aneta baghdasaryan

«Կարտոշկի» փողոցով Կույրերի մշակույթի տուն

Այսօր սովորական կիրակի է, և ես սովորականի պես քայլում եմ Կարտոշկի փողոցով դեպի հացի խանութ: Հա, ապրում եմ Մամիկոնյանց փողոցի վրա, որը բոլորս սովոր ենք անվանել Կարտոշկի փողոց` այնտեղ վաճառվող կարտոֆիլի պատճառով: Եվ չնայած փողոցը փոքր է, և երթևեկություն էլ համարյա չկա, այնուամենայնիվ այստեղի մայթերի վրա կարելի է հանդիպել կարմիր կոճակի, որից, բացի մեր փողոցից, տեսել եմ միայն Հյուսիսային պողոտայում և Ավստրիայում (դե, այն կոճակը, որին սեղմելուց հետո լուսակրի կարմիրը վառվում է, և կարողանում ես անվտանգ փողոցն անցնել): Սակայն և՛ առաջին, և՛ երկրորդ դեպքերում դրանք նախատեսված էին սովորական հետիոտների համար:

Հիմա կհարցնեք, թե ինչով է մեր փողոցի կարմիր կոճակը տարբերվում մնացածից: Բանն այն է, որ մերն ի սկզբանե նախատեսված է եղել կույրերի` փողոց անցնելը հեշտացնելու համար: Իսկ կույր հետիոտներին առանձնացնում եմ, որովհետև նրանք բոլորիս պես չեն, ուրիշ են, քանի որ չեն կարող տեսնել փողոցում քայլողների հայացքներն ու արձագանքները: Ուղղակի չեն կարող: Եվ ինչքան էլ այս ամենը տրանսպորտի, աղբահանման, ճանապարհների և այլ երևացող խնդիրների շարքից չէ, ես միևնույնն է, կհիշեցնեմ դրա մասին և կբարձրաձայնեմ այն:

Չկա մի օր, որ այս փողոցով չանցնեմ, և ինչ ինձ հիշում եմ, այստեղ միշտ հանդիպել և դեռ հանդիպում եմ կույրերի, որոնք գնում են էլի մեր փողոցի վրա գտնվող կոմբինատ՝ աշխատելու, և գնալով ավելի ու ավելի քչերին եմ տեսնում փողոցով քայլելիս: Սակայն համարյա ամեն անգամ տեսնում եմ մի երիտասարդի՝ Սիփանին, որը չնայած որոշ խոչընդոտներին, միշտ այն առաջիններից է, ով բարձրացնում է հաշմանդամություն ունեցողների հարցը և պայքարում նրանց կենսական պայմանների բարելավման համար: Ես շատ անգամներ տեսել եմ նրան միտինգներին, լսել իր հարցազրույցները, ներկա եմ եղել իր կողմից վարվող սեմինարին: Եվ ես իսկապես ափսոսում եմ, որ իր պես բազմաթիվ երիտասարդներ այսօր չունեն հնարավորություններ առաջ գնալու և լինելու բոլորիս պես` հավասար:

Ու միշտ զարմացել եմ, թե ինչու պիտի կույր մարդն օգտագործի հին և անհարմար ձեռնափայտ, քանի որ նորը բավականին թանկ է: Ինչու պիտի ամբողջ Երևանում լինի այսպիսի երեխաների համար նախատեսված միայն մեկ դպրոց, ինչքանով ես եմ տեղյակ, որտեղ բրայլյան դասագրքերի քանակը բոլորին չի հերիքում, և նրանք ստիպված իրենց հույսը ինչ-որ բարեգործական հիմնադրամների ու բարերարների վրա են դնում: Ես հասկանում եմ, որ ինչքան էլ ցանկանանք, հաշմանդամություն ունեցողների ինտեգրացիան այդքան էլ արագ և հեշտ չի լինի: Սակայն հույս ունեմ, որ գոնե այսպիսի թվացյալ փոքր խնդիրների լուծման դեպքում մենք վերջ ի վերջո կհասնենք նրան, որ այլևս զարմացած հայացքներ չենք նետի փողոցով քայլող կույրի վրա:

Այսօր ընտրություններ են, և մեր տեղամասը գտնվում է Կույրերի մշակույթի շենքում:  Ինչպես ցանկացած չափահաս տարիքի հասած երևանցի, այսօր ես պետք է ընտրեմ. ընտրեմ մեկին, ով իմ կարծիքով կլուծի քաղաքի ոչ միայն երևացող, այլև չերևացող խնդիրները, որ ես միայն մեր փողոցում չտեսնեմ կարմիր կոճակ, որ հաջորդ անգամ Սիփանին տեսնեմ նոր ձեռնափայտով և հասկանամ, որ Երևանում իսկապես ինչ-որ բան փոխվել է: