում ես ինքդ քեզ թույնի նման ներարկել նրա չվերադառնալու գիտակցումը: Ու հենց կարողացար դա անել, հենց ուժերդ հերիքեցին՝ նրա չվերադառնալու գիտակցումը նստեցնելու ուղեղիդ մեջ, սկսվում է ուրիշ գործընթաց՝ ինքնադատարկման սպանիչ գործընթացը, դանդաղ հատնելու գործընթացը, ինքդ քեզ դատարկելու, ինքդ քեզ սպառելու, ինքնասպառվելու գործընթացը, հարազատիդ միջիցդ աստիճանաբար պոկելու, հանելու, գիտակցությունիցդ վերացնելու սարսափելի գործընթացը: Սկզբում մտածում ես, որ դա այդքան էլ դժվար չէ, ծայրահեղ դեպքում դժվարը սկիզբն է, բայց հետո, հետոն ավելի ծանր է:

Սկզբում միջիցդ հանում ես հիշողություններն ու հուշերը, հետո ձայնն ես հանում, տոնայնությունը, շնչառությունը, հոտն ես ջնջում միջիցդ: Հետո մաքրում ես նրան աչքերիցդ, որ ոչ բաց, ոչ փակ վիճակում պատկերներ չհայտնվեն, տեսիլքներ չերևան: Հիշողությունիցդ մաքրում ես ժպիտը, աչքերի խաղը, ամեն ինչ հանում ես: Հեռախոսիցդ, այնուհետև նաև ուղեղիցդ ջնջում ես հեռախոսահամարը, տան հասցեն, բնակարանի թիվը: Հետո աստիճանաբար սկսում ես համակրել նրա համար անընդունելի երևույթներ: Օծանելիքները, որոնց բույրը քեզ նրան է հիշեցնում, սկսում ես արհամարհել: Թատրոններ սկսում ես ոչ միայն մենակ, այլև երբեմն նույնիսկ չայցելել: Սկսում ես չլսել նրա սիրած երգերը, չխոսել նրա սիրած թեմաներից, դե, աստիճանաբար դատարկվում ես այնպես, ինչպես դատարկվում են հարազատներից՝ շատ սովորական, հասարակ ձևով: Սրճարաններում փոխում ես պատվերներդ, եթե նրա հետ միշտ թեյել ես, հիմա սկսում ես սուրճ խմել (մի բան, որ առաջ երբեք չես արել): Տեղերով, որով անցել եք, սկսում ես էլ չքայլել, ճանապարհներ ես շրջանցում, երթուղայիններ ես փոխում: Շենքերը, շքամուտքերն ու տանիքները սկսում են էլ չհետաքրքրել: Քեզ սկսում են ձանձրացնել ճամփորդող մարդկանց երազանքները, ապագայում մեծ տներ կառուցող մարդկանց նպատակներն են ծիծաղելի թվում: Առավոտյան ուշ ես արթնանում, երեկոյան շուտ քնում: Չես շպարվում, վանդակավոր վերնաշապիկներ սկսում ես էլ չհագնել: Ավելին՝ զգացմունքներդ են փոխվում, սկսում ես ատել՝ այդպիսով սպառելով ինքդ քեզ… Դատարկվում ես մինչև վերջին բջիջդ, հատնում ես, ու հենց էլ սպառվելու տեղ չես ունենում, զգում ես, որ անիմաստ էր, որ սա հերթական սխալ բուժումն էր, ներարկումը չօգնեց: Որովհետև հասկանում ես, որ սխալ բուժումների նման ոչ միայն արդյունք չի տալիս, այլև հակառակ արդյունք է տալիս: Նա ոչ միայն չի դատարկվում, այլև շատանում է, տարածվում օրգանիզմումդ, երակներովդ հոսում է, սնուցում ուղեղդ, լցվում է ոսկորներիդ մեջ: Ամենուր նա է, նրան զգում ես մատներիդ ծայրերին, չորացած ու ճաքած շրթունքներիդ վրա, նրա արտացոլանքով փշաքաղվում ես, նրա ձայնով մտածում, նա շատանում է, տարածվում, քայքայում է…

Կարոտախտ կոչվող հիվանդության օջախը սիրտն է, իսկ սրտին ձեռք տալ չի կարելի: Սրտից դատարկել անհնար է, սիրտը չի ենթարկվում, դրա համար էլ այդ հիվանդության համար դեղամիջոցներ, բուժումներ չկան: Ու դու ապրում ես՝ այդ հիվանդությունը միշտ կրելով ներսումդ: Այս հիվանդությունը քայքայում է ներսից, մաշում է ու չի հանգստանում: Ներսդ դժոխքի է վերածվում, իսկ արտաքնապես ոչ մի փոփոխություն չի անում, երբեմն՝ շատ հազվադեպ ի հայտ է գալիս այդ հիվանդությամբ տառապելու միակ նշանը՝ խոնավացած աչքերը… Ի վերջո հասկանում ես, որ դու միայնակ չես կարող պայքարել այդ հիվանդության դեմ, դու ուղղակի անզոր ես, որովհետև դու նույնիսկ չկարողացար նրան սպանել, որովհետև հիշողություններն ու հուշերն, իրար հերթ չտալով, նորից են հայտնվում։ Ձայնն ես լսում, շնչառությունը զգում, ժպիտը, աչքերի խաղը, ամեն ինչ հետ է գալիս: Հեռախոսահամարն ես հավաքում, որ զանգես, նրան հիշեցնող օծանելիքներն ես փնտրում, սրճարաններում նորից սկսում ես թեյ պատվիրել (նախկինից ավելի շատ), քայլում ես հին տեղերով, ձեր սիրած ճանապարհներով, շպարվում ես, որովհետև նա այդպես էր սիրում, վանդակավոր վերնաշապիկներ ես հագնում, դե հասկանո՞ւմ ես՝ նա նորից շատանում է, տարածվում, ու դու նախկինից ավելի շատ ես սիրում նրան:

Իր տեսակով՝ կարոտախտը եզակի, չկրկնվող հիվանդություն է: Նրանով աշխարհում տառապում են հազարավորները: Այդ հազարավորները գիտակցում են, որ չեն բուժվելու, որովհետև հրաժեշտներն ու բաժանումները անվերադարձ են լինում, որովհետև նրանք, ովքեր գնում են, էլ երբեք չեն գալիս: Որովհետև եթե մի բանի անունը բաժանում է, ապա դրա կողքին չի կարող հավասարապես տեղավորվել վերադարձը: Բաժանումն ու վերադարձը հեռացել են իրարից ու էլ երբեք չեն հանդիպելու: Ու ահա բաժանումների լինելիության և վերադարձների չգոյության պայմաններում էլ ծնվում է աշխարհի ամենասիրուն ու սպանիչ հիվանդությունը՝ կարոտախտը, որ քայքայի, մասնատի ու հետո հավաքելը այլևս դարձնի անհնար։