arxiv

Կարոտախտ

Այն ժամանակ մեր տանը շատ անհանգիստ էր: Մեր տանը միշտ է շատ անհանգիստ, աղմկոտ: Բայց այն ժամանակ դրան զուգահեռ ինչ-որ նյարդայնություն էր զգացվում: Եղբայրս շատ բարդ երեխա էր, մայրս էլ` երևի մի քիչ անփորձ մայր, արդյունքը լինում էր այն, որ մեր տանից մշտապես նրանց ձայներն էին լսվում: Ու դժվար էր մի անկյուն գտնել՝ նրանց սննդային, հագուստային և դաստիարակչական հարցերի բարձրաձայն քննարկումը չլսելու համար: Աղմուկ-աղաղակը ավելի էր ուժգնանում, երբ ես ու եղբայրս էինք կռվում: Ասենք, այն բանի համար, թե ում ձեռքում պետք է հայտնվի հեռակառավարման վահանակը, կամ ասենք՝ ով պետք է առաջինը մտնի լողասենյակ՝ ատամները լվանալու: Երբեմն այդ վեճերն ընդհանրապես առանց պատճառ էին: Մայրս սովորաբար ոչինչ չէր կարողանում անել: Փորձում էր միջամտել, ներխուժում էր մեր վեճի մեջ, գոռգոռում, գանգատվում իր դառը ճակատագրից, վերջում էլ ուժասպառ եղած, պարտված մի կողմ էր քաշվում: Մենք էլ շարունակում էինք, մինչև որ ինքներս էլ ուժասպառ էինք լինում ու գնում քնելու:

Բայց լավ օրեր էլ էին լինում, երբ ես և եղբայրս մեր հնարած խաղերն էինք խաղում, ասենք, կապում էինք մեր հագի զուգագուլպաների թաթերն իրար ու փորձում էինք այդպես քայլել: Մեկ-երկու քայլ, և շրխկում էինք գետնին:

Մի հետաքրքիր ու այսօր ինձ մի փոքր դաժան թվացող խաղ էլ ունեինք: Մեզանից մեկը պառկում էր գորգի մի ծայրին, որի վրա նախապես մի քիչ աղ էինք ցանում, իսկ մյուսը սկսում էր փաթաթել նրան` հասցնելով գորգի մյուս ծայրին: Հիմա չեմ կարողանում հիշել, թե ինչ իմաստ էինք մենք դրա մեջ տեսնում, բայց հիշում եմ, որ աղ ցանելը կարևոր նախապայման էր: Երբ փաթաթվողը հասցնում էր պատկերացնել իրեն տոլմայի կարգավիճակում, փորձում էր ազատվել իր ծանր կապանքներից, իսկ եթե չէր կարողանում, օգնության էր կանչում մյուսին: Հետո դերերով փոխվում էինք:

Մի դեպք էլ եմ շատ լավ հիշում: Մայրս տանը չէր: Ծաղկամանում երկու հատ բամբուկ կար դրված, որոնց վրա ես ու եղբայրս արդեն երկար ժամանակ աչք ունեինք: Չգիտես ինչու՝ հենց այդ օրը վերցրեցինք և հատիկ-հատիկ փռթեցինք դրանք: Այնքան փաթիլ դուրս եկավ այդ երկու խեղճ բամբուկներից, որ մեր ամբողջ հյուրասենյակը գետնից մինչև առաստաղ ծածկվել էր փոշով: Անգամ ես և եղբայրս մի սենյակի մեջ իրար չէինք տեսնում: Բայց մենք մեզ շատ լավ էինք զգում: Իսկական հեքիաթ էր դարձել մեզ համար այդ օրը: Ամեն ինչ վերջացավ, երբ տուն վերադարձավ մայրիկը և սկսեց բարկացած հավաքել մեր ստեղծած «աղբը»: Բայց մենք չէինք փոշմանել, չէ՞ որ մեզ համար բացահայտել էինք բամբուկային այս հրաշք աշխարհը: Ես մինչև այսօր էլ հույս ունեմ այդ օրը կրկնելու: Թեև գիտեմ, որ նույն զգացողությունները հաստատ չեմ ունենա: Վախենում եմ, որ այլևս երբեք ժամանակ չգտնեմ՝ նման մի խենթություն անելու համար: Կամ էլ, ավելի շուտ, համարձակություն:

Ավելի կենդանի էր այն ժամանակ մեր տունը…

Էսթեր Բաբաջանյան, 15տ., 1999թ.