Sona Tumanyan

Մետրոյում

Մարդիկ, դեմքեր, պատմություններ և նորանոր իրադարձություններ: Դրանք իրար հաջորդում են ամեն օր, չէ որ դրանք մեր առօրյան են: Ճիշտ է, հաջորդում են, բայց միասին են հանդիպում մետրոյում: Հաճելի միջավայր, գեղեցիկ հերթափոխ` լույսից դեպի մթություն:

Հա, նայում էի բոլորին անխտիր, հետաքրքրությունից դրդված` ուշադիր զննում նրանց:

Պատմեմ մի քանիսի մասին, ահա սկսեցինք: Ուրեմն կար մի կին, ով ծամոնն էր ծամում, արագ-արագ, ասես կոնֆետ էր, և ուր որ է՝ վերջանալու էր:

Մի տղամարդ անհամբեր սպասում էր կանգառին ու նայում չորս կողմը, դե, շտապում էր:

Թեև տաք է արդեն, բայց մի աղջիկ դողում էր ցրտից, ձեռքերն անընդհատ իրար էր քսում, որ տաքանար:

Տհաճ է, չէ՞, երբ շրջապատում ինչ-որ մեկին զանգահարում են, և նա չի պատասխանում զանգերին, իսկ հեռախոսն անընդհատ զնգում է: Գոնե անձայն ռեժիմի տակ դներ:

Մեկը զանգերը չի ընդունում, իսկ մյուսը նայում է բոլորի կոշիկներին անխտիր: Միայն մի բան չհասկացա. Հաշվո՞ւմ էր, թե համեմատում՝ որինն է ավելի գեղեցիկ: Էհ, լավ, ինչ արած, անցանք առաջ:

Հա, մի պապիկ էլ կար, հենց կողքիս էր նստել և ում նայում էի անվերջ:

Երևի կհարցնեք, թե ինչու: Նա հոգնած ու դժգոհ դեմքով անշարժ նստած էր: Ձեռքը վնասված էր, փաթաթված վիրակապով: Նա անվերջ քաշում ու հանում էր վիրակապի թելերը:

Մի տղա էլ կար, երևի մոտ ութից տասը տարեկան, ով անձեռոցիկներ էր վաճառում վագոնի սրահում: Հավանաբար տանը այդ գումարին են սպասում…

Շուրջբոլորը նոր պատմություններ են, դեմքեր, խոսակցություններ…

Երբ դու մտնում ես վագոն, հայտնվում ես բոլորի ուշադրության կենտրոնում: Ուղևորները մի պահ քեզ են նայում, դու անկախ քեզանից ժպտում ես ու դրական լիցքեր հաղորդում մյուսներին:

Հոգսեր միշտ էլ կան, դրանց մասին կմտածեք, երբ մենակ մնաք:

Ուրախ եղեք, ու կարելի է սկսել հենց մետրոյում: