hovik vanyan dsex

Համամարդկային լեզուն

Երեկ ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել Ավրորա 2017թ. մրցանակաբաշխության հավակնորդների հետ: Այնպիսի մարդասեր մարդկանց, ինչպիսիք են՝ Թոմ Քաթինան, Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը, Ջամիլա Աֆղանին, Մուհամեդ Դարվիշը և Դենիս Մուկվեգեն:

Անգլերեն լավ չէի հասկանում, բայց նրանց ասած ամեն մի բառից ամբողջ մարմինս փշաքաղվում էր: Դա երևի նրանից էր, որ թեև բառերը չէի հասկանում, բայց հասկանում էի ընդհանուր մարդկային լեզուն:

Ավրորա 2017թ. մրցանակաբաշխության հավակնորդներից մեկն էր խոսում` Թոմ Քաթինան, ում պատմությունը լսելով` հասկացա, թե որքան անմարդկային արարքներ կան աշխարհիս երեսին: Թոմը բժիշկ է, ով պատերազմի մեջ գտնվող Նուբա լեռներում միակ վիրաբույժն է և տարեկան իրականացնում է ավելի քան 1000 վիրահատություն: Հինգ հավակնորդների միջից ամենաշատը նրա պատմությունն ինձ գրավեց, որը մարդասիրության հիանալի օրինակ է: Մյուս չորս հավակնորդների պատմությունները նույնպես շատ տխուր էին: Ամենից շատ ինձ դուր եկավ նրանց սերը միմյանց հանդեպ: Չնայած նրան, որ նրանք տարբեր կրոններ են դավանում, նշեցին Ղուրանի ու Աստվածաշնչի կապը` Մարիամ Աստվածածնի մասին:

Նրանց պատմությունները լսելով, չէիր կարող իրենց հետ միասին ցավ չզգալ: Այնպիսի անմարդկային արարքներ էին պատմում` սկսած կանանց սեռական բռնության ենթարկելուց, մինչև մարդկանց մորթազերծ անելը: Բայց նրանք կարողացել են իրենց մեջ ուժ գտնել ու պայքարել հանուն խաղաղության: Եվ հենց դա էլ ինձ ստիպեց հասկանալ նրանցից յուրաքանչյուրի մարդասիրական անգնահատելի գործը: