iveta avagyan

Կվերանորոգվի բոլորիս ուժերով

Երևի լսել եք varks.am-ի մասին, որը «Բարի գործեր» նախագծի միջոցով ծրագրեր է ֆինանսավորում։ Մի օր որոշեցինք դիմել։ Քանի որ մեր` Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցը ընդհանուր վերանորոգման կարիք ունի, չէինք կարողանում կողմնորոշվել, թե կոնկրետ ինչի մասին կարելի է ծրագիր կազմել։ Վերջապես որոշեցինք․ դահլիճի վերանորոգում։

Ծրագիր ներկայացնելու փուլին ընդամենը 3 օր էր մնացել, շտապել էր պետք։ Դիմեցինք դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչին՝ Ավագ Մխիթարյանին, որը սիրով իր վրա վերցրեց պատասխանատվությունը։

Նախավերջին օրն էր։ Առավոտյան 11։30 սկսեցինք ու ժամը 18։00-ին, երբ բոլորն արդեն տներում՝ տաք վառարանների մոտ հանգստանում էին, ավարտեցինք։

Եվս մի քանի ծանր օրեր անցան, երբ սպասում էինք պատասխանին՝ արդյոք ծրագիրն ընտրվել է քվեարկության փուլին մասնակցելու։

Առաջին փուլը հաղթահարված էր… Անչափ ուրախ էինք, բայց դա դեռ քիչ էր։ Մեր բախտն այնքանով էր բերել, որ մեր ծրագրի քվեարկությունը 28 օր էր տևելու, այնինչ մյուսներինը՝ 30-31 օր։ Սակայն դա էլ մեզ բավականին երկար թվաց։ Պետք էր օր ու գիշեր քվեարկել, որպեսզի կարողանանք արդյունքի հասնել։

Մեր մրցակից ծրագրերը Հայաստանում բնակչությամբ երրորդ քաղաք Վանաձորից ու Ալավերդուց էին։ Սա բավականին մեծ փորձություն էր մոտ 1650 մարդ բնակչություն ունեցող մի փոքրիկ գյուղի համար։ Ցավոք, դա միակ խոչնդոտը չէր։ Շատերը, ում օգնությունն ակնկալում էինք ստանալ, հրաժարվեցին օգնել։ Նրանց մեջ կային և մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ գյուղն էին ներկայացնում։ Մարդիկ, ովքեր խոսում էին հայրենասիրությունից, բայց հարկ եղած պահին իրենց գյուղին չսատարեցին։ Դա էլ ինչ-որ տեղ հիասթափեցնող էր, բայց պատասխանատվությունը շատ մեծ էր, և մենք չնահանջեցինք։

Երբեմն չհաճախելով դասերի ու պարապմունքների, երբեմն մի կողմ դնելով նույնիսկ հիվանդ լինելու փաստը՝ մենք՝ աշակերտներս, շրջում էինք համայնքի գյուղերով ու քաղաքներով, այցելում զորամասեր ու գործարաններ, զանգահարում հեռու-մոտիկ ծանոթների ու բարեկամների՝ այդպիսով փորձելով պահպանել գոնե երրորդ հորիզոնականը։

Վերջին 24 ժամերը կարծես չէին անցնում։ Այդ օրը նույնիսկ համացանցն էր մեր դեմ դուրս եկել։

Վերջապես, մեզ րոպեներ էին բաժանում հաղթանակից։ Սկսեցինք հետհաշվարկը։ Ու հաղթեցի՜նք… Այո, հենց առաջին հորիզոնականով։ Նույնիսկ դժվար է պատկերացնել, բայց մենք կարողացանք։ Հաջորդեցին բացականչություններն ու ուրախության արցունքները։

Սա մեծ հաղթանակ էր։ Կառուցվելուց 30 տարի հետո առաջին անգամ, թեկուզ ոչ ամբողջությամբ, դպրոցս կվերանորոգվի։