Սարդարապատ

Այսօր Սարդարապատի հերոսամարտի օրն է, և իմ զրուցակիցն է պատմաբան Սարինե Մարտիրոսյանը, ով նախկինում աշխատել է Սադարապատի հերոսամարտի հուշահամալիրում գտնվող Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանում որպես ավագ գիտաշխատող: 

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

-Ինչպե՞ս և ե՞րբ սկսեց հերոսամարտը

-Հերոսամարտը տեղի է ունեցել 1918թ-ի մայիսի 22-ից մինչև 28-ը: 1918թ մայիսի 21-ին, երբ թուրքական զորքերը գրավեցին Սարդարապատ գյուղն ու կայարանը, հայկական ուժերը անցան հակահարձակման հաջորդ օրը` 22-ին , կայարանը հետ գրավեցին 23-ին: Ոնց որ Ավարայրի ճակատամարտում, այնպես էլ Սարդարապատում դրված էր հայերի լինել թե չլինելու հարցը. եթե պարտվեինք, այդ գարունը կլիներ հայերի համար վերջինը: Բայց այն դարձավ համաժողովրդական պատերազմ: Բոլոր կուսակցությունները, բոլոր խավերը մի կողմ դրեցին տարաձայնությունները, դարձան մի բռունցք և կարողացան հակահարված տալ և Սարդարապատում, և Ղարաքիլիսայում, և Բաշ Ապարանում: Ճիշտ է, Ղարաքիլիսայում պարտություն կրեցինք, բայց այդ պարտությունից հետո թուրք Վեհիբ փաշան խոստովանեց, որ հայերը այդ կռվում ապացուցեցին, որ կարող են համարվել աշխարհի լավագույն զինվորները:

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

-Ի՞նչ իրավիճակ էր տիրում այդ օրերին Հայաստանում

-Այդ ժամանակ ծանր պայմաններում էր Հայաստանը: Առաջին աշխարհամարտից հետո մնացել էր մենակ, ու հենց այս պատերազմը մենք հաղթեցինք մեն-մենակ: Ստեղծվել էր Անդրկովկասյան սեյմ, որի մեջ մտնում էին և Հայաստանը, և Վրաստանը, և Ադրբեջանը: Ու երբ 1918թ մայիսի 26-ին Անդրկովկասի սեյմը լուծարվեց, մայիսի 28-ին անկախ հռչակվեց Հայաստանը: Փաստորեն հերոսամարտը բերեց հանգեցրեց անկախության:

Թուրքերը նաև ուզում էին Արաքսի երկու կամուրջներով՝ Կարակալայի ու Մարգարայի, մտնեին Հայաստան, ու շրջափակման մեջ կընկներ Հայաստանը: Սակայն մենք կարողացանք պայթեցնել այդ կամուրջները և թույլ չտալ թուրքերին, որ հասնեն իրենց ուզածին:

Այդ ժամանակ նաև մեր կողքին էր 5000-անոց քրդական ջոկատը` եզդիների ջոկատը, Ջհանգիր Աղայի գլխավորությամբ:

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

-Ե՞րբ կառուցվեց Սարդարապատի հուշահամալիրը

-Հուշահամալիրը կառուցվեց 1968 թվականին՝ Սարդարապատի հերոսամարտի 50 ամյա տարելիցին նվիրված: Ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը: Այդ ժամանակ Հոկտեմբերյանի շրջկոմի քարտուղարն էր Վլադիմիր Դարբինյանը, ով անձամբ ղեկավարեց շինարարությունը և շատ աջակցեց, որ կառույցը իրականություն դառնա:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում կառույցը

-Համալիրը մեր հերոսամարտի և ընդհանրապես ամբողջ հայ ժողովրդի հերոսության խորհրդանիշն է: Սկզբնական շրջանում, որքանով ինձ հայտնի է, ճարտարապետը ցանկացել է զանգերի փոխարեն սուր տեղադրել, բայց քանի որ այն ժամանակ Խորհրդային Միության կազմում էինք, արգելեցին սուրը, և ընտրվեցին զանգերը: Զանգերը խորհրդանշում են այն իրավիճակը, երբ ամենածանր պահին բոլոր եկեղեցիների զանգերը հնչել են և ի զեն կանչել ժողովրդին: Այնտեղ կան նաև ցուլերի, արծիվների քանդակներ, որոնք նույնպես հզորություն են խորհրդանշում: Պատին ներկայացված են հայոց պատմության մի շարք դրվագներ, և ամենակարևորը թանգարանն է, որը առաջին ազգագրության թանգարանն էր Հայաստանում:

Թանգարանը ինքնին շատ հետաքրքիր կառույց է, որը նման է հայկական բերդի: Թանգարանի շենքը պատուհան չունի, այն լուսավորվում է երդիկներից: Թանգարանում կա երկու ցուցասրահ. մեկը նվիրված է հենց մայիսյան հերոսամարտերին, իսկ մյուսը՝ ազգագրությանը: Հերոսամարտերին նվիրված սրահի վերևում հենց հազարաշեն երդիկի օրինակ է, կարծես մեկը մյուսի մեջ հյուսված լինեն: Իսրայելյանը երկու պատուհան է թողել, որոնցից մեկը նայում է Արագածին, իսկ մյուսը՝ Արարատին:

Թանգարանի առաջին տնօրենը եղել է Աշոտ Բարսեղյանը: Հյուրերը այնքան շատ էին լինում, որ անգամ հերթեր էին գոյանում:

-Ի՞նչ եք կարծում, այցելուների թիվը նվազել է

-Այն ժամանակ ավելի շատ էր, հիմա էլ են գնում, երբ Հայաստան զբոսաշրջիկ է գալիս, անպայման Սարդարապատ պետք է այցելի: Կարծես Սարդարապատը մեր այցեքարտը լինի, ինքնուրույն հաղթանակի խորհրդանիշ:

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

-Ձեզ որպես հայոց պատմության ուսուցչուհի բավարարո՞ւմ է գրքերում գրվածը հերոսամարտի մասին

-Կարելի էր ավելի շատ գրել, բայց հիմա կան հոսքային դասարաններ` բնագետներ, պատմաբաններ և այլն, պատմաբանների համար կարելի է ասել, որ նյութ կա հետաքրքիր: Հաշվի առնելով աշակերտների հետաքրքրասիրության աստիճանը, երևի բավարար է, իսկ ով ցանկանում է ավելին իմանալ, կկարդա և կօգտվի այլ գրականությունից:

-Ըստ ձեզ, ի՞նչ է պետք անել, ուրպեսզի աշակերտները էլ ավելի իմանան ու կարևորեն Սարդարապատի հերոսամարտը

-Ի՞նչ է պետք: Ընդամենը հայրենասիրական ոգի: Պետք է մարդը հայրենասեր լինի, որպեսզի ձգտի ավելին իմանալ իր պատմության մասին ու ոգևորվի այդ պատմությամբ, մանավանդ Սարդարապատի հերոսներով: Այնտեղ մասնակցել են այն ժամանակ շատ երիտասարդ, հետո արդեն մարշալ Բաղրամյանը, Ակսել Բակունցը, գրականագետ Ղափանցյանը, Ղուկաս Ղուկասյանը:

-Իսկ հիմա ավագ դպրոցականները որքանո՞վ են հետաքրքրված Հայոց պատմությամբ:

-Ցավոք սրտի, այդ հոսքային բաժանումը , որ կատարվում է, յուրաքանչյուրը կենտրոնանում է իր մասնագիտական առարկաների վրա, ու ավելի քիչ է ուշադրություն դարձնում մյուս առարկաներին, այդ թվում նաև պատմությանը, եթե իհարկե, բնագիտական հոսք չէ:

Բայց անկախ ամեն ինչից, կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպքի Սարդարապատի թանգարան, և կապ չունի արդեն՝ որ հոսքի դասարան է, բոլորն էլ այցելում են թանգարան, տեսնում են, իմանում են, և ինձ թվում է, որ անպայման իր ազդեցությունն ունենում է:

Այս նոր սերունդը հայրենասեր է: Ինչքան էլ զայրանան, ինչքան էլ մտածեն՝ վատ երկրում ենք ապրում և այլն, միևնույնն է, հայրենիքը վատը լինել չի կարող: Կարող է կառավարությունը, իշխանությունը վատ լինել, բայց ոչ հայրենիքը: Ամենաշատ դժգոհող երիտասարդները անգամ չեն կարող պատկերացնել, որ հաջորդ պահին կարող են հերոս դառնալ, որովհետև պահն է թելադրում, թե իրենք ոնց իրենց կդրսևորեն: Յուրաքանչյուրիս գենի մեջ նստած է հայի ռազմական ոգին` հայրենիքը պաշտպանելու, ոչ թե ուրիշի տարածքը գրավելու, ու այդ գենը արթնանում է այդ պահին: Ինչքան էլ չսովորի իր պատմությունը, միևնույն է, զենք է վերցնելու իր հայրենքը պաշտպանելու է: